ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հունվարի 24-ին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ իր՝ ԱՄՆ դեսպան նշանակվելու վերաբերյալ հարցն օրակարգում է, նման քննարկումներ կան, միաժամանակ հավելեց, որ դեռ վերջնական որոշում չկա: Մասնավորապես, մինչ այդ տեղեկություններ էին շրջանառվում, որ, վարչապետի որոշմամբ, Մակունցը, ով 2018-ի մայիսին նշանակվեց մշակույթի նախարար, ապա մի քանի ամիս անց ընտրվեց պատգամավոր ու անցավ օրենսդիր մարմին, շուտով նշանակվելու է Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան: «Օրակարգում կա նման հարց, սակայն այն դեռեւս քննարկման փուլում է, վերջնական երբ հստակեցում լինի, այն ժամանակ հանրային հրապարակում նույնպես կլինի», – ասել էր Մակունցը, իսկ՝ ագրիմանն, ասում են, արդեն կա դիտարկմանն ի պատասխան՝ Մակունցը նշել էր. «Ոչ, չկա, հարցը օրակարգում կա, բայց դեռեւս որեւէ հաստատում չկա»:
Սակայն, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այս հարցում տեղաշարժ դեռ առկա չէ, եւ ինչպես Մակունցն էր նշել իր խոսքում, ագրեմանը դեռ չկա, միայն հարցն է օրակարգում: Բանն այն է, որ սովորաբար ագրեման տալու գործընթացն այնքան էլ հեշտ չէ եւ հաճախ ենթակա է լինում նաեւ մերժման: Նախ՝ ագրեմանը թարգմանաբար նշանակում է մի երկրի կառավարության համաձայնությունը իր երկրում մեկին որպես դիվանագիտական ներկայացուցիչ ընդունելու համար: Սկզբում դեսպան նշանակող երկիրը նշանակման երկրի արտաքին գործերի գերատեսչություն է ուղարկում հարցում՝ այն մարդու կենսագրությունը, ում ցանկանում են նշանակել տվյալ երկրում դեսպան, ու դիմում նրան դեսպան նշանակելու մտադրության մասին: Որպես կանոն, տրամադրվում են նշանակվող անձի վերաբերյալ որոշ տվյալներ՝ կենսագրականը, դիվանագիտական աստիճանը, կրթությունը, աշխատանքային գործունեության հիմնական փուլերը, ընտանեկան կարգավիճակը: Այնուհետեւ ընդունող երկիրն ուսումնասիրում է թեկնածուի կենսագրությունը, ու եթե տվյալ թեկնածուն իր համար ընդունելի է, համապատասխան նոտայով հաստատում է, որ համաձայն է, որ տվյալ անձն իր երկրում նշանակվի դեսպան:
Եվ այդ կենսագրական տվյալներն ուսումնասիրելուց հետո էլ, եթե այդ երկիրը համաձայն չի լինում նշված անձի հետ, մերժում է ագրեմանի տրամադրումը: Ընդ որում՝ մերժումն այնպես չէ, որ ինչ-որ գրություն են ուղարկում ու տեղեկացնում, որ տվյալ անձն իրենց համար ցանկալի չէ, ուղղակի լռում են, չեն պատասխանում հարցմանը, եւ ուղարկող երկիրը հասկանում է, որ դեսպանի իր առաջարկած թեկնածուն այդ երկրի համար ընդունելի չէ: Դրա համար էլ սովորաբար ագրեմանի հարցում ուղարկելու, ինչպես նաեւ դրա մերժման մասին չի բարձրաձայնվում՝ ըստ ընդունված կարգի. այդ հարցերը հրապարակային քննարկման ենթակա չեն: Երբ դեսպանի նշանակման հետ կապված գործընթացներն ավարտվում են, ընդունվում է որոշում, որի վերաբերյալ համապատասխան հաղորդագրություն է հրապարակվում: Ընդ որում, հետաքրքիր է, որ, որպես այդպիսին, ագրեման ստանալու նախատեսված ժամկետ առկա չէ: Այսինքն՝ խելամիտ ժամկետ չկա, թե երբ պետք է պատասխանը տրվի. մի երկրի դեպքում դա կարող է լինել 40-45 օրը, մեկ այլ երկրի դեպքում՝ 2 ամիսը եւ այլն, սակայն 100 օրը համարվում է առավելագույն ժամկետ: Ընդ որում՝ ագրեման ստանալու համար նույն անձի թեկնածությունը երկրորդ անգամ արդեն չեն ուղարկում, դա ընդհանրապես ընդունված չէ. նման դեպքում պետք է այլ թեկնածություն առաջարկել: Մերժումն ինքնին դիվանագիտական մեսիջ չի կրում եւ պայմանավորված է զուտ տվյալ անձով:
Այսինքն՝ այնպես չէ, որ Լիլիթ Մակունցն այս օրերին դեսպան է նշանակվելու, քանի որ գործընթացն իրականում երկարատեւ է, եւ դեռ պետք է ուսումնասիրեն Լիլիթ Մակունցի կենսագրությունը, նրա անցած ուղին եւ նոր միայն որոշեն՝ տալիս են իրենց համաձայնությունը, թե ոչ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
15 ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արցախի պաշտպանության բանակը հայտնել է 15 հայ զինվորների գերեվարության վերաբերյալ հրապարակումներ: «Վերջին շրջանում համացանցում կրկին տարածում են գտնում բանակին առնչվող նյութեր, որոնք չունեն որեւէ իրական հիմք, ամբողջովին մտացածին են եւ նպատակ ունեն արատավորել հետպատերազմական բարդ պայմաններում իր խնդիրը կատարող կառույցի հեղինակությունը: Համացանցի տարբեր օգտատերեր տարածում են տեղեկատվություն, իբր թե, 15 հայ զինվորի գերեվարվելու մասին, 44-օրյա պատերազմի որոշ դրվագների, պատերազմին հաջորդած դիրքային փոփոխությունների հետ կապված՝ շահարկվում է նաեւ Ն զորամասի հրամանատար, գնդապետ Գոռ Իշխանյանի անունը: Հավաստում ենք, որ բանակի որեւէ զինծառայող ո՛չ այս, ո՛չ նախորդող օրերին չի գերեվարվել, պատերազմի ընթացքում գնդապետ Գ. Իշխանյանի հրամանատարությամբ գործող զորամասը առաջադրված խնդիրները կատարել է բացառապես վերադաս հրամանատարության հրամանների եւ ցուցումների հիման վրա, մարտական գործողությունների ընթացքում հակառակորդին չի հանձնել նույնիսկ մեկ դիրք, իսկ պատերազմից հետո հետ քաշվելը պայմանավորված է եղել եռակողմ հայտարարության դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությամբ»:
ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ուրբաթ հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրերի կատարման ընթացքը եւ ՄԱԿ-ում եւ ԵԱՀԿ-ում փոխգործակցության հարցերը: «Արտաքին գործերի գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման ընթացքը, ինչպես նաեւ երկկողմ համագործակցության եւ արտաքին քաղաքական փոխգործակցության արդիական հարցեր, այդ թվում՝ ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի շրջանակներում»,- ասված է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ:
ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ կառավարությունը շարունակում է 2022 թ. մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային շրջանակի, 2022-2024թթ. ՄԺԾԾ շուրջ քննարկումները: Խորհրդակցության ընթացքում արծարծվել է, ըստ գնահատվող շրջանակի, պետական մարմինների կողմից բյուջետային հայտերի ներկայացման հարցը: Քննարկվել են բյուջետային հատկացումների չափաքանակների, ոլորտային առաջնահերթությունների եւ ծախսերի մասով մոտեցումը, ինչպես նաեւ տնտեսական աճի, ներդրումների խթանման, ընթացիկ ու կապիտալ ծախսերի վերաբերյալ կանխատեսումներին վերաբերող հարցեր: Փաշինյանը նշել է, որ 2022թ. եւ նաեւ հաջորդող տարիների տնտեսական ընթացքը կախված է լինելու 2021թ. հարկային վարչարարության, ծախսարդյունավետության, տնտեսական զարգացման եւ ֆինանսական կայունության ուղղությամբ աշխատանքների որակից ու կատարողականից:
ՏԵՍԱԿՑԵԼ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻՆ
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ` արագ արձագանքման խումբը տեսակցել է Հանրապետության հրապարակից նույն օրը բերման ենթարկված կամ ձերբակալված անձանց Երեւան քաղաքի քննչական վարչությունում: Պաշտպանի աշխատակազմն իրականացրել է նաեւ տեղի ունեցած հավաքի դիտարկում: Այն մասին հայտնել են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Այցի ընթացքում տեղի են ունեցել առանձնազրույցներ բերման ենթարկվածների կամ ձերբակալվածների հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաեւ այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած փաստաթղթերը։ Այցի արդյունքները կամփոփվեն եւ նախաձեռնված ընթացակարգի շրջանակում կձեռնարկվեն անհրաժեշտ քայլեր, այդ թվում` գրավոր ընթացակարգով նրանց մի մասի կամ փաստաբանների բողոքների հիման վրա:
ՄԻՋԱԴԵՊԵՐ ՉԿԱՆ
Հունվարի 28-ին եւ 29-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով սահմանային միջադեպեր չեն արձանագրվել, կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է. տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը: ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում եւս միջադեպեր չեն արձանագրվել: ՀՀ զինված ուժերի եւ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով եւ կատարում առաջադրված խնդիրները:
ԿԳՈՐԾԻ ԱՅՍՕՐ
Լեռնային Ղարաբաղում՝ Աղդամի շրջանում, ռուս-թուրքական մոնիթորինգի կենտրոնը կսկսի աշխատանքը հունվարի 30-ին. հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով իրազեկ աղբյուրին: Գործակալության զրուցակցի խոսքով՝ կենտրոնում կաշխատեն 60 ռուս եւ 60 թուրք զինծառայողներ, իսկ մոնիթորինգ կանցկացվի այդ թվում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ: