Երեկ Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ իրենց բնակության տեղ տան:
Քաշաթաղցիների խոսքով՝ իրենց վերջին 2 ժամում են ասել, որ պետք է տարհանվեն, եւ ոչինչ չեն հասցրել վերցնել իրենց հետ: «Մեր ունեցվածքը մնացել է, տան համար ենք հավաքվել, մեր տարածքը մնացել է այնտեղ: Վերջին 2 ժամում են մեզ ասել, որ տարհանվում ենք, ոչ մի բան չենք հասցրել հանել, ոչ մեկն էլ չի հանել, թող հիմա տուն տան, գնանք ապրենք»,-մեզ հետ զրույցում ասել են վրդովված քաշաթաղցիները: Նրանցից մեկը հավելել է, որ այստեղ-այնտեղ են ապրում: «Մի քանի անգամ օգնություն է տվել համայնքապետարանը, հիմա ասում են՝ էլ չենք տալու, բա ինչպե՞ս պետք է ապրենք: Ո՞նց պիտի ապրի էս ժողովուրդը, ո՛չ տուն ունենք, ո՛չ տեղ ունենք, գետնին են քնում երեխաները»,- ասել են նրանք: Նրանք պնդում են, որ ամեն տեղ էլ դիմել են, սակայն իրենց ո՛չ դրական, ո՛չ էլ նույնիսկ բացասական պատասխան չեն տալիս: Մեկ այլ բնակիչ էլ հավելեց. «Մեզ անտերուդուրս գցել են փողոցները, ոչ ոք ոչ մի բան չի ասում, մի երկու օգնություն էին տալիս, դա էլ չենք կարողանում ստանալ: Ամեն ինչ կորցրել ենք, երկու լիքը տուն թողել, եկել ենք: Այսօր տանիքի հարց ենք ուզում լուծել, մեզ ուրիշ այլ բան պետք չէ»:
Ինչ վերաբերում է 300 հազար դրամ օգնությանը, քաշաթաղցիները նշում են՝ դրանով ինչ պետք է անեին, դրանով միայն վարձ ու կոմունալ են տվել, բա մնացա՞ծը: «Մենք մեր տանիքն ենք ուզում, մեր կորցրածը, ուրիշ ոչ մի բան: Մենք քաղաքականության հետ գործ չունենք, մեզ մեր կորցրածը թող տան. թափառական ենք դարձել, մի օր՝ էս մեկի տանը, մի օր՝ էն մյուսի, ինչքա՞ն կարելի է»,- նշել են նրանք:
«Մենք Քաշաթաղից ենք, մեր բնակչությունը բռնի ուժով տեղահանվել է՝ սկսած հոկտեմբերի 18-ից, մեր բնակչության մեծ մասը եղել է ռազմաճակատում, համայնքները հանձնվել են, այժմ մեր պահանջը մեր գույքի փոխհատուցումն է համարժեք եւ խելամտության սահմաններում»,-ասել է Արցախի Քաշաթաղի շրջանի Հայկազյան համայնքի ղեկավարը:
Նրա խոսքով՝ Քաշաթաղից տեղահանված է մոտ 13 հազար բնակիչ, 3000 ընտանիք, որոնց մեծ մասը բնակվում է ՀՀ-ում: Ըստ նրա՝ Հայաստանի կառավարությունից տրամադրվել է 300 հազար դրամ եւ 68 հազար դրամ օգնություն: «Այդտեղ էլ ծրագրային խնդիրներ կան, եւ բնակչության մոտ 20 տոկոսը չի կարողանում օգտվել այդ ծրագրերից, եւ արդեն 4 ամիս է՝ մարդիկ ապրելու հնարավորություն չունեն»,- ասել է Հայկազյան համայնքի նախկին ղեկավարն ու հավելել, որ իրենց խնդիրն այն չէ, որ դառնան նպաստառու, պետությունից գումար ստացող, իրենց խնդիրն է գույքի փոխհատուցում ստանալը:
Հայկազյանի նախկին ղեկավարը հիշեցրել է, որ բնակարանների վարձերը ՀՀ-ում տատանվում են 100 հազարից 150 հազարի սահմաններում, որը ի վիճակի չեն վճարել, բացի այդ, կան կոմունալ վճարներ, որոնքեւս արդեն ի վիճակի ենք վճարել: «Մենք դիմել ենք կառավարությանը, փորձել ենք գրագետ ճանապարհով խնդիրը լուծել, արդյունքի չենք հասել, դրա համար այսօր կազմակերպել ենք այս ակցիան»,-ասել է նա:
Բնակիչների խոսքով՝ նրանք հանդիպել են Արցախի աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ, որն ասել է, որ կտրամադրեն Արցախում բնակարաններ, իսկ եթե Արցախ չեն ուզում վերադառնալ, դիմեն ՀՀ կառավարությանը:
59 ՆՈՐ ԴԵՊՔ
Հայաստանում հունվարի 29-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 59 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 166 728 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 644 796, վերջին մեկ օրում` 1190 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 5984 պացիենտ. մեկ օրում նվազել է 211-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 156 910 անձ, վերջին մեկ օրում՝ 265 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3069 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 765 է:
ԶԵԿՈՒՅՑԸ
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարմացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ հրապարակված միջանկյալ զեկույցը, որում ներառվել են նաեւ 2020թ. դեկտեմբերի 22-ից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված քաղաքացիական անձանց սպանության դեպքերը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Զեկույցում ամփոփված են 2020թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսիայի ընթացքում թիրախային հարվածների հետեւանքով եւ Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված (գերեվարված) քաղաքացիական անձանց սպանության դեպքերը՝ վերաբերելի հակիրճ տեղեկությունների ներկայացմամբ: 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021թ. հունվարի 28-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից 72 քաղաքացիական անձանց սպանության դեպք, որից 41-ը՝ թիրախային հարվածների հետեւանքով, 31-ը՝ գերեվարման մեջ: Արձանագրվել են խոշտանգման եւ դիակների խեղման, անխուսափելիորեն քաղաքացիական մահերի հանգեցնող թիրախային հարվածների մի շարք դեպքեր: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաեւ 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետեւանքով:
Զեկույցում ներկայացվել են միայն անառարկելի հիմքերով ապացուցված դեպքերը, սակայն ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ նաեւ այլ ենթադրյալ դեպքերի վերաբերյալ ուսումնասիրություն պահանջող տեղեկություններ, որոնց հետազոտության արդյունքները կներառվեն զեկույցի հետագա թարմացումներում:
Զեկույցի թարմացման պահի դրությամբ Պաշտպանի աշխատակազմը շարունակում է տիրապետել անհետ կորած քաղաքացիական անձանց վերաբերյալ տվյալների, որոնց մի մասը հավանաբար գտնվում է ադրբեջանական գերության մեջ, իսկ մյուս մասը ենթադրաբար սպանվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այդ մասին են վկայում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած արցախյան բնակավայրերում քաղաքացիական անձանց դիակների հայտնաբերման պարբերական դեպքերը:
Որոշ զոհերի մարմիններ գտնվել են մահից տեւական ժամանակ անց, ինչը պահանջում է խորը մասնագիտական հետազոտություն կոնկրետ դեպքերում մահվան հանգամանքները մանրամասն արձանագրելու եւ կատարված հանցագործությունների հետքերը բացահայտելու համար, այդուհանդերձ, որոշ դեպքերով ներկայացվել են նաեւ դատաբժիշկ-փորձագետի նախնական եզրակացությունները: