ArmLur.am-ը զրուցել է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի հետ: Վերջինս հայտարարեց, որ իր շրջապատում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը զրո նիշից ցածր է: Մեր զրուցակիցը խոսել է առաջիկայում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացման, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին:
-ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը փակ քննարկում է ունեցել, որից հետո հայտարարվել է, որ ուզում են հասկանալ՝ արդյոք կարելի է ինքնալուծարել օրենքի մշակմամբ, սահմանադրական փոփոխությամբ: Այս պահին նպատակային համարո՞ւմ եք խորհրդարանի լուծարումը օրենքի փոփոխությունների միջոցով:
-«Հանրապետություն» կուսակցությունը հենց առաջին օրվանից հայտարարել է, որ ներքաղաքական իրավիճակի անվստահությունը կարելի է լուծել արտահերթ ընտրությունների միջոցով: Հետեւաբար պետք է գտնել ելքեր, տարբերակներ, թե ինչպես կարելի է հասնել արտահերթ ընտրությունների: Եվ ցանկալի է, որ այդ տարբերակները լինեն Սահմանադրության շրջանակներում: Եղան ուժեր, որոնք փորձեցին նույնիսկ ապստամբության տարբերակը, բայց ժողովուրդը չմիացավ իրենց, եւ նույն ժանապարհը, ինչն իրականացրել էր Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, նույնը կրկնելը չէր ստացվելու, առավել եւս չէր ստացվելու 17 կուսակցությունների համար, ինչը շատ լավ է, որ չստացվեց: Ես չեմ թաքցնում, որ ուրախ եմ դրա համար, որովհետեւ գտնում եմ՝ պատերազմներից հետո շատ ռիսկային է, առավել եւս՝ մեր տարածաշրջանի համար: Այսօրվա իրավիճակը չպետք է սրել այնպես, որ հետեւանքների համար մտածենք, որ մենք ինքներս էինք մեղավոր: Բայց ես գտնում եմ, որ այս ամենը պետք է արվի սահմանադրական ճանապարհով: Պատերազմից հետո պետք է հստակություն լինի, թե ով որ ընտրվի, ասի՝ որ կետից սկսում ենք եւ ուր ենք գնում, ինչ ենք անելու:
Սահմանադրական ճանապահով այդ խնդրի լուծումը ունի մի տարբերակ. մեր հանրությունը նախորդ ընտրություններում արդար քվե է տվել «Իմ քայլը» խմբակցությանը, «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին: Եվ նրանք էլ այսօր, ըստ ժողովրդի քվեի, խորհրդարանում են, եւ խնդիրը պետք է լուծվի այս երեք ուժերի մեջ:
-Պարո՛ն Սարգսյան, ե՛ւ խորհրդարանական, ե՛ւ արտախորհրդարանական ուժերը մեկ հարց են առաջ քաշում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նրանք այլ տերաբերակ չեն տեսնում: Ինչպե՞ս եք պատկերացնում սրա ելքը:
-Նախ՝ պարոն Ծառուկյանը եւ «Բարգավաճ Հայաստան»-ը միացել է 17 կուսակցություններին, եւ ինքը ոչ միայն առաջարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իրենք առաջարկում են նրա հրաժարականից հետո պարտադրել «Իմ քայլը» խմբակցությանը, Ազգային Ժողովին, որ վարչապետ ընտրեն Վազգեն Մանուկյանին: Էդմոն Մարուքյանը դա չի առաջարկում. նա պահանջում է, որ Ն. Փաշինյանը հրաժարական տա, եւ ասում է, որ այդ հրաժարականից հետո նա իր թեկնածությունը դնելու է: Սրանք տարբեր բաներ են: Այսինքն՝ տակտիկական առումով «Լուսավոր Հայաստան»-ն ու «Բարգավաճ Հայաստան»-ը տարբեր մոտեցումներ ունեն, եւ իրենք էլ իրար մեջ կոմպրոմիսի գալու խնդիր ունեն: Դա կարող է լինել այն, որ «Բարգավաճ Հայաստան»-ը հրաժարվի 17-ի ենթատեքստում Վազգեն Մանուկյանի թեկնածության համար պայքարելուց եւ ԼՀԿ-ի հետ որոշակի կոմպրոմիսի գա: Դա կարող է լինել, որ Նիկոլ Փաշինյանի փոխարեն վարչապետ դառնա «Իմ քայլը» խմբակցությունից որեւէ մեկը:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՊԱՏԵՐԱԶՄՆ ԱՎԱՐՏՎԵԼ Է ՄԻԱՅՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ
Սեպտեմբերի 27-ին սկսված Արցախ-Ադրբեջան 44-օրյա դաժան պատերազմն ավարտվել է միայն սահմանագծին: Տնտեսական, իրավական ու քաղաքական դաշտում պատերազմը ադրբեջանի հետ դեռ շարունակում է ընթանալ, ընդ որում՝ այն տեղափոխվել է արդեն հայ-ադրբեջանական տիրույթ:
Նոյեմբերի 11-ին՝ հրադադարի հայտարարումից 1 օր անց, Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին Ադրբեջանը գերեվարեց մոտ 10 քաղաքացիների՝ խաղաղ բնակիչների, որոնք պարզապես տարբեր գործերով մեկնում էին Արցախ։ Այնուհետեւ Հադրութի հատվածից մոտ 8 տասնյակ կամավորների գերեվարման մասին հայտնի դարձավ:
Հունվարի 25-ին Վրաստանում հավանաբար հենց ադրբեջանցիները քարերով հարձակվել էին հայկական համարանիշներով բեռնատարների վրա, կոտրել ապակիներ: Այսինքն՝ պատերազմը դեռ շարունակվում է: Հունվարի 25-ին Ադրբեջանի դատախազությունը պաշտոնապես ծանուցեց, որ Ադրբեջանը 21 հայի նկատմամբ հետախուզում է հայտարարել Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների կապակցությամբ։ Ադրբեջանում 2020թ. սեպտեմբերի 27-ից ի վեր Ղարաբաղում մարտական գործողությունների կապակցությամբ հարուցվել է 62 քրեական գործ: Այդ գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 17 մարդ, որոնց Բաքվում անվանում են վարձկաններ, ինչպես նաեւ ՀՀ 4 քաղաքացի: Ադրբեջանի իշխանությունները նրանց նկատմամբ հետախուզում են հայտարարել: Հետո տարբեր աղբյուրներից տեղեկություններ տարածվեցին, որ ադրբեջանցիները հետախուզում են հայտարարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի, ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի նկատմամբ:
Ավելի վաղ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտնել էին Ղարաբաղի Հադրութի շրջանում 62 հոգուց բաղկացած «հայկական դիվերսիոն խմբի» ձերբակալման մասին: Նրանց նկատմամբ եւս հարուցվել են քրեական գործեր: Նրանք որեւէ կերպ չեն համաձայնում հանձնել մեր ռազմագերիներին: Իսկ օրերս էլ հայտնի դարձավ, որ մոտ 300 հայերի նկատմամբ Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել: Ովքեր են նրանք՝ չեն գաղտնազերծվում, բայց լուրեր կան, որ նրանց թվում են ռուսաստանում բնակվող շատ հայեր, քաղաքացիական ու քաղաքական անձինք, ինչպես նաեւ զինվորականներ: Այսինքն՝ ընդհանուր հաշվով 300-ից ավելի հայեր Ադրբեջանի կողմից Ինտերպոլով միջազգային հետախուզման մեջ են գտնվում եւ չեն կարողանա դուրս գալ իրենց բնակավայրերից:
Իսկ ի՞նչ է անում հայկական կողմը տնտեսական, իրավական եւ քաղաքական հարթակներում շարունակվող պատերազմի պայմաններում: Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենում, խոստանում քննարկել գերիների հարցը, բայց չի հաջողում: Տնտեսական դաշտում հարձակումների մասով Վրաստանի իրավապահները քրգործ են հարուցել ու մեր շատ վարորդների խնդրել են ցուցմունք տալ, որ բողոք չունեն: Դե իսկ իրավապահ դաշտում ՀՀ գլխավոր դատախազությունը ադրբեջանցի ֆուտբոլային մի մեկնաբանի է հետախուզում հայտարարել: Ահա, թե ինչպես ենք պայքարում պատերազմից հետո:
Ն. Հ.
ՉՎԵՐԹՆԵՐԸ ԲԱՑՎԵՑԻՆ
Երեկվանից Ռուսաստանը բացել է սահմանները Հայաստանի քաղաքացիների համար, բայց մի պայմանով՝ ՀՀ քաղաքացիները կարող են մեկնել Ռուսաստան կորոնավիրուսի բացասական թեստի առկայության դեպքում։ Սահմանների բացվելու մասին լուրը լսելուց հետո մեր հայրենակիցները ավիատոմս գնելուց հետո շտապել են օդանավակայան: Ի դեպ, երեկ Հայաստանից դեպի Մոսկվա 4 չվերթ է իրականացվել: ArmLur.am-ը հենց օդանավակայանում փորձեց հետաքրքրվել քաղաքացիներից, թե ուր եւ որտեղ են գնում, ինչ նպատակով, արդյոք աշխատանքային առաջարկ ունեն, որ գնում են, թե ոչ: Պարզվեց՝ նրանց մեծ մասը աշխատանքային առաջարկ չի ստացել, սակայն սահմանները բացվելու մասին լսելուց հետո շտապել է օդանավակայան՝ ձեռքին անձնագիրը, կորոնավիրուսի տեստի բացասական պատասխանը: Բացի այս, Հայաստանից դեպի ՌԴ տարբեր քաղաքներ ավիատոմսերի գները շեշտակի աճել են։ Ավիաընկերությունների աշխատողների խոսքերով՝ թանկացումը պայմանավորված է մեծ պահանջարկով։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մինչեւ փետրվարի 8-ը ազատ ավիատոմս գրեթե հնարավոր չէ գտնել:
ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼ
ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետները կոչ են արել անհապաղ ազատ արձակել Լեռնային ղարաբաղի հակամարտության ռազմագերիներին եւ մյուս գերիներին, ինչպես նաեւ վերադարձնել զոհվածների մարմինները` մշակութային սովորույթների համաձայն պատշաճ հարգանքով թաղման համար: «Բոլոր նրանք, ովքեր կոնֆլիկտի հետ կապված պատճառներով զրկված են ազատությունից, պետք է վերադարձվեն իրենց տները, իսկ սպանվածների հարազատները պետք է կարողանան հետ վերցնել իրենց մտերիմների աճյունները` 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրի համաձայն: Անհայտ կորածների ճակատագրի եւ գտնվելու վայրի մասին տեղեկատվության չբացահայտումը եւ մահացածների աճյունները հանձնել հրաժարվելը կարող է հավասարազոր լինել բռնի անհետացմանը, ինչն ինչպես Ադրբեջանը, այնպես էլ Հայաստանը պարտավորվել են կանխել»,- ասել են փորձագետները: «Մենք մտահոգված ենք պնդումների կապակցությամբ այն մասին, որ ռազմագերիները եւ պաշտպանության տակ գտնվող այլ անձինք արտադատական սպանությունների, բռնի անհետացումների, խոշտանգումների եւ այլ դաժան վերաբերմունքի են ենթարկվել,- նշել են փորձագետները՝ ընդգծելով:- Ոչ մի բացառիկ հանգամանք` լինի դա պատերազմական իրավիճակ, ներքաղաքական անկայունություն, թե ցանկացած այլ արտակարգ իրավիճակ, չի կարող արդարացնել խոշտանգումները եւ բռնի անհետացումները: Նման գործողությունները, երբ կատարվում են զինված կոնֆլիկտի ընթացքում, կարող են նաեւ ռազմական հանցագործություններ լինել»: