Փետրվարի 2-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 858 նոր դեպք: Այդ մասին հաղորդում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 259 209 է, ինչը Հայաստանի համեմատ ավելի է գրեթե 100 հազարով: Հայաստանում փետրվարի 2-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմել է 167 հազար 231:
Վրաստանում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 250 հազար 289 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 14 մարդ, ընդհանուր՝ 3 208:
Հայաստանում վերջին օրվա ընթացքում արձանագրվել է մահվան 5 դեպք. ընդհանուր դեպքերի թիվը հասնելով 3 հազար 89-ի:
Վրաստանի Հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն անդրադարձել է սահմանափակումների վերացման հերթականությանը: Ըստ Իմնաձեի՝ «պարետային ժամը» կչեղարկվի ամենավերջում: Իմնաձեի խոսքով՝ կշեռքի մի նժարին առողջությունն է ու կյանքը, մյուսին՝ վրացական սովորական ապրելակերպը: