ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ՆՎԱԶԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում տնտեսությունը 2020 թվականի դեկտեմբերին հետպատերազմական իրավիճակում եւ համավարակի պայմաններում, նախորդ ամսվա համեմատ, աշխուժություն է դրսեւորել բոլոր ոլորտներում, սակայն տարվա կտրվածքով հնարավոր չի եղել խուսափել տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազումից: Տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ աճել է 27.7 տոկոսով, սակայն հունվար-դեկտեմբերի ցուցանիշը, 2019-ի համեմատ, անկում է արձանագրել 7.5 տոկոսով: Այս մասին փոխանցել են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեից:

 

Եթե արդյունաբերական արտադրանքի ծավալը 2020-ի դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ աճել է 14.4 տոկոսով, ապա 2020-ի հունվար-դեկտեմբերին, 2019-ի համեմատ, նվազել է 0.9 տոկոսով: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2020-ի հունվար-դեկտեմբերին, 2019-ի նույն ժամանակի համեմատ, աճել է 1.4 տոկոսով:

Շինարարության ծավալը 2020-ի դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ աճել է 77.7 տոկոսով, այնինչ հունվար-դեկտեմբերի ցուցանիշը, 2019-ի համեմատ, նվազել է 9.5 տոկոսով: Առեւտրի շրջանառությունում դեկտեմբերին 34.6 տոկոս աճ է գրանցվել՝ նույն տարվա նոյեմբերի համեմատ, սակայն հունվար-դեկտեմբերի ցուցանիշը, 2019-ի համեմատ, նվազել է 14 տոկոսով, իսկ մատուցված ծառայությունների ծավալը 2020-ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել է 16.3 տոկոսով, իսկ 2020-ի հունվար-դեկտեմբերի ցուցանիշը, 2019-ի համեմատ, պակաս է 14.7 տոկոսով: 2020 թվականի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, սպառողական գների ինդեքսն աճել է 3.4 տոկոսով,  արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 2.6 տոկոսով, իսկ հունվար-դեկտեմբերին, 2019-ի համեմատ, դրանք աճել են համապատասխանաբար 1.2 եւ 2.4 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել է 15.9 տոկոսով, իսկ հունվար-դեկտեմբերին, 2019-ի հունվար-դեկտեմբերի համեմատ, 1.2 տոկոսով: Եթե միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում 2020-ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, աճել է 24.3 տոկոսով, ապա հունվար-դեկտեմբերին, 2019-ի համեմատ, աճը եղել է 3.9 տոկոս՝ կազմելով 189 հազար 758 դրամ: Ընդ որում, հունվար-դեկտեմբերին պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 5.3 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3 տոկոսով: Թեեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալներում 2020-ի դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, նկատվել է աճ 21.3 տոկոսի չափով, սակայն հունվար-դեկտեմբերի ցուցանիշը, 2019-ի նույն ժամանակի համեմատ, նվազել է 13.2 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը նվազել է 3.9 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 17.7 տոկոսով: Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-դեկտեմբերին եղել է 489.01:

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2020-ի հունվար-նոյեմբերին, նախնական տվյալներով, կազմել է 186 հազ. 167 դրամ (ավելի քան 382.8 ԱՄՆ դոլար) եւ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ՝ աճել է 4.2%-ով, ընդ որում՝ պետական հատվածում այդ ցուցանիշները կազմել են 165 հազ. 76  դրամ եւ 5.9%, իսկ ոչ պետական հատվածում՝ 196 հազ. 204 դրամ եւ 3.2%։

