Փետրվարի 9-ին Սահմանադրական դատարանում կկայանա «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` Ազգային ժողովի կողմից իր լիազորությունների իրականացման, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով նիստը: Գործի դատաքննությունը կսկսվի հենց փետրվարի 9-ին եւ տեղի կունենա բանավոր ընթացակարգով:
Իսկ ինչ գործի մասին է խոսքը. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեռ օգոստոսի 19-ին դիմել էր Սահմանադրական դատարան՝ ՍԴ ճգնաժամը լուծելուն ուղղված «Իմ քայլը» խմբակցության առաջ քաշած օրենքի սահմանադրականությունը որոշելու հարցով։
Ըստ «Լուսավոր Հայաստան»-ի՝ ԱԺ-ն պարտավոր էր դիմել և կարծիք ստանալ ՍԴ-ից՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ։ «Ազգային ժողովը դուրս է եկել իր սահմանդրական լիազորությունների շրջանակից՝ խախտելով Սահմանադրությունը, երբ, փաստացի փոփոխության ենթարկելով Սահմանադրության իրացված անցումային դրույթ 213-րդ հոդվածը, բովանդակային իմաստով փոփոխության է ենթարկել Սահմանադրության՝ դատական իշխանությանը վերաբերող 7-րդ գլխի կարգավորման ներքո գտնվող Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի մեջ»,- հայտարարել էր ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Հիշեցնենք՝ համաձայն այդ փոփոխությունների, Հրայրը Թովմասյանը թողեց ՍԴ նախագահի պաշտոնը, և բարձր դատարանի կազմից հեռացան 12 տարի պաշտոնավարած դատավորները, որոնք են, ըստ փոփոխությունները նախաձեռնած «Իմ քայլը» իշխանական խմբակցության պատգամավորների և Կառավարության, Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը:
Ն.Հ.