Երբ բաց կասեն՝ ինչ է կատարվել, այն ժամանակ էլ կլսենք. Քաջարանի քաղաքապետը՝ Ավինյանի հետ չհանդիպելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը երեկ գործուղվել էր Սյունիքի մարզ: Վերջինս անգամ խորհրդակցություն էր անցկացրել, սակայն Սյունիքի համայնքապետերից գրեթե բոլորը հրաժարվել էին հանդիպել մարզ մեկնած Տիգրան Ավինյանի հետ: Հանդիպումը պետք է տեղի ունենար Կապանում, սակայն համայնքների ղեկավարները բոյկոտել են հանդիպումը՝ ոչ ոք չի ներկայացել։ Ավինյանն այցելել է Շուռնուխ եւ Որոտան, որտեղ բնակիչների հետ զրույց է տեղի ունեցել։

ArmLur.am-ի հետ զրույցում Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը նշեց. «Պատերազմի ողջ ընթացքը, ելքը, հաջորդող իրադարձությունները, այս խայտառակ սահմանազատումները մեզ հիմք չեն տալիս վստահելու այս իշխանությանը, քննարկելու նրա հետ մեր տարածաշրջանին վերաբերող հարցեր, առավել ևս տսրածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ, լուծումներ։ Մենք չգիտենք իրականում ով ով է, որ երկրի գործակալն է, ինչ առաքելություն է իրականացնում, ինչ հետևանքներ դա կարող է ունենալ։ Գործող իշխանության որևէ ներկայացուցչի հետ չենք ակնկալում կառուցողական համագործակցություն։ Երբ նրանք բաց և թափանցիկ, ազնվորեն կհայտնեն, թե իրականում ինչ է կատարվել և ինչու, կատարված ազգային ողբերգության համար պատշաճ բացատրություն կտան ազգին, մենք էլ գուցե լսենք և փորձենք փրկության համատեղ ուղիներ գտնել։ Մինչ օրս նրանց գործունեությունը մեզ վստահություն չի ներշնչում։ Ես այս ամենն ասում եմ որպես համայնքի ղեկավար, գումարտակի հրամանատար։ Սյունիքի համայնքապետերի դիրքորոշումը միասնական է, քանի որ հենց Սյունիքն է այս աղետի հետևանքների անմիջական կրողը»։

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս