ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐՆ ՈՒ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 19-ի առաջարկությամբ եւ Արմեն Սարգսյանի որոշմամբ՝ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը նշանակվեց նախարար՝ այդ պաշտոնում փոխարինելով Արսեն Թորոսյանին, որն էլ զբաղեցրեց Կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Իսկ ո՞վ է Անահիտ Ավանեսյանը. բազմիցս հրապարակվել է, որ նա Արսեն Թորոսյանի մտերիմ ընկերոջ կինն է, մասնագիտությամբ՝ իրավաբան, քաղաքացիական իրավունքի մասնագետ: Նա ոչ միայն բժշկական կրթություն չունի, այլ անգամ առողջապահական կազմակերպչի վերապատրաստում չի անցել: Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը, եւ Արսեն Թորոսյանը ոչ միայն ընկերներ են, այլեւ ունեն բիզնես շահեր։

 

Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության եւ նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։ Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ։ Ինքը՝ Ավանեսյանը, մինչ նախարար նշանակվելը եղել է նույն Արմֆարմացիայի ղեկավարը: Այսինքն՝ ակնհայտորեն այսօրվա նախարարը իր փոխնախարարի կարգավիճակը եւ ամուսնու ընկերոջ հնարավորությունները օգտագործել է, որպեսզի ընտանեկան բիզնեսները զարգացնի:

«Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 19-ին հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ փորձելով ստանալ մեզ հետաքրքրող մի քանի հարցերի պատասխաններ: Ներկայացնում ենք հարցման ամբողջական տարբերակը. «ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշանակման պահից քննադատվում է պետական շահերը անձնական շահերին ստորադասելու մեջ:  Մասնավորապես՝ նրա ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության եւ նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։ Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ։

«Արֆարմացիա» ՓԲԸ-ն դեղագործական կազմակերպություն է, որը հոգեմետ դեղերի խոշոր ներմուծող է։ Ընկերությունը պարբերաբար հաղթել է եւ մինչ օրս էլ հաղթում է գնումների մրցույթում` մատակարարելով դեղորայք եւ բժշկական պարագաներ մի շարք պետական կառույցներին: Գնորդների ցանկում են տարբեր բժշկական կենտրոններ, Արդարադատության նախարարությունը, Ոստիկանությունը, վերջին պայմանագիրը կնքվել է Ազգային անվտանգության ծառայության հետ. մատակարարվել է 318 հազար դրամի դեղորայք։ Ինքը՝ Ավանեսյանը, մինչ նախարար նշանակվելը եղել է նույն «Արմֆարմացիա»-ի ղեկավարը: Այսինքն՝ ակնհայտորեն այսօրվա նախարարը իր փոխնախարարի կարգավիճակը օգտագործել է, որպեսզի ընտանեկան բիզնեսները զարգացնի:

  1. Արդյոք սա կոռուպցիայի դրսեւորում չէ՞:
  2. Ի՞նչ երաշխիք կա, որ դառնալով նախարար՝ տիկին Ավանեսյանը չի շարունակի նույն՝ անձնական շահերի սպասարկման գործընթացը:
  3. Ինչպե՞ս եք վերաբերվում հովանավորչության կոնկրետ դրսեւորմանը:

Նույնաբովանդակ մեղադրանքներ հնչեցին նաեւ ՀՀ առողջապահության արդեն նախկին նախարար Արսեն Թորոսյանի մասով, երբ վերջինս իր տիկնոջ ենթակայությամբ գործող ՄԻԲՍ բժշկական կենտրոնին հատկացվող պետպատվերը 2019-ին 25 մլն դրամից դարձրել է 57 մլն դրամ: Այսինքն՝ դարձյալ պետական լծակները ծառայեցրել է անձնական, ընտանեկան շահերին: Եւ հիմա նա Ձեր որոշմամբ Կառավարության աշխատակազմի ղեկավար նշանակվեց:

  1. Արդյոք Արսեն Թորոսյանի այս պահվածքը կոռուպցիայի կոնկրետ դրսեւորում չէ՞:
  2. Ինչպե՞ս եք գնահատում նրա այդ քայլը:

Ռուստամ Բադասյանը ՀՀ արդարդադատության նախարար նշանակվելու օրվանից իր ընկերներին ու հարազատներին պատասխանատու պաշտոնների է նշանակել: Նախորդ տարվա մարտի 16-ին, Ձեր որոշմամբ, Սերգեյ Մեղրյանը նշանակվեց գլխավոր հարկադիր կատարող: Մեղրյանը ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ընկերն է եւ այդ պաշտոնին կարողացավ նշանակվել միայն «Հարկադիր կատարման ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխության շնորհիվ, որը հնարավորություն տվեց գնդապետից ցածր կոչում ունեցող Մեղրյանին նշանակվել այդ պաշտոնում։

Ռուստամ Բադասյանը իր մանկության ընկեր Սուրեն Գալստյանին նշանակեց ԱՆ աշխատակազմի ղեկավար, իսկ քավորին՝ Դավիթ Գասպարյանին, նշանակեց ԱՆ վերահսկողական ծառայության պետ:

Արդյոք սրանք կոռուպցիայի կոնկրետ դրսեւորումներ չե՞ն»:

Այլ կերպ ասած, փորձել ենք հասկանալ, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքում այս դրսեւորումներին այն դեպքում, երբ անընդմեջ բարձրաձայնում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Եվ, ահա, մեր հարցումից օրեր անց վարչապետի աշխատակազմից ստանում ենք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը, եւ եթե որեւէ քաղաքացու կամ զանգվածային լրատվության միջոցի հայտնի են կոռուպցիոն դրսեւորումների մասին փաստեր, ապա հորդորում ենք դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին: Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությունն առանձնապես կարեւորում է նաեւ զանգվածային լրատվության միջոցների գործունեությունն ու աջակցությունը»:

Ընդգծենք՝ լրատվամիջոցների հրապարակումները հենց համարվում են նաեւ հաղորդումներ հանցագործությունների մասին, եւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները կարող են ուսումնասիրել դրանք:

Ն.Հ.

 

 

 

ՆՇԱՆԱԿՎԵՑ

Տիգրան Հարությունյանը նշանակվել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի տեղակալ։ Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիրը ստորագրել է երեկ՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։ Հրամանագրի տեքստը հրապարակված է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում։

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԿՀԱՍԿԱՆԱ

«Տարածաշրջանում կայունության, անվտանգության, խաղաղության մասին խոսելու համար նախեւառաջ պետք է ստեղծվի վստահության մթնոլորտ, իսկ վստահության մթնոլորտ ստեղծելու համար անհրաժեշտ է՝ լուծվի հայ գերիների վերադարձի հարցը»,- հունվարի 28-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը: «Վստահության մթնոլորտը ստեղծվում է շատ կարեւոր հարցերի լուծման պարագայում` նախեւառաջ մեր գերիների ազատ արձակման հարցում: Կարծում եմ, որ Ադրբեջանը պետք է հասկանա, որ սա հումանիտար հարց է, եւ եթե այս հարցը շարունակի շահարկվել, վստահ եմ, որ այն խնդրահարույց կլինի Ադրբեջանի համար»,- նշեց Այվազյանը: ԱԳ նախարարի վստահեցմամբ` միջգերատեսչական աշխատանքային խումբն այդ հարցով ամենօրյա ռեժիմով աշխատում է: «Եթե նկատել եք, միջազգային ճնշումը օրեցօր աճում է, եւ հուսով եմ, որ Ադրբեջանը կհասկանա, որ այդ հարցը պետք է ունենա հրատապ լուծում»,- եզրափակեց Այվազյանը:

 

 

 

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԸ ԿՀԱՆԴԻՊԵՆ

«Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման օրակարգը դեռ ձեւավորված չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ օրակարգի ձեւավորման համար նախ պետք է հանդիպում լինի: «Կարծում եմ՝ օրակարգի ձեւավորման համար նախ պետք է հանդիպում լինի: Այս պահին մենք հունվարի 11-ի օրակարգի, մասնավորապես՝ օրակարգի 4-րդ կետի շրջանակում ենք լինելու»,- ասաց Գրիգորյանը:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է

ՀՀ-ում Բելառուսի դեսպան Ալեքսանդր Կոնյուկը հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանի հետ, որի ընթացքում քննարկել են Բելառուսի եւ Հայաստանի խորհրդարանների համագործակցության ակտիվացմանն ու հետագա խորացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը առանձին ուշադրություն է դարձվել ընթացիկ տարում Մինսկում Բելառուսի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստի անցկացման հեռանկարներին:

 

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ Է

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հնարավոր է համարում տարածաշրջանում ամբողջական ապաշրջափակման հարցի լուծումը: Այս մասին Գրիգորյանն ասել է՝ անդրադառնալով Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հետ կայանալիք հանդիպմանը: «Բարդ աշխատանք է: Շատ հարցեր կան, որոնք պետք է վերլուծվեն եւ կարգավորվեն, բայց, իհարկե, հնարավոր համարում եմ: Բազմաթիվ բաղադրիչներ կան՝ այդ հարցի հետ կապված, խնդրի լուծման համար այդ բաղադրիչները պետք է մանրամասն ենթարկվեն փորձաքննության, որպեսզի ձեւավորվի համակարգ, որն իրոք կաշխատի»,- ասել է նա: Փոխվարչապետի խոսքով՝ Ադրբեջանի հետ շփումներում փոխվստահության մթնոլորտ պետք է լինի, որպեսզի նպատակն իրականանա:

Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը ստեղծելու համաձայնություն էր ձեռք բերվել հունվարի 11-ին՝ Մոսկվայում երեք երկրների ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով: ՀՀ կառավարությունը հայտարարել էր, որ եռակողմ աշխատանքային խմբում հայկական կողմը ներկայացնելու է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տեղի կունենա հունվարի 30-ին Մոսկվայում:

 

 

 

ԱՅՑԵԼԵԼ Է ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հունվարի 28-ի՝ Բանակի օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն, հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի եւ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հետ: Դեսպանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին եւ Օնիկ Գասպարյանին Բանակի օրվա առթիվ, մաղթել հաջողություններ, կարեւորել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական մակարդակը:

 




Լրահոս