ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել ԱԱԾ-ի դեպքի բացահայտումից, թե ովքեր են կաշառք տվել Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային, եւ ինչպես է ՀՀ վարչապետը անձամբ ներկա գտնվել, ըստ նախաքննական մարմնի, կաշառք տված գործարարների՝ ադամանդի գործարանի բացմանը:
Այսպիսով, Ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի` օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը՝ իրականացված մեծածավալ քննչական եւ դատավարական գործողությունների, ինչպես նաեւ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել է, որ ՀՀ-ում գործունեություն ծավալող ընկերության անվամբ Արաբական Միացյալ Էմիրություններից «Ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով ՀՀ է ներմուծվել եւ հայտարարագրվել է 148.535 ԱՄՆ դոլար հաշիվ ապրանքագրային արժեքով 1776.84 մետր կարատ քաշով մշակված ադամանդ, որի մաքսային արժեքը կազմել է 72.014.112 ՀՀ դրամ, այնինչ նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ ընկերության կողմից վերոգրյալ հայտարարագրով ՀՀ ներմուծված եւ փորձագետի կողմից 18.09.2020 թվականի դրությամբ հետազոտված ադամանդների շուկայական արժեքն ավելին է, քան 420.000.000 ՀՀ դրամը, որի արդյունքում պետությանը պակաս է հաշվարկվել եւ վճարվել առանձապես խոշոր չափերի հասնող մաքսային վճարներ:
Դեպքի առթիվ 2020թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզական վարչությունում հարուցված եւ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտին փոխանցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման եւ թույլտվությունների վարչության պետ Ա.Ն.-ն, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրավասու լինելով տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքների ներկրման դեպքում ստուգում իրականացնելուց հետո տրամադրելու պետական վերահսկողական ակտ, ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է` տնտեսվարող կազմակերպության կողմից ներկրած ադամանդյա քարերի իրական արժեքը թաքցնելու, մաքսազերծման ժամանակ քիչ մաքսատուրք վճարելու, պետական վերահսկողական ակտի տրամադրման նպատակով համապատասխան ստուգում չիրականացնելու եւ այդ պայմաններում հիշյալ ակտը տրամադրելու դիմաց 2020թ. սեպտեմբերի 6-ին անձամբ ընկերության սեփականատերերից ստացել է խոշոր չափերի կաշառք, որից հետո շահադիտական դրդումներով հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատու Վ.Ս.-ին կազմել եւ ընկերության ներկայացուցիչներին հանձնել իրավունք վերապահող, ադամանդյա քարերի ներկրման հայտարարագրի համապատասխանության վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, բովանդակությամբ կեղծ պետական վերահսկողության ակտ, ինչը վերջինիս կողմից կատարվել է: Քրեական գործով ձեռք բերված անհերքելի ապացույցների եւ փաստերի ճնշման ներքո՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի իրավախորհրդատուն տվել է խոստովանական ցուցմունքներ:
2021թ. հունվարի 26-ին խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ բերման է ենթարկվել ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման եւ թույլտվությունների վարչության պետ Ա.-Ն.-ն եւ ձերբակալվել: Նույն օրը կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու կասկածանքով Քննչական դեպարտամենտ բերման են ենթարկվել նաեւ ՀՀ-ում գործունեություն իրականացնող տնտեսվարող ընկերության փաստացի սեփականատերերը, ինչպես նաեւ ենթադրյալ հանցագործության մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձինք:
Հայտնեցինք, որ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված պաշտոնյան ՀՀ էկոնոմիկայի նախարարության լիցենզավորման եւ թույլտվությունների վարչության պետ Արմեն Նալբանդյանն է, որը, ըստ նախաքննական մարմնի, հանդիսանալով պաշտոնատար անձ, իրավասու լինելով տնտեսվարող սուբյեկտների կողմից ապրանքների ներկրման դեպքում ստուգում իրականացնելուց հետո տրամադրելու պետական վերահսկողական ակտ, ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ տնտեսվարող կազմակերպության կողմից ներկրած ադամանդյա քարերի իրական արժեքը թաքցնելու, մաքսազերծման ժամանակ քիչ մաքսատուրք վճարելու, պետական վերահսկողական ակտի տրամադրման նպատակով համապատասխան ստուգում չիրականացնելու եւ այդ պայմաններում հիշյալ ակտը տրամադրելու դիմաց 2020թ. սեպտեմբերի 6-ին անձամբ ընկերության սեփականատերերից ստացել է խոշոր չափերի կաշառք:
Իսկ ովքե՞ր են Էկոնոմիկայի նախարարության պաշտոնյային կաշառք տված, ՀՀ-ում գործունեություն իրականացնող տնտեսվարող ընկերության փաստացի սեփականատերերը:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ վերջիններս գործարարներ Արմեն եւ Արտակ Բաղիկյաններն են, որոնք զբաղվում են ադամանդագործությամբ: Ի դեպ, 2019 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ գործարար Խաչատուր Սուքիասյանը անձամբ ներկա էին գտնվել երկու եղբայրների կողմից Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հանդիսավորությամբ բացված «Էյ Դի Էմ Դայմոնդս» ադամանդի վերամշակման վերազինված գործարանի բացման արարողությանը: Նշենք, որ ադամանդի վերամշակմամբ զբաղվող գործարանը 2018թ. Աբովյանում հիմնադրել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2014թ. հիմնադրված «Արվա Դայմոնդս ԴԲՀԲ» ընկերությունը։
Իրավապահ համակարգում կասկածներ կան, որ գործարանի բացումը «խաբկանք է, բլեֆ», քանի որ այդքան աշխատող երբեք չեն ունեցել, արտադրանք մեծ ծավալներով չեն տվել, եղբայրները դա ընդամենը բացել են, որ քողարկեն մաքսանենգությունը՝ մշակված ադամանդ բերեն չմշակվածի տակ, թե, իբր, գործարանում են մշակել: Հավելենք, որ ԱԱԾ-ի կողմից գործարար եղբայները եւս բերման են ենթարկվել:
ԱՐՓԻՆԵ ԹՈՎՄԱՍՅԱՆ
8 ԱՃՅՈՒՆ
Հունվարի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են եւս 8 զոհված զինծառայողի աճյուն: Այս մասին հայտնեցին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից: «Մարմիններն անճանաչելի են, միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ կլինի նրանց ինքնությունը: Որոնողական աշխատանքների ընթացքում, հունվարի 28-ի տվյալներով, հայտնաբերվել է ընդհանուր 1329 աճյուն, որից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են: Փրկարար-որոնողական աշխատանքներն առայսօր շարունակվում են Մարտունու, Հադրութի եւ Ջրականի (Ջաբրաիլ) շրջաններում:
ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
Նախօրեին Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակչուհին ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ներկայացրել, որ դիմակավորված անձինք ապօրինի մուտք են գործել իր տուն, կպչուն ժապավենով կապել են ոտքերն ու ձեռքերը, հափշտակել են 200.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդեր ու դիմել փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (Ավազակությունը) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են կպչուն ժապավենի կտրտված կտորներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը նույն գյուղի բնակիչ է: Վերջինս ձերբակալվել է՝ վերոնշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով: Կատարվում են քննչական եւ դատավարական այլ գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերեւույթ հանցագործությունը կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
5 ԱՆՁ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: «2021 թվականի հունվարի 28-ին՝ Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ է արվել: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նախաքննության ընթացքում 5 անձ ձերբակալվել է՝ ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով: Կատարվում է նախաքննություն»,-փոխանցել է ՔԿ-ն:
5.153 ՀԱՏ ՁՈՒԿ Է ԱՌԳՐԱՎՎԵԼ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի փոխանցմամբ՝ հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի՝ 2020 թվականի նոյեմբերի 30-ի գրությունը եւ հնգակողմ միջոցառումների ծրագիրը՝ կապված «Սիգ» ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածի հետ՝ ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2020 թվականի դեկտեմբեր եւ 2021 թվականի հունվար ամիսներին Սեւանի ՃՈ, Դիլիջանի հենակետերում, Սեւանա լճի ափամերձ եւ ջրային հայելու տարածքից Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի եւ Ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում առգրավվել է 5.153 հատ (ընդհանուր քաշով 1.837 կգ) «Սիգ» տեսակի ձուկ:
Սեւանա լճից դուրս է բերվել 22 հատ, յուրաքանչյուրը 100-ական մետր երկարությամբ պոլիէթիլենային ձկնորսական ցանց: Կենդանական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմել է 9.185.750 ՀՀ դրամ: Առգրավված ձկները Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները հանձնել են «Սեւանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ, «Գավառի» մանկատուն, «Դիլիջանի» գիշերօթիկ դպրոց, Դիլիջանի քաղաքապետարան, որը հանձնել է Արցախի հանրապետությունից ժամանած ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին եւ ՀՀ պաշտպանության նախարարությանը: