Այսօրվանից Ռուսաստանը բացել է սահմանները Հայաստանի քաղաքացիների համար, բայց մի պայմանով՝ ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել Ռուսաստան կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։ Սահմանների բացվելու մասին լուրը լսելուց հետո մեր հայրենակիցները ավիատոմս գնելուց հետո շտապել են օդանավակայան: Ի դեպ, այսօր Հայաստանից դեպի Մոսկվա 4 չվերթ է իրականացվելու:
ArmLur.am-ը հենց օդանավակայանում փորձեց հետաքրքրվել քաղաքացիներից, թե ուր և որտեղ են գնում, ինչ նպատակով: Արդյոք աշխատանքային առաջարկ ունեն, որ գնում են, թե ոչ: Պարզվեց՝ նրանց մեծ մասը աշխատանքային առաջարկ չի ստացել, սակայն սահմանները բացվելու մասին լսելուց հետո շտապել է օդանավակայան՝ ձեռքին՝ անձնագիրը, կորոնավիրուսի տեստի բացասական պատասխանը:
Հայաստանից մեկնողներից մեկն էլ 4-ամյա Էլլան է, շտապում է հայրիկի մոտ, ասում է, որ շատ է կարոտել: Բացի այս, Հայաստանից դեպի ՌԴ տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները շեշտակի աճել են։ Ավիաընկերությունների աշխատողների խոսքերով, թանկացումը պայմանավորված է մեծ պահանջարկով։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մինչև փետրվարի 8-ը ազատ ավիատոմս գրեթե հնարավոր չէ գտնել:
Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան