Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի նորակառույց շենքերից մեկի Անաստաս Միկոյանի 2/3 հասցեի մի քանի տասնյակ բնակարանատերեր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի անպարտաճանաչ եւ ոչ բարեխիղճ պահվածքի պատճառով հայտնվել են անելանելի դրության մեջ: ArmLur.am-ը դժգոհություններ ստացավ այն մասին, որ քաղաքապետ Մարությանը չի բարեհաճում աշխատանքի ներկայանալ եւ իր ստորագրությունը դնել շենքի ավարտական ակտի վրա:
Բնակարանատերերն արդեն մի քանի շաբաթ է, ինչ սպասում են, թե երբ է Մարությանն ի վերջո բարեհաճելու կատարել աշխատանքային իր պարտականությունները, որպեսզի տեղափոխվեն իրենց նոր բնակարաններ։ «Իսթեյթ Ինվեսթմենթ ընդ Դիվելոփմենթ» ընկերության փաստաբան Երեմ Ասատրյանի խոսքով քաղաքապետարանը շեղումներ է հայտնաբերել:
Իսկ մինչ շեղումներ հայտնաբերելը, նշենք, որ ընկերությունը շենքի նախագծի եւ կատարված աշխատանքների վերաբերյալ փաթեթը Երեւանի քաղաքապետարան ներկայացրել է դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին: Պատասխան ստացել է հունվարի 20-ին, այն էլ՝ մերժման տեսքով: Բացի այս, ընկերությունը մի քանի օր տարբերությամբ առաջնորդվելով դարձյալ 2015 թվականի ՀՀ կառավարության 596 Ն-Որոշմամբ եւ դիմել է քաղաքապետարան:
Ընկերության ներկայացուցչի խոսքով քաղաքապետարանը չի հիմնավորել, թե ինչու է մերժում: Ասել են՝ կամ նախագիծը փոխեք կամ էլ տեղանքը համապատասխանեցրեք նախագծին: Անգամ չեն անդրադարձել ՀՀ կառավարության 596 Ն-որոշման 190 կետին: Իսկ մինչ քաղաքապետարանը դանդաղում է, բանակցելու եզրեր չի գտնում ընկերության հետ, 16 հարկանի այս նորակառույց շենքի մի քանի տասնյակի հասնող բնակիչներ շիվարած են: Գիտեին, որ բնակարանատեր են դառնալու դեկտեմբերին, բայց արդեն փետրվարն է հայտնի չէ՝ բնակարան կունենա՞ն, թե՞ ոչ:
Բացի այս քաղաքապետ Հայկ Մարությանի եւ իր աշխատակազմի անտարբեր պահվածքի պատճառով տուժում են ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլեւ կառուցապատող ընկերությունն է վնասներ կրում: Ավարտ չունեցող այս քաշքշուկից հիասթափվել է օտարերկրյա ներդրողը: Քաղաքապետարանից պարզաբանում չենք պահանջել, քանի որ նախապես տեղեկացված ենք, որ մեր բանավոր հարցումները չեն մեկնաբանվելու ինքնագոհ խոսնակի կողմից:
Մանրամասները՝ տեսանյութում
Սյունէ Համբարձումյան Հովսեփ Հովսեփյան