ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԻՆՉ ՈՒԶՈՒՄ, ԱՅՆ ԷԼ ԱՆՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ՝ պարզելու համար, թե ինչպես է վերաբերվում իմքայլականների այն տեսակետին, որ պետք է խորհրդարանը ինքնալուծարել: Ըստ պատգամավորի՝ սա նշանակում է, որ իշխանությունն անում է այն, ինչ ցանկանում է: Հովսեփյանի հետ զրուցել ենք նաեւ ընդդիմության այն հայատարարության մասին, որ պետք է ապստամբության դիմել:

 

-Տիկի՛ն Հովսեփյան, «Իմ քայլը» խմբակցությունը, կարծես թե, օրակարգ է բերել խորհրդարանն ինքնալուծարելու հարցը: Իրենք գտնում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու միակ տարբերակը դա է: Դուք կիսո՞ւմ եք օրենքը փոխելու եւ ինքնալուծարվելու այդ դիրքորոշումը:

-Պետք է նայել՝ ինչ են փոխում, ինչպես են փոխում, սահմանադրական է, թե ոչ: Միայն փոխելով չէ, այնպես չէ՝ ցանկություն կա, ուրեմն պետք է փոխել: Պետք է նայել, թե որքանով է դա ընդունելի ճանապարհ, որքանով է իրավական այդ գործընթացը, եւ որքանով է դա ճիշտ ճանապարհ:

-Սա նշանակո՞ւմ է, որ իշխանությունն ամեն ինչ անում է, որ իր տարբերակով գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների, թե՞, ինչպես ընդդիմությունն է նշում, սա միայն կեղծ օրակարգ է:

-Ես չեմ քննարկել իշխանության հետ, չեմ կարող ասել: Թերեւս սա հանգում է այն տրամաբանությանը, որը ժամանակին Սերժ Սարգսյանն էր ասում՝ ինչքան ուզենք, էնքան կխփենք, իսկ այս իշխանությունն էլ ասում է՝ ինչ ուզեմ, կանեմ: Գործողություններն իրարից այնքան էլ չեն տարբերվում:

-Ընդհանուր ուսումնասիրե՞լ եք՝ Սահմանադրությամբ հնարավոր է արդյոք հասնել այնպիսի ճանապարհի, որ հենց «Իմ քայլը» խմբակցությունը լուծարի խորհրդարանը եւ գնա արտահերթ ընտրությունների:

-Ես չեմ ուսումնասիրել, լսել եմ միայն, որ նման նախաձեռնությամբ են հանդես եկել, ինձ տեղեկացրել էին այն մասին, երբ ես դեռ «Իմ քայլը» խմբակցությունում էի: Բայց ես այն ժամանակ դեռ չգիտեի, թե որքան էր այն լրջանալու: Եվ մի քանի օր առաջ մամուլից իմացա, որ նորից քննարկել են, սակայն ես չեմ ուսումնասիրել, եւ, բացի դրանից, նաեւ անհրաժեշտ է մասնագետների հետ քննարկել, որը ես դեռ չեմ արել:

-Քանի որ քաղաքական իրավիճակը գնալով սրվում է, սա միակ ճանապարհը չէ՞ ընտրությունների գնալու եւ հասկանալու՝ ով է իշխանություն:

-Ոչ, սա միակ տարբերակ այն ժամանակ կհամարեմ, եթե լինի այլընտրանք, իսկ քանի դեռ այն վիճակն է, որ ով ինչ կուզի, կանի, դա սովորական վերարտադրություն է:

-Երեկ ազատամարտիկ Վահան Բադասյանը բարձրաձայնեց զենքի ուժով հարցը լուծելու տարբերակը: Դրա մասին ի՞նչ կասեք:

-Ես երբեք նման բանի կողմնակից չեմ եւ չեմ կարող լինել: Ինձ համար անընդունելի ու անհասկանալի է, որ հայը հայի դեմ զենք բարձրացնելու մասին է խոսում, եթե անգամ ամենավատ հայի մասին է դա խոսում:

-Իսկ ապստամբությո՞ւնը. դրա մասին խոսում է ընդդիմության առաջադրած թեկնածու Վազգեն Մանուկյանը եւ ասում, որ կարող են դիմել ապստամբության:  Արդյոք պե՞տք է գնալ այդ քայլին:

-Ո՞րն է ապստամբությունը, ինչո՞ւ ժամանակին քննադատեցինք «Սասնա ծռեր»-ի ապստամբությունը: Ես չեմ հասկանում՝ ինչ ասել է ապստամբությունը, եթե այն չի լինում զենքով, եթե դրան չդիմեն, ապա էլ ի՞նչ պետք է անեն: Եթե զենքը չէ, եւ պետք է միայն հանրահավաքներ անեն, ապա հիմա էլ են անում: Ես չգիտեմ՝ իրենց ասած ապստամբությունը որն է:  Ես կարծում եմ՝ քաղաքական  դաշտում կարող է կայունություն լինել միայն այն դեպքում, երբ որեւէ ելք լինի, եւ արժանապատիվ որոշում լինի: Պետք է հասկանանք՝ ինչպիսի հայրենիք ենք ունենալու, ովքեր կմնան հայրենիքում: Կան մի քանի գործոններ, որոնք կարող են նպաստել արտագաղթելու, սակայն մարդիկ կարող են նաեւ չարտագաղթել եւ չեն էլ հասցնի, քանի որ թուրքերը կգան եւ կհասնեն իրենց տներին:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑՈՎ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՆՈՐ ԹԵՄԱՆԵՐ ԴԱՇՏ ՆԵՏՎԵՑԻՆ

«Այս այցը լավ առիթ է, որ մեր համապատասխան գերատեսչությունում ճշգրտումներ անեն, թե ինչպիսի հռետորաբանություն է պետք Իրանի հետ հարաբերություններում»,- ասել է իրանագետ Ահարոն Վարդանյանը՝ անդրադառնալով ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի տարածաշրջանային այցին:

 

Նրա խոսքով՝ Իրանի ԱԳ նախարարը մի քանի հայտարարություններ է արել, որոնց շուրջ կարելի է կենտրոնանալ: «Նա անդրադարձ է կատարել Իրանի կարմիր գծերից մեկին` Հայաստանի տարածքային ամբողջականությանը, որը հենց այնպես չէր: Դա վերաբերում էր այն բանին, որ Իրանում տեսնում են որոշակի վտանգ, եւ շատ կարեւոր մեսիջ էր թուրքահաբեկչական խմբավորմանը»,-ասել է նա եւ նշել, որ դա հստակ մեսիջ էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունների դեպքում Իրանը ձեռքերը ծալած չի նստի եւ ինչ-որ գործողությունների կարող է դիմել: Չնայած դրան՝ Ահարոն Վարդանյանն ասել է, որ, մյուս կողմից, վատ է, որ քննարկվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, սակայն ունենք այն, ինչ ունենք: «Դա նաեւ «Մեղրու միջանց» կոչվածին է առնչվում. Իրանում հասկանում են, որ սա ինչ-որ առումով կարող է վտանգել հայ-իրանական սահմանը եւ տարածքային ամբողջականությունը: Ոչ պակաս կարեւոր է ահաբեկիչների թեմային անդրադառնալը, որովհետեւ եթե նայենք, ապա նոյեմբերի 10-ից հետո կարծեք այս թեման կորավ ընդհանուր լրատվամիջոցներից` ինչպես հայկական, այնպես էլ միջազգային: ԱԳ նախարարը սա եւս բերեց դաշտ, քանի որ հասկանում են՝ կա այդ խնդիրը, եւ որքան դա Հայաստանի համար է վտանգավոր, այնքան էլ Իրանի համար, իսկ Իրանը պայքարում է ահաբեկչության դեմ»,-ասել է Ահարոն Վարդանյանը: Հաջորդ կարեւոր մեսիջը վերջինս համարել է հումանիտար հարցը, ինչի առումով Իրանը պատրաստակամ է աջակցել: «Ամփոփելով ասեմ, որ հայ-իրանական օրակարգում նոր թեմաներ են առաջարկվել, որոնց շուրջ պետք է աշխատել: Չգիտեմ՝ Հայաստանի կողմից ինչ առաջարկներ են ներկայացվել, սակայն Հայաստանի քաղաքականությունը Իրանի նկատմամբ բավարար չէ, եւ բավականաչափ աշխատանքներ չեն տարվում: Իրանի հետ հարաբերությունները, արդեն երեք տարի է, սպասողական վիճակում է, եւ կարելի է այս այցը օգտագործել եւ թարմացնել ու ակտիվացնել այդ հարաբերությունները, եւ այս այցը լավ հնարավորություն է նոր դինամիկա, նոր շունչ հաղորդելու դրանց»,-նշել է նա:

 

 

 

ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ

Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի նոր՝ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքները, որոնք մի քանի անգամ գերազանցում են գործող արժեքները: Փաստորեն, սա խնդիր է առաջացրել ինքնակամ շինությունների օրինականացման հետ կապված: Օրեր առաջ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջով հայտարարեց, որ բոլոր այն անձինք, որոնք ինքնակամ շինությունների օրինականացման համար դիմում կներկայացնեն մինչեւ 2021 թվականի հունվարի 31-ը, ապա դրական որոշման դեպքում կգործեն նախկին (ավելի ցածր) կադաստրային արժեքները:

Ավելին, պարզվում է, որ ովքեր արդեն դիմել են ինքնակամ շինությունը օրինականացնելու համար, կարող են հանգիստ լինել. անկախ որոշումը կայացնելու պահից՝ նրանց համար կիրառվելու են նախկին կադաստրային արժեքները (լրացուցիչ ֆինանսական բեռ չի լինի): Մարդիկ, լսելով այս հայտարարությունը, շտապել են «Մեկ պատուհան»: ArmLur.am-ի հետ զրույցում նրանցից մի քանիսը վրդովված նկատեցին, որ կազմակերպչական հարցերում քաղաքապետարանը թերացել է, քանի որ իրենք գալիս են, ժամերով կանգնում են եւ տեղյակ չեն, թե երբ է իրենց հերթը գալու: Սա դեռ ամենը չէ. պարզվում է քաղաքացիները խիստ վրդովվել են այն բանից, որ այս հարցով կարող էին օնլայն տարբերակով դիմել, սակայն այդ մասին, չգիտես ինչու, քաղաքապետարանը լռել է:

 

 

 

ԿՈՉ Է ԱՐԵԼ

Եվրամիությունը ողջունել է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ գերիների վերադարձը Հայաստան եւ կոչ է արել անհապաղ վերադարձնել մյուսներին եւս: Այս մասին հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն: «Եվրոպական միությունը ողջունում է նոյեմբերին Ադրբեջանի գերեվարած 5 հայ զինծառայողների ազատ արձակումը եւ կոչ է անում անհապաղ ազատել կալանքի տակ մնացած 57-ին: Սա կնպաստի երկու երկրների միջեւ վստահության ամրապնդմանը, ինչը կարեւոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար»,- հայտնել է Ստանոն:

 

 




Լրահոս