ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Գյումրիում hունվարի 28-ին լույս աշխարհ է եկել արցախյան երկրորդ պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին` Կարապետը: Փոքրիկը ծնվել է Գյումրու ծննդատանը: Մյասնիկը ծառայել է Արցախում  ու հոկտեմբերի 27-ին,  երբ Գյումրու զինկոմիսարիատից նրան ծանուցագիր է գալիս, առանց մտածելու գնում է՝ տանը թողնելով իր երկու անչափահաս զավակներին, հղի կնոջն ու մայրիկին: Մեկնելուց մի քանի օր անց կրկին զանգել էր տուն ու կնոջը զգուշացրել չանհանգստանալ, եթե մի քանի օր չի զանգի. կապ չկա: Նոյեմբերի 3-ին ընկերները զանգում ու տեղեկացնում են, որ Մյասնիկը վիրավորվել է: Հարազատները սկսում են նրան տարբեր հիվանդանոցներում փնտրել, բայց նոյեմբերի 8-ին գտնում են մահացած: Պարզվում է՝ վաշտի հրամանատարի հետ գնացել են Ջաբրայիլ՝ Մեխակավան՝ 40 օր շրջափակման մեջ գտնվող զինվորներին օգնության, որտեղ էլ ստացել էր գլխի մահացու հրազենային վնասվածք:

 

 

 

ԿՐԹԱԿԱՆ

ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե քոլեջի որ շրջանավարտը կարող է շարունակել բուհի 2-րդ կուրսում:

Ալինա Օհանյան (44 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Քոլեջի բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու գործընթացը կազմակերպվում է ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 8-ի N 752-Ն որոշմամբ: Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետեւյալ կերպ. մինչեւ 2014թ. ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ հատկացված տեղերից ավելի դիմումների դեպքում սահմանված կարգով անցկացվում է մրցույթ:

 

 

 

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ինչ կարգով է փոխվում կենսաթոշակի տեսակը:

Տիրուհի Հարությունյան (39 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տ. Հարությունյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումումը մինչեւ կենսաթոշակառուի տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը նրա ցանկությամբ փոխում է կենսաթոշակի տեսակը: Տարիքային կենաթոշակի իրավունք ձեռք բերելու դեպքում արտոնյալ պայմաններով, երկարամյա ծառայության կամ մասնակի կենսաթոշակի փոխարեն, անկախ կենսաթոշակառուի դիմումից` նշանակվում է տարիքային կենսաթոշակ, իսկ հաշմանդամության կենսաթոշակ կամ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու կամ այդ իրավունքը ձեռք բերելու դեպքում կենսաթոշակի տեսակը փոխվում է՝ կենսաթոշակառուի գրավոր դիմումի համաձայն:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ մինչեւ14 տարեկան անչափահաս անձին կենսաթոշակ նշանակելու համար նրա հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում գրավոր դիմում է ներկայացնում ծնողը (որդեգրողը կամ խնամակալը կամ հոգաբարձուն): Եթե անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի օրինական ներկայացուցիչը համապատասխան կազմակերպությունն է (մանկատունը կամ հոգեբուժարանը), որտեղ գտնվում է անչափահաս կամ անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձը, նրան կենսաթոշակ նշանակելու համար գրավոր դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կազմակերպության գտնվելու վայրի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում է ներկայացնում այդ կազմակերպության ղեկավարը կամ նրա լիազորած անձը:




Լրահոս