Ըստ նույն աղբյուրի՝ նախորդ տարվա առաջին տասնմեկ ամիսների համեմատ՝ միջին ամսական անվանական աշխատավարձի ամենաբարձր աճը՝ 11.3% (մինչև 182 հազ. 135 դրամ) գրանցվել է մշակույթի, զվարճությունների եւ հանգստի բնագավառում, երկրորդ ամենաբարձր աճը՝ 11.2% (մինչեւ 476 հազ. 105 դրամ), արձանագրվել է տեղեկատվության եւ կապի ոլորտում, որին հաջորդում է շինարարությունը՝ աշխատավարձի չափի 201 հազ. 129 դրամ եւ, անցյալ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ, 9.7% աճով։ Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման եւ վերամշակման ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 174 հազ. 742 դրամ եւ 9.2%, կրթության ոլորտում՝ 126 հազ. 421 դրամ եւ 6.5%։ Ֆինանսական եւ ապահովագրական գործունեության ոլորտում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 410 հազ. 844 դրամ եւ, 2019-ի նույն ամիսների համեմատ, աճել է 5.1%-ով:

 

 

 

 

ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐ

«Հայաստանում հարկեր քիչ վճարելու նպատակով բիզնեսը տրոհելու դեպքերի թիվն արճել է, ՊԵԿ-ն այդ ուղղությամբ իրականացնում է խիստ վերահսկողական գործընթացներ»,- ասել է  ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը: Ըստ նրա՝ այդ ուղղությամբ իրականացված միջոցառումների թվաքանակն աճել է 97,7 տոկոսով, իսկ փոխկապակցված ճանաչված տնտեսավարող սուբյեկտների թվաքանակը՝ 122,4 տոկոսով։ Մասնավորեապես, 87 դեպքով հիմնավորվել է, որ թվով 258 հարկ վճարող գործունեություն է իրականացրել  միմյանց հետ փոխհամաձայնեցված սկզբունքով։  2019 թ.  44 դեպքով թվով 116 հարկ վճարողներ են ճանաչվել փոխկապակցված: «Այս ուղղությամբ լուրջ աշխատանքներ ենք տարել եւ տրամադրված ենք նույն ոգով շարունակել 2021 թվականին: Կազմակերպությունների անուններ չեմ հնչեցնի: Ասեմ, որ եղել են դեպքեր, երբ խոշոր բիզնեսն է գնացել նման քայլի, որը հիմնականում խնդիր ունի՝ ծախսերի հետ կապված: Արհեստական ստեղծում են մի քանի կազմակերպություններ, որպեսզի ծախսերի վերաբերյալ փաստաթղթեր ստանան եւ շահութահարկի հաշվետվությունում այդ ծախսերն արտացոլեն եւ պակաս հարկեր վճարեն»,- ասել է  ՊԵԿ պաշտոնյան:

Անդրադառնալով հարկեր քիչ վճարելու նպատակով բիզնեսը տրոհելու այլ  եղանակներին՝ ՊԵԿ պաշտոնյան նշել է, որ դրանք ամենատարբեր բնույթի են: Օրինակ, մանրածախ առեւտուր իրականացնող տնտեսավարողներն իրենց գործունեությունը կազմակերպում են մի քանի խանութներում: Եվ որպեսզի այդ բոլոր խանութների շրջանառության հանրագումարը չգերազանցի շրջանառության հարկով հարկման շեմը, ապա յուրաքանչյուր խանութի գործունեությունը կազմակերպվում է ազգականի կամ վարձու աշխատողի անվամբ գրանցված ձեռնարկատրիրոջ, միգուցե հիմնադրված ՍՊԸ-ի միջոցով: ՊԵԿ-ը կատարում է ծածկագրված, գաղտնի օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ փորձնական գնումներ, զեղչի քարտերի, սոցիալական ցանցերում բիզնեսի էջերի ուսումնասիրություն եւ այլն: Բիզնեսի «հնարամտությունները» բացահայտելուն հաջորդում են իրավական գործընթացներ:

«Մեկ այլ տարածված երեւույթի մասին կուզեի խոսել, որն ավելի շատ 2020 թվականին է դրսեւորվել: Խոսքը շինարարության ոլորտի մասին է: Այս ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողներն իրենց վարձու աշխատողներին, օրինակ, ասենք, զոդողին, ներկայացնում են որպես անհատ ձեռնարկատեր, ձեւական կնքում են ծառայությունների մատուցման պայմանագիր, հետո զոդողը ծառայությունների մատուցման հաշիվներ է դուրս գրում այս կազմակերպությանը: Երբ մենք ուսումնասիրում ենք, պարզվում է, որ, օրինակ, զոդողը տեղյակ էլ չէ, որ ինքը գրանցված է որպես անհատ ձեռնարկատեր, որ իր անունով հարկային մարմին է ներկայացվում հաշվետվություններ եւ այլն»,- ասել է նա:

 

 

 

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ Ա՞ՅՑ, ԹԵ՞ «ՖԱԼՇ ՍՏԱՐՏ»

Աժ անկախ պատգամավոր,  «Հանուն հանրապետության» կուսակցության  ղեկավար Արման Բաբաջանյանը հունվարի 28-ին այցելել է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի  սահմանագոտի։  Նա եւ  «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամներ Արթուր Մանուկյանը, Արտակ Մարկոսյանը հանդիպումներ են ունեցել սահմանամերձ  Ոսկեպար, Կոթի  եւ   Բարեկամավան գյուղերում։ Արման Բաբաջանյանը հայտնել  է, որ իր հանդիպումները կայացել են համատարած աղքատության եւ անորոշության մատնված գյուղերում։ Ոսկեպարում կայացած  հանդիպման ընթացքում քննարկվել են  Ոսկեպարի  բնակիչներին մտահոգող առաջնային հարցեր՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հետեւանքով  ստեղծված իրավիճակը, սահմանային գոտում Ադրբեջանի հետ ընթացող աշխատանքները, սահմանային տեղորոշումների, սահմանային վիճելի տարածքներում գտնվող անշարժ գույքի գրանցման խնդիրները, Ոսկեպարում  հողօգտագործման պահանջ ունեցող ընտանիքներին աջակցելու հետ կապված  հարցեր: Նշենք, որ Ոսկեպար գյուղի ծայրամասում գտնվող 3 տուն, ըստ քարտեզի, գտնվում են Ադրբեջանի տարածքում, դրանց տերերը անշարժ գույքի իրավունքի վկայականներ չունեն։ Արման Բաբաջանյանը ընդգծել է, որ սահմանազատման ու սահմանագծման աշխատանքները պետք է իրականացվեն՝ միջազգային փորձը եւ  համապատասխան իրավական գործիքներ ներդնելով, նա  ներկայացրել է նաեւ  «Հանուն հանրապետության» կուսակցության ծրագիրը եւ  ծավալած գործունեությունը, անդրադարձել Հայաստանի ներքին եւ  արտաքին քաղաքական ներկա իրավիճակին: Կոթի գյուղում  Արման Բաբաջանյանը լսել է  կոթեցիների բարձրացրած խնդիրները  եւ  խոստացել  լուծումներ առաջարկել դրանց: Կոթիի  բնակիչների մտահոգությունները  հիմնականում վերաբերում էին հետպատերազմյան իրավիճակին, սահմանային անվտանգության հարցերին: Նա   վստահեցրել է, որ սահմանամերձ համայնքների խնդիրները իր ուշադրության կենտրոնում են, եւ որ նմանօրինակ այցերը կրելու են շարունակական բնույթ: Անդրադարձ է  եղել նաեւ  արտահերթ խորհրդարանական ընտրությունների հնարավորությանը, Արման Բաբաջանյանը ընդգծել է  դրանց կարեւորությունը: Ոսկեպարի  գյուղապետարանի շենքում  հանդիպման ժամանակ  նա  հայտարարել է, որ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ են կատարվելու, եւ  կուսակցություների համար խորհրդարան  անցողիկ շեմի տոկոսը լինելու է ոչ թե  քվեարկության մասնակիցների  ձայների 5, այլ 3 տոկոսը։  Հավելենք, որ Տավուշի մարզի բնակիչների բացարձակ մեծամասնությունն անտեղյակ է  «Հանուն հանրապետության» կուսակցությանը եւ դրա գաղափարախոսությանը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս