ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մաղթում եմ, որ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակի մնալ ժողովրդի մասնիկը և խնդիրների լուծման աջակիցը. Արմեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2011 թվականի փետրվարի 1-ին լույս տեսավ «Ժողովուրդ» օրաթերթի առաջին համարը: Այսպիսով, մենք 10 տարեկան ենք: Ու շնորհակալ ենք ինչպես մեր ընթերցողներին, որոնք հավատարիմ են մնացել եւ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ամեն օր գնում են կրպակ ու թերթ ձեռք բերում: Այս տոնական օրով մեր կողքին եւ իրենց շնորհավորական խոսքն են ուղղում նաեւ քաղաքական, հասարակական եւ մշակութային բազմաթիվ գործիչներ:

Մեր օրաթերթի 10-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Այն ներկայացնում ենք ստորև.

«ԺՈՂՈՎՈՒՐԴ» ՕՐԱԹԵՐԹԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 10-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

Շնորհավորում եմ «Ժողովուրդ» օրաթերթի աշխատակիցներին և ընթերցողներին պարբերականի հիմնադրման 10-րդ տարեդարձի առթիվ:

10 տարի «Ժողովուրդը» ստեղծում է ոչ միայն իր՝ որպես լրատվամիջոցի պատմությունը, այլև իր գործունեությամբ լրացնում է մեր երկրի տարեգրությունը:

Մամուլը ոչ թե իրադարձությունների պարզ արձանագրողն է, այլ շատ հաճախ՝ ուղեցույց և զգոնության գործոն հասարակության և պետության համար: Մամուլի համար երբեք էլ որևէ ժամանակահատված հեշտ չի եղել, և ի պատիվ «Ժողովուրդ» օրաթերթի, պետք է նշել, որ նա պատասխանատվությամբ է դիմագրավել մարտահրավերներին:

Այսօր մենք ապրում ենք բարդ և անկանխատեսելի ժամանակներ, ինչն առավելագույն ջանքեր է պահանջում պետությունից ու հասարակությունից, այդ թվում՝ նաև զանգվածային լրատվամիջոցներից: Մաղթում եմ, որ «Ժողովուրդը» շարունակի մնալ ժողովրդի մասնիկը և մասնակից ու աջակից լինել նրա խնդիրների լուծմանը»:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս