Այսօրվանից իր աշխատանքներն է սկսել Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը եւս տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես էին ռուս խաղաղապահներն ավտոշարասյունով ուղևորվում Աղդամ, որտեղ էլ տեղակայված է լինելու համատեղ կենտրոնը:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ կենտրոնը տեղակայվելու է Աղդամում, նախնական փուլում այնտեղ աշխատելու է 60 ռուս, 60 թուրք զինծառայող։ Ըստ հաղորդումների, մոնիտորինգը իրականացվելու է տեխնիկական միջոցների, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի միջոցով։
Սակայն հետաքրքիր է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում, որը ստորագրված էր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից, կար այսպիսի դրույթ. «Հակամարտության Կողմերի կողմից համաձայնագրերի կատարման վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով հրադադարի ռեժիմը վերահսկելու համար ստեղծվում է խաղաղապահ կենտրոն»: Եվ ահա այս հայտարարությունից երկու օր անց՝ նոյեմբերի 11-ին, պարզ դարձավ, որ Թուրքիան եւս անմասն չի մնալու ղարաբաղյան հակամարտության հարցից: Եվ Թուրքիան ու Ռուսաստանն այդ օրը ստորագրեցին Ղարաբաղում հրադադարի վերահսկման և մոնիթորինգի ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու փոխըմբռնման հուշագիր: Այսինքն, Թուրքիան պաշտոնապես մտնում է Ղարաբաղյան հակամարտության գոտի, ինչի մասին հիշատակում եռակողմ հայտարարության տեքստում առկա չէ:
Այսինքն, հրադադարի ռեժիմը վերահսկելու կենտրոնի մասին դրույթ առկա է, սակայն Թուրքիայի մասնակցության մասին այդ հայտարարությունում որեւէ խոսք չի եղել: Ավելի վաղ, խոսելով կենտրոնի մասին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պնդել էր՝ Մոսկվային հաջողվել է համոզել թուրքերին ու ադրբեջանցիներին՝ չառաջադրել պայմաններ կամ չստեղծել նախադրյալներ, որոնք կարող են հարվածի տակ դնել եռակողմ համաձայնությունն ու կողմերից որևէ մեկին դրդել ծայրահեղ քայլերի։
Ռուսաստանի նախագահը, միաժամանակ, խնդրահարույց չէր համարել, որ հակամարտության գոտում խաղաղության պահպանման պատասխանատվություն է ստանձնում մի երկիր, որը վերջին պատերազմում, դեմ գնալով միջազգային համայնքի հորդորներին, բացահայտ պաշտպանում էր խնդրի ռազմական լուծումն ու այդ հարցում անվերապահ աջակցություն հայտնում Ադրբեջանին:
Թե ինչպես է ստացվել իրագործել համատեղ կենտրոն ստեղծել Թուրքիայի մասնակցությամբ, եթե այդ մասին խոսք չի եղել, իշխանության ներկայացուցիչները չեն մանրամասնում: Նրանք խուսափում են մեկնաբանություն տալ, թե ինչպես ստացվեց, որ համատեղ կենտրոնում պետք է նաեւ թուրքեր լինեն:
Մանրամասները՝ տեսանյութում
Ն.Հ.