ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴՐՍԵՎՈՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության անդամների անունները բազմիցս են կապվում կոռուպցիոն դրսեւորումների հետ: Օրինակ՝ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի եւ նրա ամուսնու բիզնես շահերի եւ կապերի մասին հրապարակումներ բազմիցս են եղել։ Մասնավորապես, հայտնի է, որ Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության եւ նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։  Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 19-ին հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ եւ մի քանի փաստ ներկայացրել Ավանեսյանի, նախկին նախարար Արսեն Թորոսյանի եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասին՝ փորձելով հասկանալ, թե արդյոք վարչապետն այս փաստերը համարում է կոռուպցիա եւ ինչպես է վերաբերվում դրանց: Ներկայացնելով Անահիտ Ավանեսյանի մասով առկա փաստերը՝ փորձել էինք հասկանալ.

«1. Արդյոք սա կոռուպցիայի դրսեւորում չէ՞, ի՞նչ երաշխիք կա, որ դառնալով նախարար՝ տիկին Ավանեսյանը չի շարունակի նույն՝ անձնական շահերի սպասարկման գործընթացը:

2.. Ինչպե՞ս եք վերաբերվում հովանավորչության կոնկրետ դրսեւորմանը»:

Նկատենք՝ նույնաբովանդակ մեղադրանքներ կային նաեւ նախկին նախարար Արսեն Թորոսյանի մասով. նշվում է, թե վերջինս իր տիկնոջ ենթակայությամբ գործող ՄԻԲՍ բժշկական կենտրոնին հատկացվող պետպատվերը 2019-ին 25 մլն դրամից դարձրել է 57 մլն դրամ:  Այդ պատճառով փորձել ենք ճշտել.

«1. Արդյոք Արսեն Թորոսյանի այս պահվածքը կոռուպցիայի կոնկրետ դրսեւորում չէ՞:

  1. Ինչպե՞ս եք գնահատում նրա այդ քայլը»:

Հարց էինք ուղղել նաեւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ առկա լուրերի մասին, թե նա նախարար նշանակվելու օրվանից իր ընկերներին ու հարազատներին պատասխանատու պաշտոնների է նշանակել, եւ հետաքրքրվել՝ արդյոք սրանք կոռուպցիայի կոնկրետ դրսեւորումներ չեն: Եվ, ահա, համադրելով փաստերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնական մեկնաբանություն ստանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ պարզելու, թե նա ինչպես է արձագանքում այս կոռուպցիոն դրսեւորումներին այն դեպքում, երբ անընդմեջ բարձրաձայնում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Եվ, ահա, մեր հարցումից օրեր անց վարչապետի աշխատակազմից ստանում ենք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը, եւ եթե որեւէ քաղաքացու կամ զանգվածային լրատվության միջոցի հայտնի են կոռուպցիոն դրսեւորումների մասին փաստեր, ապա հորդորում ենք դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին: Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությունն առանձնապես կարեւորում է նաեւ զանգվածային լրատվության միջոցների գործունեությունն ու աջակցությունը»: Սակայն նկատենք՝ լրատվամիջոցների կողմից բազմաթիվ հրապարակումներ կան, որոնք իրավապահները կարող են համարել քննության առիթ եւ սկսել ուսումնասիրություններ։ Այնպես որ, հերթն արդեն իրավապահ մարմիններինն է:

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրերս Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր մտերմիկ շրջապատում հայտարարել է, թե ինքը չի էլ մտածում հրաժարական տալու եւ իր տեղը ինչ-որ մեկին զիջելու մասին։ Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ Մարությանը նշել է, թե ինքը ընտրվել է հանրության կողմից, վայելում է հարգանք ու երկար է մտածել, եկել այն եզրահանգման, որ որեւէ պարագայում չպետք է նման քայլի գնալ։ «Թե կարող են, թող հանեն»,- ասել է նա։ Ըստ մեր աղբյուրների՝ քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում քաղաքապետը թիմ է հավաքում եւ իր դիրքերն ավելի է ամրապնդում: Բանն այն է, որ վերջին ժամանակաշրջանում շատ լարված են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի փոխհարաբերությունները։ Կարելի է ասել՝ վերջիններս միմիայց հետ չեն շփվում, ու այն հիացմունքը, որը ժամանակին Փաշինյանն ունեցել է Մարությանի անձի նկատմամբ, այլեւս չկա: Իսկ Մարությանն էլ իր հերթին է սկսել վատ արտահայտվել Փաշինյանի ու իր թիմի մասին, եւ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ եւս նրա փոխհարաբերությունները լարվել են: Իսկ այն, որ Մարությանի այս պահվածքի պատճառով արդեն մի քանի տարի է՝ տուժում է Երեւան քաղաքը, ակնհայտ է, քանի որ վերջինս մատերի արանքով է նայում բոլոր այն հարցերին, որոնց պետք է հրատապ լուծումներ տալ: Իսկ շինարարները շարունակում են մի թուղթ ստանալու համար ամիսներով սպասել։

