
Իրանը նոր կրող հրթիռի արձակում է իրականացրել, հայտնել է Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, գերատեսչության տվյալներով՝ հրթիռը, որը նախատեսված է արբանյակներ ուղեծիր դուրս բերելու համար, կրում է «Զուլջանահ» անվանումը և իրանական հրթիռներից ունի ամենահզոր շարժիչը, որն աշխատում է պինդ վառելիքով:
«Այս կրող հրթիռը կարող է 220 կիլոգրամ կշռող արբանյակը դուրս բերել 500 կիլոմետր բարձրության վրա»,-ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ, որը նշում է, որ դա փորձնական արձակում էր:
Իրանն առաջին անգամ պինդ վառելիք է օգտագործել կրող հրթիռի արձակման համար։