Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին կտրուկ աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին գրանցել են հերթական՝ ութերորդ ամիսն անընդմեջ աճը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Հայաստանի գրասենյակից, ըստ կազմակերպության հաշվետվության, ամենամեծ աճը գրանցել են հացահատիկային մշակաբույսերի, բուսական յուղերի և շաքարի գները:

«Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հունվար ամսվա ընթացքում կազմել է միջինը 113.3 նիշ, ինչը 4.3 տոկոսով բարձր է 2020թ.-ի դեկտեմբեր ամսվա համեմատ և գրանցված ամենաբարձր ցուցանիշը` 2014թ.-ի հուլիսից ի վեր:

ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը գրանցել է կտրուկ՝ 7.1 տոկոս ամսական աճ`պայմանավորված գլխավորապես եգիպտացորենի միջազգային գնով, որի աճը կազմել է 11.2 տոկոս՝ 42.3 տոկոսով գերազանցելով 2020 թվականի հունվար ամսվա ցուցանիշը: Ցորենի գինը աճել է 6.8 տոկոսով՝ պայմանավորված համաշխարհային բարձր պահանջարկով և 2021 թվականի մարտին ցորենի արտահանման մաքսատուրքի կրկնապատկմանբ` պայմանավորված Ռուսաստանի Դաշնության կողմից վաճառքի կրճատման միտումներով:

ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսը ամսվա ընթացքում աճել է 5.8 տոկոսով և հասել 2012թ.-ից ի վեր գրանցած իր առավելագույն ցուցանիշին: Պատճառներից են առատ անձրևների և միգրանտների աշխատուժի շարունակական կրճատման պատճառով արմավենու յուղի սպասվածից ցածր արտադրությունը Ինդոնեզիայում և Մալայզիայում, ինչպես նաև Արգենտինայում երկարատև գործադուլները, որը նվազեցրել է սոյայի յուղի արտահանման հասանելիությունը:

ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը 8.1 տոկոսով բարձր էր դեկտեմբերի համեմատ, քանի որ ներմուծման համաշխարհային մեծ պահանջարկի առկայության վերաբերյալ տեղեկատվությունը մտահոգությունների տեղիք տվեց` կապված Եվրամիությունում, Ռուսաստանի Դաշնությունում և Թայլանդում սպասվող համախառն բերքի ծավալների նվազման, ինչպես նաև Հարավային Ամերիկայում նորմայից չոր եղանակային պայմանների հետ: Գնաճին նպաստել է նաև անմշակ նավթի գների աճը և Բրազիլական ռեալի փոխարժեքի կայունացումը:

ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսը աճել է 1.6 տոկոսով, ինչի պատճառը երկրում Ամանորի տոնակատարություններին ընդառաջ Չինաստանի կողմից գնումների քանակի ավելացումն է` Նոր Զելանդիայում արտահանվող ապրանքների սեզոնային ցածր մատակարարման ֆոնին:

ՊԳԿ մսի գնային ինդեքսը դեկտեմբեր ամսվա համեմատ աճել է 1.0 տոկոսով՝ պայմանավորված թռչնամսի մեծաքանակ ներկրմամբ, հատկապես Բրազիլիայից, թռչնագրիպի բռնկումների ֆոնին, որը արգելակում է եվրոպական մի շարք երկրներում արտադրությունն ու արտահանումը:

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակվել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ», – ասվում է հաղորդագրության մեջ:




Լրահոս