«ՇՆԵՐԸ ԿՐԱԿՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՄԵՆՔ ԱՄՈՒՐ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում  հերոսաբար զոհվել է ժամկետային զինծառայող Ռադիկ Հովակիմյանը: Ռադիկը մասնակցել է Հորադիզի  թեժ մարտերին, սակայն մեր հերոսն անմահացել է ԱԹՍ-ի հարվածից հենց պատերազմի երկրորդ օրը:

 

ArmLur.am-ի հետ զրույցում մերօրյա հերոսի հերոսական կերպարի եւ անավարտ երազանքների մասին պատմել է նրա քույրը՝ Սեդա Հովակիմյանը:

«Տարի յոթ ամսվա զինծառայող էր, երբ սկսվեց արցախյան պատերազմը: Ռադիկը շատ աշխույժ, կյանքով լի երիտասարդ էր, մեծ հարգանք էր վայելում իր շրջապատում, շատ էր սիրում մեքենա վարել: 8 տարեկան էր, երբ առաջին անգամ սկսեց մեքենա վարել, անգամ մեքենայի մեջ չէր երեւում, այդպես գնում էր խանութ, գալիս էր: Եվ իր այդ աշխուժությամբ միշտ աչքի է ընկել: Շատ ամուր, պինդ տղամարդու բնավորություն ուներ. եթե մի բան որոշում էր, ապա երբեք հետ չէր կանգնում իր խոսքից, իր խոստումներից: Ուսումն ավարտելուց հետո ընդունվեց ավտոդպրոց, որից հետո  մեկնեց ծառայության: Բանակում նույնպես մեքենա էր վարում»,-պատմում է մեր զրուցակիցը:

Մերօրյա հերոս Ռադիկի մասին նրա ընկերները մեծ ոգեւորությամբ եւ հարգանքով են խոսում, մեծ սիրով պատմում նրա կատարած սխրագործությունների մասին:

«Ռադիկը բանակում մեծ հարգանք էր վայելում, սպաների, ծառայակիցների կողմից  շատ սիրված զինվոր էր, նույնիսկ պատմում են, որ վերջին պահին հրամանատարը հետնահանջի հրահանգ է տվել, նա չի լսել հրամանատարին, առաջ է գնացել: Նա թշնամուց, թուրքից չէր վախենում, շատ քաջ էր, անվախ: Երբ պատերազմը դեռ չէր սկսվել, Ռադիկը առողջական խնդիրների պատճառով ենթարկվել էր վիրահատության, եւ երբ սկսվել է պատերազմը, տղաներին բարձրացրել են դիրքեր, իսկ իրեն ասել են՝ երբ հարկ լինի, իրեն կտանեն դիրքեր, քանի որ նա գտնվել է վերականգնողական փուլում, բայց նա չի համաձայնել եւ ընկերների հետ բարձրացել է առաջին գիծ: Հենց այդ գիշեր էլ թշնամու ԱԹՍ-ի հարվածից խոցվել է նրա հակահրետանային մեքենան: ԱԹՍ-ի հարվածից Ռադիկը ստանում է  գանգուղեղի ծանր վնասվածք եւ բազմաթիվ  այլ բեկորային վնասվածքներ: Ռադիկին Արցախից շուտափույթ կերպով տեղափոխում են Երեւան: Եղբորս սիրտը բաբախում էր, հույսը մեծ էր, որ կապրի, բայց, ցավոք, չդիմացավ եւ հոկտեմբերի 3-ին անմահացավ»,- սրտի կսկիծով պատմում է մեր զրուցակիցը:

Քույրը հիշում է՝ երբ վերջին անգամ եղբոր հետ խոսել է, հայտնել է, որ անհամբերությամբ է սպասում, թե երբ պետք է այս ամենն ավարտվի, որպեսզի կարողանա գա տուն, տեսնի երեխաներին:

«Միշտ ասում էր՝ չվախենաք, շներն էլի կրակում են, բայց մենք ամուր կանգնած ենք»,- նշում է քույրը:

 

 

 

«Ո՛Չ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ՄԻ ԲԱՆ, Ո՛Չ՝ 17 ՍՐԻԿԱՆԵՐԸ»

«Այն հայերը, ովքեր թալանով զբաղվեցին, թող մի հատ մեջները հայրենասիրությունը խոսի, զենքեր առնեն, երկիրը նորմալ զենքերով զինեն եւ ոտքի կանգնեցնեն, իսկ այլ քաղաքական զարգացումներ այս ժամանակահատվածում կանխագուշակել չեմ կարող»,- ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց ռեժիսոր, բեմադրիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին:

 

Հարցին, թե ինչու չի մասնակցում մտավորականների քննարկումներին եւ բողոքի ցույցերին, մեր զրուցակիցը նշեց. «Իսկ ունե՞նք մտավորականություն:  Ես ոչ մի հավաքի, քննարկման չեմ մասնակցում եւ ոչ էլ կողմ եմ դրանց եւ, ընդհանրապես, նման բաներ ես չեմ սիրում: Կարծում եմ, որ ամեն մարդ պետք է զբաղվի  իր գործով՝ նկարիչը՝ նկարի, երաժիշտը՝ երաժշտություն գրի, բեմադրիչը՝ բեմադրությամբ զբաղվի»:

ՀՀ ժողովրդական արտիստի խոսքով՝  ո՛չ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է եւ ո՛չ էլ 17 կուսակցությունների:

«Իմ կարծիքով՝ ո՛չ Նիկոլ Փաշինյանն է մի բան, ո՛չ էլ այն 17 սրիկաները: Նոր ընտրություններին ժողովուրդը պետք է մասնակցություն ունենա  եւ ընտրի իր ղեկավարին: Ժողովուրդը պետք է իր ընտրությունը կատարի, իսկ եթե ուզում  են՝ իրենք առանց ժողովրդի ընտրելու նշանակվեն, ինչ-որ օյինբազ ժամանակավոր իշխանություն ձեւավորեն, ապա, կարծում եմ, դրանք հիմար բաներ են: Ես ինքս ինձ համար ունեմ վարչապետի թեկնածու, ով հայտնի չէ հանրությանը: Մի հայ մարդ է, ով  ապրում է դրսում՝ ոչ Հայաստանում: Շատ խելոք, զարգացած, կազմակերպող անձնավորություն է: Անկեղծ ասած, չգիտեմ ո՛չ անունը, ո՛չ էլ ազգանունը, պարզապես պատկերացնում եմ, որ կա մի այդպիսի մարդ, որին պետք է գտնել, բերել, որպեսզի ղեկավարի երկիրը»,- մեզ հետ զրույցում իր խոսքն այսպես եզրափակեց Նիկոլայ Ծատուրյանը:

Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

 

ՎԵՐՍԿՍԵԼ Է ՄԱՐԶՈՒՄՆԵՐԸ

Հռոմի «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբում: Մարզմանը Հայաստանի ազգային հավաքականի ավագը մարզվել է առանց սահմանափակումների: Մխիթարյանը պատրաստ կլինի «Ռոմայի» հաջորդ հանդիպմանը, որը տեղի կունենա հունվարի 31-ին (մրցակիցը «Վերոնան» է): 32-ամյա կիսապաշտպանը մկանային խնդիրների պատճառով չմասնակցեց «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության 19-րդ տուրի հանդիպմանը (4:3): Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա բաց թողեց առաջին հանդիպումը: Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 18 խաղի եւ դարձել 8 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:

 

 

 

ՌՈՄԱՆ ԿԳԼԽԱՎՈՐԻ

«Միլանի» ու «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մոտ է իտալական «Ռոման» գլխավորելուն: 53-ամյա մասնագետը նախնական պայմանագիր է կնքել «Ռոմայի» հետ: Պայմանագիրը նախատեսված է 2 տարով՝ երկարաձգելու հնարավորությամբ: Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 4.5 միլիոն եվրո: Սպասվում է, որ Ալեգրին «Ռոմայում» աշխատանքը կսկսի կա՛մ այս մրցաշրջանի ընթացքում, կա՛մ 2021-ի ամռանը: «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան 2019 թվականից է գլխավորում թիմը: Դրանից առաջ նա աշխատել է նաեւ ուկրաինական «Շախտյորում», պորտուգալական «Բրագայում», «Պորտուում» եւ այլ ակումբներում: Իտալիայի առաջնության 19-րդ տուրից հետո հռոմեացիները 37 միավորով երրորդ տեղում են: Մասիմիլիանո Ալեգրիի նախորդ աշխատավայրն էր Թուրինի «Յուվենտուսը», որտեղից նա հեռացել է 2019-ի ամռանը:

 

 

 

20 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

«ԱԿԲԱ» բանկը եւ ֆրանսիական «Պռոպարկո» ֆինանսական զարգացման գործակալությունը կնքել են 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկային պայմանագիր Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունների եւ գյուղոլորտի զարգացմանը աջակցելու նպատակով: Ներգրավված միջոցները կնպաստեն տնտեսության մեջ ուղիղ ներդրումներ կատարելուն: «Պռոպարկո» ֆինանսական զարգացման գործակալությունը աջակցում է տնտեսությունների կայուն զարգացմանը Ասիայում, Լատինական Ամերիկայում եւ Մերձավոր Արեւելքում: Բանկը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից։

 




Լրահոս