40-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ հորաքրոջ բնակարանից 650.000 ՀՀ դրամ և 700 ԱՄՆ դոլար գումար գողանալու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Էջմիածնի
բնակչի կողմից իր հորաքրոջ բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Էջմիածին քաղաքի բնակիչ, 1980թ. ծնված տղամարդն իր հորաքրոջ՝ գործով տուժողի բնակարանում բնակվելու ընթացքում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող 650.000 ՀՀ դրամ և 700 ԱՄՆ դոլար գումարը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը, իրավունք չունենալով մուտք գործել նշված բնակարանի այն ննջասենյակ, որտեղ պահվել են հորաքրոջ անձնական իրերը, 2020 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, դուռը բացելու եղանակով, ապօրինի մուտք է գործել նշված սենյակ և հափշտակել խոշոր չափ հանդիսացող վերոհիշյալ գումարը:

Այնուհետև հափշտակված գումարների փոխարեն դրանց տեղում դրել է վճարման միջոց չհանդիսացող թվով 7 հատ հուշանվեր 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամ, ինչպես նաև՝ իր կողմից համակարգչի միջոցով տպված 4 հատ 10.000 և 12 հատ 20.000 ՀՀ դրամանոց կեղծ թղթադրամներ, որոնք հայտնաբերվել են նրա հորաքրոջ կողմից՝ հերթական անգամ բնակարանի՝ իր սենյակ գալու և այնտեղից իր կողմից դրված գումարներից վերցնելու ժամանակ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Էջմիածնի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 3-րդ մասի 1.1 կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:




Լրահոս