Փոփոխություններ ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման կարգում. հանրային քննարկման է դրվել նոր նախագիծ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման հրամանում փոփոխություն կատարելու նախագիծը:

Առաջարկվում է լրացնել և խմբագրել որակավորման տարակարգի շնորհման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և տարակարգի բնութագրիչները: Այդ նպատակով փոփոխություն կկատարվի ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանի հավելվածում, որով կարգավորվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի շնորհման գործընթացը:

Մասնագիտական հանրույթի կողմից հաճախ է հարց բարձրացվում, որ հանրակրթական դպրոցներում դասավանդվող առարկաների ուսուցիչների համար գործող կարգը հավասար հնարավորություններ չի ապահովում, ինչի հետևանքով ուսուցիչների մի խումբ չի կարողանում օգտվել որակավորման տարակարգ ստանալու իր իրավունքից: Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում որակավորման տարակարգ ստանալու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարին դիմում ներկայացրած 74 ուսուցչից 19-ի փաթեթները մերժվել են՝ ներկայացված փաստաթղթերի և գործող կարգի` ՀՀ կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանով սահմանված պահանջների միջև առկա անհամապատասխանությունների և որոշ բնութագրիչների անհստակությունների պատճառով:

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է տարակարգի փաստաթղթերի ներկայացման ընթացքում հաճախակի հանդիպող խնդրահարույց հարցերը կարգավորել և գործընթացը հստակեցնել:

Մասնավորապես հաշվի առնելով, որ «Ֆիզկուլտուրա» առարկան ընդգրկված չէ ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների ցանկում, քննարկման դրված նախագծով առաջարկվում է որպես բնութագրիչ ներառել նաև հանրապետական մրցումներում մրցանակային տեղեր զբաղեցրած սովորողներ ունեցող ուսուցիչների համապատասխան փաստաթղթերը:

Առաջարկվում է տարակարգի տրամադրման պայմանների ցանկում ներառել նաև օլիմպիադաներում կամ առարկայական տարբեր մրցույթներում մրցանակակիր սովորողներ ունենալու հանգամանքը (գործող կարգում պարտադիր էր մեդալակիր լինելը, այնինչ շատ դեպքերում հաղթանակի համար մեդալի փոխարեն այլ մրցանակ է տրվում)։

Համավարակի պայմաններում ներդրված հեռավար կրթությամբ պայմանավորված՝ հանրակրթական դպրոցների մի շարք ուսուցիչներ վերապատրաստման դասընթացներ են վարել նաև հեռավար եղանակով: Նկատի առնելով այդ իրողությունը` առաջարկվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցող հարթակներում վերապատրաստման դասընթաց վարելու, ինչպես նաև եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրով վերապատրաստում իրականացնելու փաստերը ներառել տարակարգի բնութագրիչների ցանկում` վերապատրաստող ուսուցչի գործունեությունն ամփոփելով մեկ ընդհանրական բնութագրիչի մեջ:

Առաջարկվում է հստակեցնել նաև հրապարակումներ ունենալու բնութագրիչը` խուսափելով երկիմաստ մեկնաբանություն ենթադրող ձևակերպումներից։

Մեկ այլ փոփոխությամբ ուսուցչի վարպետության մակարդակի բնութագրիչը կդիտարկվի միայն լավ և գերազանց մակարդակների դեպքում, քանի որ գործող կարգով, ըստ էության, պահանջվում է միայն վարպետության մակարդակի փաստաթղթերի ներկայացում՝ անկախ նրանից, որ գնահատականը կարող է լինել վատ կամ ոչ բավարար։

Նախագծի կարևոր նորություններից է գիտական աստիճան կամ կոչում ունենալու վերաբերյալ բնութագրիչի ներառումը, ինչը լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ մասնագիտական գիտելիքների զարգացման համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` գործող կարգում ընթացիկ փոփոխությունների կատարումն արդեն հասունացած էր` հաշվի առնելով որակավորման տարակարգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամանակ ի հայտ եկող անհամաձայնությունները: Սակայն հետագայում՝ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունից հետո, նախատեսվում են տարակարգի շնորհման գործընթացի առավել արմատական փոփոխություններ` մանկավարժական ներուժի զարգացման նպատակով:

Նշենք նաև, որ շահագրգիռ մասնագետներն ու կառույցները իրենց առաջարկները կարող են ներկայացնել մինչև փետրվարի 10-ը:




Լրահոս