Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտից հետո լճից դուրս է բերվել 64 ապօրինի ցանց: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված 2020 թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը: Արգելվել է որևէ լողամիջոցի մուտքը Սևանա լիճ և ուժեղացված հսկողություն է սահմանվել Հայաստանի ողջ տարածքում։
Հաշվի առնելով ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2020 թվականի նոյեմբերի 30-ի գրությունը և հնգակողմ միջոցառումների ծրագիրը` կապված «Սիգ» ձկնատեսակի ձվադրման ժամանակահատվածին, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով 2020 թվականի դեկտեմբեր և 2021 թվականի հունվար ամիսներին՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի, Սևանի ՃՈ, Դիլիջանի հենակետերում, Սևանա լճի ափամերձ և ջրային հայելու տարածքից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, և ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված վերահսկողական, կանխարգելիչ միջոցառումների արդյունքում լճից դուրս է բերվել ընդհանուր թվով 64 ապօրինի ցանց։
Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով:
Հսկողության միջոցառումները շարունակվում են։