ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶԻՆԱՆՈՑԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում 2020-ի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տեւած 44-օրյա պատերազմի ընթացքում, ի տարբերություն առաջին արցախյան պատերազմի (1988-94), գործածվեցին զգալի քանակի ոչ ռուսական (խորհրդային) զինատեսակներ։ Խոսքը հատկապես Ադրբեջանի մասին է, որը վերջին տարիներին տարատեսակ զենքեր է ձեռք բերել ինչպես Թուրքիայից եւ եվրոպական երկրներից (Չեխիա, Բրիտանիա, Բուլղարիա), այնպես էլ Բելառուսից, Հարավային Աֆրիկայից եւ այլ երկրներից. ուսումնասիրություն է կատարել «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

 

Հայաստանը ինչպես առաջին արցախյան պատերազմի ժամանակ, այս անգամ եւս իր զինանոցում հիմնականում ուներ ռուսական եւ խորհրդային արտադրության զինատեսակներ՝ որոշ բացառություններով։ Ըստ Oryx ռազմական բլոգի կողմից պատրաստված ուսումնասիրության՝ խորհրդային եւ ռուսական զենքերից բացի, հայկական կողմը պատերազմի ժամանակ կիրառել է հարավսլավական արտադրության ականանետեր, հայկական արտադրության անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) եւ չինական արտադրության WM-80 hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (ՀԿՌՀ), որոնք ձեռք էին բերվել դեռ 1999 թվականին։

Հրետանի

Ի տարբերություն առաջին պատերազմի, որում հիմնական կիրառվող hամազարկային համակարգը «Գրադն» էր, 2020-ի պատերազմի ժամանակ լայնորեն կիրառվեց «Սմերչ» ՀԿՌՀ-ն, որը «Գրադի» ավելի հզոր, հեռահար եւ ժամանակից տարբերակն է։ «Գրադը» համարվում է աշխարհում ամենալայնորեն կիրառված ՀԿՌՀ-ն։ Այն թողարկվել է 1960-ականների սկզբին եւ ունի առավելագույնը 20 կմ հեռավորության վրա 40 հատ 122 մմ տրամաչափով հրթիռ կրակելու կարողություն, իսկ «Սմերչը» թողարկվել է 1980-ականներին եւ ունի առավելագույնը մինչեւ 90 կմ հեռավորության վրա 12 հատ 300 մմ տրամաչափով հրթիռ կրակելու կարողություն։ Ըստ ռազմական փորձագետ Ռոբ Լիի՝ Արցախի բնակավայրերի խոցման զգալի մասը իրականացվել է «Սմերչի» հրթիռներով։

Բալիստիկ հրթիռներ

Ըստ Oryx բլոգի ուսումնասիրության՝ պատերազմի ընթացքում Ադրբեջանը շարքից հանել է հայկական կողմի մեկ «Սկադ-Բ» («Էլբրուս») համակարգ։ Խոցված համակարգի նկարներ համացանցում հայտնվեցին պատերազմի ավարտից օրեր անց։ Պատերազմի նախավերջին օրը՝ նոյեմբերի 8-ին, ռուս ֆոտոլրագրող Իլյա Պիտալեւը լուսանկարել էր «Սկադի» հրթիռները՝ Քարվաճառի (Քելբաջարի) երկնքում։

«Տոչկա-Ու» բալիստիկ հրթիռները, որոնք ունեն առավելագույնը 120 կմ խոցելու կարողություն, հավանաբար գործածվել են երկու կողմից էլ։ Հայկական կողմից դրա հավանական գործածման մասին են խոսում համացանցում հայտնված տեսանյութերը եւ լուսանկարները։

Պատերազմի վերջում հայկական կողմը նաեւ գործածեց «Իսկանդեր» հրթիռը, որի կիրառման մասին լայնորեն քննարկվում էր ե՛ւ պատերազմից առաջ, ե՛ւ հատկապես դրա ընթացքում։ Նոյեմբերի 19-ի ասուլիսում գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, որը պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը, նշեց. «Ես գիտեմ, որ կրակել է, բայց թե որտեղի վրա, չեմ ասի»։

2020-ի պատերազմում նաեւ առաջին անգամ աշխարհում կիրառվեց առնվազն երեք զինատեսակ՝ իսրայելական LORA բալիստիկ հրթիռը, բելառուսական արտադրության «Պոլոնեզ» ՀԿՌՀ-ն եւ թուրքական TRG-300 «Քասիրգա» ՀՌԿՀ-ն: Բելառուսը 2018-19 թթ. Ադրբեջանին էր մատակարարել 10 «Պոլոնեզ» համալիր, իսկ Թուրքիան 2015-16 թթ.՝ 20 «Քասիրգա» համալիր։ Իսրայելն էլ 4 LORA համալիր էր մատակարարել Ադրբեջանին 2017-18 թվականներին։

Ավիացիա

Այս պատերազմում նաեւ գործածվեցին թուրքական F-16 կործանիչներ, որոնց՝ Ադրբեջանի տարածքում առկայության մասին փաստեցին արբանյակային լուսանկարները։ Ըստ այդ լուսանկարների՝ թուրքական կործանիչները հոկտեմբերի դրությամբ առկա էին Գյանջայում եւ Գաբալայում։ Դրանք Ադրբեջան էին տեղափոխվել պատերազմից առաջ՝ հուլիս-օգոստոս ամիսներին՝ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների ժամանակ։ Ըստ հայկական կողմի՝ այդ կործանիչները վարել են Թուրքիայի օդուժի օդաչուները: Այդուհանդերձ, F-16 կործանիչների մարտական կիրառման ապացույցներ կամ անկախ աղբյուրներից դրանց հաստատումներ չկան:

Անօդաչու թռչող սարքեր

ԱԹՍ-ների գործածումը գրեթե ամբողջությամբ միակողմանի էր Ադրբեջանի կողմից։ Այդ երկրի զինանոցում առկա են իսրայելական եւ թուրքական դրոններ։ Ամբողջ պատերազմում թերեւս ամենանշանակալից դերն ուներ թուրքական արտադրության «Բայրաքթար ՏԲ2» հարվածային ԱԹՍ-ն։ Ըստ ռուսական հետախուզության՝ ԱԹՍ-ների շուրջ 20 թուրք օպերատորները հուլիս-օգոստոս ամիսներին տեղակայվել էին Գյանջայի մոտ գտնվող Դալյարի ավիաբազայում։ Ըստ տարբեր աղբյուրների՝ պատերազմի ողջ ընթացքում գործածվել է 6 կամ 10-ից ավել «Բայրաքթար» ԱԹՍ։ Այս դրոնը Թուրքիան հաջողությամբ գործածել է նաեւ Սիրիայում եւ Լիբիայում ընթացող քաղաքացիական պատերազմներում։

 

 

 

 

ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հունվարի 26-ին որոշում է ընդունել  2021 թվականի պետական բյուջով Տավուշի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասարկարգման «Այլ նպաստներ բյուջեից»  հոդվածով նախատեսված միջոցներից 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով Արցախի Հանրապետությունում զոհված 6 տավուշցիների հուղարկավորման ծախսերի փոխհատուցման նպատակով 406 հազար դրամ փոխանցել   «Եդեմ -1»  ՍՊԸ-ին, 75 հազար դրամ՝ «Հայկ Սարդարյան» ԱՁ-ին, 140 հազար դրամ՝ «Սամվել Էվինյան» ԱՁ-ին։

Նման մի որոշում  մարզպետ Հ. Չոբանյանը ընդունել է 2021թ. հուվարի 14-ին, որով որոշել է  Արցախում տեղի ունեցած պատերազմական  գործողությունների հետեւանքով   զոհված 7 տավուշցիների հուղարկավորման ծախսերի փոխհատուցման նպատակով  180 հազար դրամ փոխանցել «Եդեմ-1» ՍՊԸ-ին, 320 հազար դրամ՝ «Հայկ Սարդարյան» ԱՁ-ին։ 2020թ. դեկտեմբերի 24-ին  մարզպետ Հ. Չոբանյանը որոշել է   Արցախում զոհված  7 տավուշցիների  հուղարկավորման ծախսերի փոխհատուցման նպատակով 645  հազար դրամ փոխանցել   «Եդեմ-1»  ՍՊԸ-ին, 370  հազար դրամ՝ «Հայկ Սարդարյան»  ԱՁ-ին։ 2020թ. նոյեմբերի 24-ին մարզպետ Չոբանյանը որոշել է Արցախում զոհված 7 տավուշցիների հուղարկավորման ծախսերի փոխհատուցման նպատակով  520 հազար դրամ փոխանցել  «Եդեմ-1»  ՍՊԸ-ին, 240  հազար դրամ՝  «Հայկ Սարդարյան»  ԱՁ-ին, 285 հազար հազար դրամ՝  «Սամվել Էվինյան»  ԱՁ-ին։

 

 

 

ԾԱՌԱՀԱՏՈՒՄ՝ ԱՂԲԱՎԱՅՐԻ ՀԱՄԱՐ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա  2020թ. հունիսի 11-ին, որպես Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավար, այդ բնակավայրի աղբահանությունը կազմակերպելու համար աղբավայրի տարածքը վայրի աճած ծառերից մաքրելու նպատակով նույն բնակավայրի բնակիչներ Մխիթար Ալլահվերդյանի եւ Արամ Լալայանի միջոցով, բենզասղոցի գործադրմամբ  «Հայանտառ»  ՊՈԱԿ  «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքից իրականացրել է ընդհանուր 46 հատ կանգնուն ծառերի աճի դադարեցման  աստիճանի հատում՝ պետությանը պատճառելով 762 հազար դրամի վնաս։ Լեւոն Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 296 հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 

ՄԵԾ ՎՆԱՍՆԵՐ ԵՆ ԿՐԵԼ

Օրեր առաջ ArmLur.am-ը գրել էր, որ վրացական Ռուսթավիի մոտ 40 բեռնատարի հայ վարորդներ հայտնվել են անելանելի դրության մեջ: Նաեւ բեռնատարների կոտրած ապակիների կադրեր էինք հրապարակել: Ըստ ամենայնի, Մառնեուլի բնակիչ ադրբեջանցիները քարերով հարվածել էին հայկական համարանիշներով ավտոմեքենաներին, կոտրել ապակիները:

ArmLur.am-ը զրուցեց վարորդներից մեկի՝ Գոռի հետ: Նրա խոսքով՝ Վրաստանի ոստիկանության աշխատակիցները վարորդներին հայտնել են, որ եթե դիմում գրեն եւ նշեն, որ բողոք ունեն, ապա ստիպված են լինելու մոտ մեկ ամիս մնալ Վրաստանի տարածքում: Վարորդները չեն համաձայնել եւ ոստիկանությունում դիմում են գրել՝ նշելով, որ բողոք չունեն:

-Գո՛ռ, Վրաստանում տեղի ունեցած դեպքերի հետ կապված ի՞նչ արեցիք: Դիմեցի՞ք Հայաստանի իշխանություններին, թե՞ ոչ:

-Ոչ մի բան, եկել ենք տուն, ի՞նչ անենք:

-Այսի՞նքն…

-Դե հիմա, ասում էին՝ մնացեք էստեղ, որ հարցը լուծում ստանա, մի ամիս… Մենք մի ամիս, ուրիշի գռուզը ավտոյի վրա, ո՞նց մնանք այդտեղ:

-Ո՞վ էր ասում՝ մի ամիս մնաք:

-Վրաստանի ոստիկանները: Ասում էին՝ մի ամիս մնացեք այստեղ, որ գործին ընթացք տանք: Դե, ես չեմ գնացել բաժին, բայց տղերքը գնացին, դիմում գրին՝ կա՛մ բողոքում են, կա՛մ բողոք չունեն: Գրին, որ բողոք չունենք, ասին՝ դե գնացեք: Եթե գրեիր, որ բողոք ունես, պետք է մեկ ամիս մնայիր այնտեղ, 3 շաբաթ մինիմում, որպեսզի գործ հարուցեն, քննչական է գալիս, պրոցես է սկսելու:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը հայ ազգի համար ողբերգական էր. վստահ ենք, որ քայլելու ենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։ Հայ ազգի կարեւորագույն մարտահրավերներից է ապահովել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունը: «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հենց այդ մարտահրավերին ընդառաջ: Դա է մեր առաքելությունը:

Տեղեկացնում ենք, որ հիմնադրամը ցայսօր հատուցել է 1527 ընտանիքների, որոնցից 1111-ը՝ վերջին պատերազմի արդյունքներով։ Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ են ստանում 66 ընտանիք (հատուցումներին կարելի է ծանոթանալ bit.ly/38p9RIN հղումով): Մոտ օրերին արդեն իսկ հատուցում կկատարվի 822 ընտանիքի (43 զինծառայողի, որոնք մեծ հավանականությամբ կստանան հաշմանդամության կարգ, եւ 779 անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին)։

Համոզված ենք, որ յուրաքանչյուր հայ, անկախ հանգամանքներից, կուզենա նշել հայոց բանակի օրը: Դրա լավագույն ձեւը «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին նվիրաբերություն կատարելն է: Շնորհակալ ենք նվիրատուներին»:

 

 




Լրահոս