2011 թվականի փետրվարի 1-ին լույս տեսավ «Ժողովուրդ» օրաթերթի առաջին համարը: Այսպիսով, մենք 10 տարեկան ենք: Ու շնորհակալ ենք ինչպես մեր ընթերցողներին, որոնք հավատարիմ են մնացել եւ թվային տեխնոլոգիաների դարաշրջանում ամեն օր գնում են կրպակ ու թերթ ձեռք բերում: Այս տոնական օրով մեր կողքին եւ իրենց շնորհավորական խոսքն են ուղղում նաեւ քաղաքական, հասարակական եւ մշակութային բազմաթիվ գործիչներ:
Մեր օրաթերթի տասնամյակի առթիվ շնորհավորական խոսք է ուղղել նաեւ ընդդիմադիր ուժերի վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը: Ուղերձը ներկայացնում ենք ստորև.
««Ժողովուրդ» օրաթերթի հոբելյանական տարեդարձի առթիվ Հայաստանյան լրատվական բազմազանության մեջ արդեն տասը տարի իր ուրույն տեղն է զբաղեցնում «Ժողովուրդ» օրաթերթը, որն ամենօրյա ռեժիմով անդրադառնում է մեր կյանքի ամենատարբեր ոլորտներին, բարձրացնում հանրությանը հուզող քաղաքական, տնտեսական, սոցիալական և այլ հարցեր: Լրատվական գործունեությունը մասնագիտական առումով բարդ է, բարդ է հատկապես մեր երկրում, առավել ևս՝այս ժամանակահատվածում:
Կարևորելով Հայաստանի զարգացման գործում ազնիվ, անաչառ, պրոֆեսիոնալ լրատվամիջոցների դերը՝ցանկանում եմ, որ «Ժողովուրդը» շարունակի իր ընթացքն այդ ճանապարհով՝ավելի ու ավելի բարձրացնելով մասնագիտական գործունեության նշաձողը: Շնորհավորում եմ թերթի գործունեության 10-րդ տարեդարձը և մաղթում հաջողություններ և անխափան աշխատանք: Ուզում եմ, որ միշտ շարունակեք ճշմարիտը բացահայտել»:
Մանրամասները՝ տեսանյութում