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ներկայացնել, թե ինչպես է ավարտվել 2020 թվականը, եւ որ գերատեսչությունը որ ոլորտում է թերացել, եւ որ ծրագրերն են կիսատ մնացել: Հետաքրքիր է, որ մարզպետարանների կատարողականները հիմնականում բարձր են, եւ թերացումներ այնքան էլ չեն արձանագրվել: Միեւնույն ժամանակ, ուշագրավ է, որ «Տեխնիկական հագեցվածության բարելավում»  ծրագրում թերացում է արձանագրել միայն Սյունիքի մարզպետարանը: Այսինքն՝ Սյունիքի մարզի պարագայում այս ծրագիրն առհասարակ չի կատարվել: 2020 թվականի ընթացքում մեծ թերացումներ են արձանագրվել միջազգային ծրագրերի իրականացման հարցում: Օրինակ՝ չի կատարվել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանն անհատույց ֆինանսական օգնության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Խորհրդատվական ծառայությունների ձեռքբերում»  ծրագիրը, որն արժենալու էր 39 մլն դրամ, 35 տոկոսով է կատարվել Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առեւտրի եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը, 9 տոկոսով էլ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող առեւտրի եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում «Սարքավորումների ձեռքբերում»  ծրագիրը: Նկատենք՝ բոլոր այս ծրագրերը պետք է իրականացներ կառավարության եւ վարչապետի աշխատակազմը, սակայն փաստացի ձախողում է եղել: Օրինակ՝ չի իրականացվել նաեւ «ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների շենքային պայմանների բավարարում»  ծրագիրը:

 

 

 

 

Կարագի գները միջազգային շուկայում չնչին, բայց բարձրացել են: «Ժողովուրդ»  օրաթերթը պարզեց, որ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում հունվարի 21-ի դրությամբ վաճառվել է ավելի քան 4.7 դոլարով: Այն հունվարի 5-ի դրությամբ կազմել է 4.5 դոլար, բայց անցյալ տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ կարագի մեկ կիլոգրամը միջազգային շուկայում կազմել է 4.2 դոլար: Հայաստանի ներքին շուկայում կարագի գինը, անկախ միջազգային շուկայի վայրիվերումներից, շարունակում է բարձր մնալ. երեկվա դրությամբ նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը վաճառվել է մոտ 3500 դրամով: Ստացվում է, որ Հայաստանում նորզելանդական կարագի մեկ կիլոգրամը գերազանցում է 6.7 դոլարը՝ միջազգային շուկայում սահմանված գնից 2 դոլարով ավելի: Բայց, մյուս կողմից, նկատենք, որ դոլարի փոխարժեքի բարձրացման հետեւանքով Հայաստանում որոշ ապրանքներ արդեն մի քանի ամիս է, ինչ թանկացել են: ավելին, տեղեկացնենք, որ դոլարի եւ եվրոյի փոխարժեքը շարունակում են բարձր մնալ: Սա, ըստ մասնագետների, վատ է, որովհետեւ թանկացած դոլարը եւ եվրոն նշանակում է, որ ներմուծողներն ավելի թանկ գնով են ձեռք բերում արտարժույթը, հետեւաբար իրենց բերած ապրանքները կարող են թանկանալ: Սա, ըստ ամենայնի, կարագի շուկայի վրա էլ է անդրադարձել:

 




Լրահոս