ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԼՈՒՐՋ ՃԳՆԱԺԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ-ում, որպես հրատապ թեմա, քննարկվել է ռուս բլոգեր Ալեքսեյ Նավալնու ձերբակալությունը։ ԵԽԽՎ-ն հրաժարվել է քննարկել հայ ռազմագերիների հարցը, մինչդեռ Նավալնու հարցը դարձել է Ստրասբուրգի օրակարգի թիվ մեկ թեման։ Հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում անդրադարձել է Նավալնու հարցի շուրջ բարձրացված համաշխարհային աղմուկին՝ նշելով, որ սա եվրոպական արժեքների լուրջ ճգնաժամ է, երբ մեկ բլոգերի հարցը շատ ավելի կարեւոր է դառնում, քան մի ամբողջ ժողովրդի հանդեպ իրականացված ռազմական հանցագործությունը։ Նաիրա Զոհրաբյանի ելույթը. «Հարգելի՛ գործընկերներ, էթնիկ պրոֆիլավորումների, էթնիկ զտումների, էթնիկ պաշտպանության հարցերը մենք հաճախ ենք քննարկել մեր վեհաժողովում։ Մեր վեհաժողովն ինձ անհայտ պատճառներով բլոգեր Նավալնու հարցը շատ ավելի կարեւոր համարեց, քան արցախյան վերջին պատերազմի հումանիտար ճգնաժամն ու ռազմագերիների հարցը։ Եվրոպական միությունը կոչ է անում Ռուսաստանի հանդեպ հատուկ սանկցիաներ կիրառել՝ Ալեքսեյ Նավալնու ձերբակալության հետ կապված։

 

Եվրոպական խորհրդարանը շտապ քննարկում է անցկացնում Ալեքսեյ Նավալնու ձերբակալման կապակցությամբ եւ կրկին կոչ անում «լուրջ պատժամիջոցներ» սահմանել Ռուսաստանի դեմ: Եվրոպական միությունը, ԱՄՆ-ի եւ Կանադայի արտաքին գերատեսչությունները եւս անհապաղ դատապարտեցին այդ ձերբակալությունը։

Եվրոպայի ամենահայտնի քաղաքական գործիչներն իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին, ինչին միացան համաշխարհային բոլոր հայտնի լրատվամիջոցները՝ բրտիանական «Գարդիանը», «Նյու Յորք Թայմսը», «Ինդիփենդենտը», «Լե մոնդը», «Վաշինգթոն պոստը», եւ համաշխարհային բոլոր առաջատար հեռուստաալիքները։

Ես մշտապես եղել եմ ու կամ մարդու իրավունքի կողմնակից, սակայն ինձ համար մարդու իրավունքը չի կարող եւ չպետք է լինի ընտրովի եւ չպետք է պայմանավորված լինի կոնկրետ երկրի հանդեպ ունեցած համակրանքներով կամ հակակրանքներով։ Ինձ համար մարդու իրավունքը երբեք եւ ոչ մի անգամ չի եղել պայմանավորված քաղաքական նպատակահարմարությամբ ու քաղաքական շահերով։ Ու երբ միջազգային ողջ հանրությունը, այսպես մեկ բռունցք դարձած, դատապարտում է Նավալնու ձերբակալությունը, ես՝ որպես հայ պատգամավոր, չեմ կարող չտալ իմ կարծիքով խիստ լեգիտիմ մի հարց՝ երբ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սկսած վերջին պատերազմում իրականացրեց ամենազազրելի պատերազմական հանցագործությունները՝ օգտագործելով միջազգային բոլոր կոնվենցիաներով արգելված զինատեսակներ, այդ թվում՝ կասետային ռումբեր, հարվածելով քաղաքացիական բնակավայրերին ու մշակութային օբյեկտներին, օգտագործեց քիմիական զենք՝ սպիտակ ֆոսֆոր՝ անասելի տառապանք պատճառելով ֆոսֆորից այրված զինվորներին եւ քաղաքացիական անձանց, երբ գլխատում էին հայ զինվորին ու կենդանի մորթում հայ տարեց մարդուն ու այդ ամենը նկարահանում եւ տեղադրում իրենց սոցիալական մեդիայում, ինչո՞ւ մենք չտեսանք միջազգային հանրության բողոքը եւ ընդզվումը, ինչո՞ւ միջազգային հանրությունը չդատապարտեց 21-րդ դարում իրականացված այս անմարդկային ոճիրը։

Մենք աշխարհի բազմաթիվ երկրների օրինակներով տեսանք, թե ինչպես Սորոսի մետաստազները քանդում են տվյալ երկրի արժեքային համակարգը, եկեղեցին, ընտանիքը, հասարակությունը բաժանում են «սեւերի» ու «սպիտակների», թուլացնում են այն երկրի ազգային իմունիտետը, որտեղ կարողանում են զավթել իշխանություն կամ իշխանության մեջ մաս ունենալ։ Եւ հիմա նույն ծրագիրը փորձ է արվում իրականացնել Ռուսաստանում եւ այնպիսի սորոսական դրածոների միջոցով, ինչպիսին Նավալնին է՝ ներթափանցել Ռուսաստան  եւ Ռուսաստանը զրկել իր արժեքային համակարգից եւ պաշտպանական իմունիտետից, ինչպես  Սորոսի մետաստազները արեցին Հայաստանում։

Ես կրկնում եմ՝ ինձ համար մարդու իրավունքը չունի քաղաքական ենթատեքստ, եւ կապ չունի՝ այդ մարդը որ երկրի քաղաքացի է՝ ձեզ համար չսիրված Ռուսաստանի՞, Հայաստանի՞, Ֆրանսիայի՞, թե՞ դեռ չճանաչված Արցախի։ Ես ուզում եմ, որ մեր վեհաժողովը, որի հիմնարար սկզբունքը հավասարությունն ու արդարությունը պիտի լինի, պարզապես մնա այդ արժեքներին հավատարիմ եւ թույլ չտա, որ սորոսական  դրածոները ոչնչացնեն Ռուսաստանի իմունիտետը»։

 

 

 

ՈՍԿՅԱ ԻՐԵՐ Է ԳՈՂԱՑԵԼ

Նախօրեին ոստիկանության Արտաշատի բաժնում բանավոր հաղորդում տված 84-ամյա կինը հայտնել է, որ դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել իր բնակարան, կպչուն ժապավենով կապել իր ձեռքերը եւ ոտքերը, ապա ննջասենյակից հափշտակել փող եւ ոսկյա զարդեր: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) հատկանիշներով քրեական գործ հարուցվեց: Ոստիկանության Արտաշատի բաժնի եւ Արարատի մարզային վարչության ծառայողները, ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզեցին հանցագործությունը կատարողի ինքնությունը: Շահումյան գյուղի 27-ամյա բնակիչը, ավազակություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Արտաշատի բաժին եւ ներկայացվեց վարույթն իրականացնող մարմնին: Նա տվել է խոստովանական ցուցմունք եւ ձերբակալվել: Հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

 

 

ԼԱՐՍԸ ԲԱՑ Է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար? ռուսական կողմում կա մոտ 350 կուտակված բեռնատար ավտոմեքենա: ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

 

 

 

ՉԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԻ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Հիշեցնենք, որ Արագածոտնի նախկին մարզպետը, նրա հանրապետական նախկին պատգամավոր եղբայրը՝ Նաիրի Սահակյանը, եւ Կաքավաձոր համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում են չարաշահումների, հափշտակության համար։ Նշենք, որ հարցաքննվել է Կաքավաձոր համայնքի ղեկավարը, որը տվել է խոստովանական ցուցմունքներ:

 

 

 

ՇՐՋՎԵԼ Է ՁՈՐԸ

Երեկ Արմավիրի մարզային ճգնաժամային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Շահումյան ճանապարհահատվածում՝ «Դվին» ռեստորանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է ձորը, ներսում քաղաքացի կա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «NIVA» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խ. Զ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել դաշտամիջյան հատվածում: Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության մեքենային? տուժածը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են մեքենան եւ փակել են գազի բալոնի փականը:

 

 

 

1321 ԱՃՅՈՒՆ

Հունվարի 27-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները հայտնաբերել են եւս 3 աճյուն:  Աճյուններից երկուսը հայտնաբերվել են Մարտունու, մեկը՝ Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններից: Նախնական տվյալներով՝ վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Նշենք, որ զինադադարից հետո՝ նոյեմբերի 13-ից առայսօր, հայտնաբերվել է 1321 աճյուն:

 

 

 

5 ԳԵՐԻՆԵՐ

Ռուսական կողմի միջնորդությամբ, ինչպես նաեւ ՀՀ ԱԱԾ-ի ջանքերի արդյունքում հայրենիք են վերադառնում 5 գերիներ։ Նաեւ գերության մեջ գտնվող մեր 62 զինծառայողներ հեռախոսակապով զրուցել են իրենց հարազատների հետ։

 

 

 

ՄԻՊ-ԻՑ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել. «Հայոց բանակը մեր պետականության բացառիկ խորհրդանիշ է, պետության անկախության ու մեզնից յուրաքանչյուրի անվտանգության գլխավոր երաշխավորը: Այն մեր ամենաարժեքավոր ձեռքբերումներից է: Մենք պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարություններն ու մարտահրավերները՝ հանուն մեր հայրենիքի հզորացման, մեր երեխաների վառ ապագայի: Բայց դրա համար մենք պետք է իրական գիտակցենք պետականության արժեքն ու առաջ շարժվենք համախմբված. միայն այսկերպ մենք ամուր կպահենք բանակի ուժը: Զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների, զինված ուժերում կանանց իրավունքների հարցերն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության առավելագույն հնարավորություններով։ Հավերժ փա՛ռք հանուն հայրենիքի իրենց կյանքը զոհած մեր հերոսներին, շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին: Աստված պահապա՛ն մեր հերոսական բանակին, մեր ժողովրդին ու պետությանը: Շնորհավո՛ր Հայոց բանակի 29-րդ տարեդարձը»:

 

 




Լրահոս