Կառավարության չզեկուցվող նախագծերի թվում այսօր հաստատվեց մի հարց, որով առաջարկվում է վարչապետի աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցներից 103 մլն դրամը տրամադրել Հայաստանի խորհրդարանական 3 և արտախորհրդարանական 2 քաղաքական ուժերին։ Որոշումն ընդունվեց առանց զեկուցման ու քննարկման:
Նախագծից պարզ է դառնում, որ իշխող «Իմ քայլը» դաշինքը կստանա առյուծի բաժինը` 78 մլն դրամ, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները` ԲՀԿ–ն ու ԼՀԿ–ն, կստանան համապատասխանաբար 9 մլն 150 դրամ եւ 7 մլն 56 հազար դրամ: Իսկ ահա արտախորհրդարանական ընդդիմությունից գումար կստանան միայն ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն. առաջինը` 5 մլն 208 հազար դրամ, իսկ ՀՅԴ-ն էլ՝ 4 մլն 303 հազար դրամ:
Նշենք, որ այս հատկացումները նախատեսված են ՀՀ պետական բյուջեով ու իրականացվում են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով, որով նախատեսվում է պետական աջակցություն ցույց տալ ՀՀ ազգային ժողովի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին։ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում 3 տոկոսի շեմը հաղթահարել էին հենց վերոհիշյալ 5 քաղաքական ուժերը։
Ըստ այդմ, 7-րդ գումարման Ազգային ժողովն ունեցավ 132 պատգամավոր: Անցողիկ շեմը հաղթահարել էին երեք կուսակցություններ եւ մանդատները բաշխվել էին հետեւյալ կերպ՝ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 88 մանդատ, «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 26, «Լուսավոր Հայաստան»-ն էլ՝ 18 մանդատ։ Իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել էր 59 հազար 83 ձայն, կամ ձայների 4,70 տոկոսը, Դաշնակցությունն էլ՝ 48 հազար 816 ձայն, կամ ձայների 3,88 տոկոսը:
Նախորդ տարի եւս այս ուժերին գումարներ էին հատկացրել: Նկատենք, որ յուրաքանչյուր տարի կուսակցություններին հատկացվող գումարների չափը չի փոխվում եւ նախորդ տարի եւս այս ուժերը նույն գումարն են ստացել:
Մանրամասները՝ տեսանյութում