«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԵՂԵԼ ԵՎ ՉԻ ԷԼ ԼԻՆԵԼՈ՞Ւ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շատ անորոշ իրավիճակ է ստեղծվել մեր երկրում, անգամ գերտերությունները չեն կարողանում իրար հետ պայմանավորվել, ինչպես ասում են, որ մեր տունն էլ խաղաղություն  գա»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը՝ անդրադառնալով՝ մեր երկրում առկա ներքաղաքական խմորումներին եւ զարգացումներին:

 

«Իրենք էլ իրար մեջ խնդիրներ են լուծում, եւ կարծում եմ՝ մենք էլ ոտքի տակ ենք ընկել: Էլ չեմ ասում ռուսական իմպերիայի քաղաքականությունը, էլ չեմ ասում  Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին, եւ այս պարագայում թե մենք ինչպես կհաղթահարենք պատերազմի թողած հետեւանքները, չեմ կարողանում պատկերացնել: Համենայնդեպս, ոչ մի գունավոր, լուսավոր բան չեմ տեսնում առաջիկայում, որպեսզի մեկնաբանեմ: Եթե մեր ժողովուրդը կամք ունեցավ, ապա այս ամեն ինչի տակից կարող է հաղթանակած դուրս գալ, իսկ եթե մենք շարունակենք այս ձեւերով վերաբերվել,  ինչպես հիմա ենք անում մեր երկրին, ապա մեզ  տխուր բաներ են սպասվելու»,-նշում է մեր զրուցակիցը:

Երգահանի միակ մտահոգությունն այս պարագայում այն է, որ նորից պատերազմ չսկսվի, իսկ դրա հավանականությունը, ըստ մեր զրուցակցի, բավականին մոտ է իրականությանը:

«Անկեղծ ասած, ամենակարեւոր խնդիրը, որ մտածում եմ, այն է, որ պատերազմ նորից չսկսվի, զինադադարը պահպանվի, եւ փորձեն քաղաքական ճանապարհներով լուծել բոլոր խնդիրները: Տեսնում ենք՝ արդեն ամերիկացիները եւ ֆրանսիացիները սկսել են իրենց կամքը առաջ քաշել, ինչը դրական է… Ինձ թվում է՝ այս տարի մեզ համար շատ դժվար եւ փորձություններով լի տարի է լինելու, ես չեմ տեսնում, որ հեշտ կհաղթահարենք այս իրավիճակում, լավ բան չեմ կարող սպասել, չնայած որ ես իմ բնույթով շատ լավատես մարդ եմ»,-նկատում է նա:

Արտավազդ Բայաթյանի խոսքով՝ երկրում քաղաքական դաշտը եւ  քաղաքական գործիչները շատ  տխուր եւ ահավոր վիճակում են, իսկ ժողովուրդը՝ ապակողմնորոշված. «Տխուր են, ժողովուրդը լրիվ ապակողմնորոշված է, եւ պետք է շուտափույթ կերպով կարգավորվի, էլ չեմ ասում մեր ամենակարեւոր գաղափարների մասին, որոնք կապված են մեր ապագայի, ազգի հետ, հիմա լրիվ անտեսված վիճակում են գտնվում: Իսկ թե ով կլինի այդ խիզախը, որը կկարողանա այդ ամեն ինչը ի մի բերել եւ համախմբել ժողովրդին,  չեմ կարող ասել, բայց լավ կլիներ, որ ժողովուրդն իմաստություն ունենար եւ իր ապագայի համար ավելի ճիշտ մտածեր եւ շահերի հետեւից չընկներ: Ինձ համար ծիծաղելի է, երբ իշխանությունն առաջարկում է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, եւ ընդդիմությունն էլ հրաժարվում է, ոնց որ ընդդիմությունը պետք է պահանջեր դա: Սա նորնալ չէ, ընդդիմությունն ուզում է՝ բոլորը գնան, ի՞նքը գա իշխանության: Հիմա օրինական ճանապարհը ցույց են տալիս, ասում են՝ մասնակցի, հիմա ի՞նչ են ուզում դրանով ասել, ուզում են ասել, որ Հայաստանում օրինական իշխանություն չի եղել եւ չի էլ լինելո՞ւ: Ինչ են ուզում այս վարքագծով ասել՝ չեմ կարողանում հասկանալ»:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԱՎԱՐՏԵՑ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով որոշում է կայացրել ավարտել ֆուտբոլային կարիերան, այդ կապակցությամբ տարածել է հաղորդագրություն. «Կարիերայիս ընթացքում միշտ իմացել եմ, որ այս օրը գալու է: Միշտ կարծել եմ, որ իմ դեպքում ամեն ինչ ավելի հեշտ կլինի, քան կարիերան ավարտած բազմաթիվ խաղընկերներիս դեպքում: Իմ կարիերայի 14 տարիների ընթացքում զբաղվել եմ նրանով, ինչն ամենաշատն եմ սիրել: Ամեն անգամ, երբ ոտք եմ դրել խաղադաշտ, նվիրվել եմ 100 տոկոսով, եւ հիմա, հաշվի առնելով այն ամենը, ինչ կատարվում էր ինձ հետ վերջին տարում՝ վնասվածքներս, «Ռեալ Սոլթ Լեյքից» հեռանալս, այն գիտակցությունը, որ չեմ կարողանալու խաղալ 100 տոկոսով, որոշում եմ կայացրել հեռանալ հիմա ինձ համար ցանկալի պայմաններում, քան ձգձգել այս ամենը եւս մի քանի տարով: Հպարտ եմ, որ խաղացել եմ աշխարհի լավագույն լիգաներից մի քանիսում եւ ապրել եմ աշխարհի լավագույն քաղաքներից մի քանիսում: Իմ խաղացած գրեթե բոլոր ակումբներում հասել եմ նվաճումների, որոնք թանկ են իմ համար: Ավարտելով այն, ինչ մտադրվել էի ասել՝ ցանկանում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, ում կողքին խաղացել եմ հավաքականի կազմում: Առանց իմ խաղընկերների իմ կարիերան երբեք չէր լինի այնպիսին, ինչպիսին կա: Հուսով եմ եւ նաեւ վստահ, որ կրկին կհանդիպենք ֆուտբոլ խաղի շրջանակներում, ինչ կարգավիճակում էլ որ ես լինեմ».-ասել է Յ. Մովսիսյանը:

 

 

 

ՓԵՏՐՎԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԿՎԵՐՍԿՍԵՆ

«Դոմ 2» իրապատում շոուի նկարահանումները կարող են վերսկսվել փետրվարի վերջին. հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ նախագծի թիմն այս պահին պատրաստվում է շարունակել նկարահանումները։ Նախագծի 15 մասնակիցներին խնդրել են մինչեւ փետրվարի վերջ գործեր չծրագրել եւ պատրաստ լինել մեկնարկին։ Նախ պիլոտային թողարկում կպատրաստվի, ինչից հետո որոշում կկայացվի ամբողջ եթերաշրջանի մասին։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ ալիքով կհեռարձակվի նոր եթերաշրջանը։ 2020 թվականի դեկտեմբերի վերջին հայտնի է դարձել, որ «ՁծՁ» հեռուստաալիքի ղեկավարությունը որոշում է կայացրել փակել «Դոմ 2»-ը նախագծի շահութաբերության կորստի պատճառով։ «Դոմ 2»-ի հեղինակ Վալերի Կոմիսարովը ցանկանում է «ՁծՁ»-ից գնել շոուի իրավունքները։

 

 

 

ԱՐԺԱՆԻ ԷԻՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ

Հռոմի «Ռոմայի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Վերոնայի» դեմ Իտալիայի առաջնության 20-րդ տուրի հաղթական խաղում (3:1) գոլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով: «Գտեինք, որ բարդ խաղ է լինելու լավ թիմի դեմ, սակայն մենք պատրաստ էինք դրան: Առաջին խաղակեսում հրաշալի խաղ ցուցադրեցինք եւ դարձանք 3 գոլի հեղինակ, իսկ ընդմիջումից հետո կարող էինք խփել եւս մի քանիսը: Չկարողացանք անել դա, իսկ բաց թողած գոլը մի քիչ բարդացրեց իրավիճակը: Արժանի էինք հաղթանակի: Յուրաքանչյուր խաղում պետք է ցուցադրենք, որ կարող ենք եւ պետք է մնանք մրցաշարային աղյուսակի վերեւի հատվածում: Հեշտ խաղեր չկան: Գիտենք, որ բոլոր թիմերի դեմ խաղերում պետք է պայքարենք մինչեւ վերջ, իսկ վերջում կտեսնենք, թե որտեղ հայտնվեցինք: Ժամանակ ունենք «Յուվենտուսի» հետ խաղին պատրաստվելու համար: Գիտենք, որ լինելու է առանձնահատուկ հանդիպում»,- ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը մկանային խնդիրների պատճառով չէր մասնակցել «Սպեցիայի» դեմ Իտալիայի առաջնության նախորդ՝ 19-րդ տուրի հանդիպմանը (4:3): Իտալիայի ընթացիկ առաջնությունում նա բաց էր թողել առաջին հանդիպումը: Իտալիայի ընթացիկ առաջնությունում 32-ամյա կիսապաշտպանը մասնակցել է 19 խաղի եւ դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ: «Գոլ+փոխանցում» հաշվարկով Հենրիխ Մխիթարյանը եւ Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (15 գոլ, 2 փոխանցում) լավագույնն են A Սերիայի այս մրցաշրջանում։

 

 

ՀԵՌԱՑԵԼ Է «ՎԱՆ»-ԻՑ

Ռուս կիսապաշտպան Ստանիսլավ Եֆիմովը հեռացել է Չարենցավանի «Վանից». hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 27-ամյա ֆուտբոլիստի եւ ակումբի միջեւ պայմանագրի ժամկետը լրացել է, եւ կողմերը որոշել են չերկարաձգել այն։ Ստանիսլավ Եֆիմովը նախորդ ձմռանն էր միացել «Վանին»: Հայաստանում նա հանդես է եկել նաեւ «Փյունիկում», ու «Երեւանում»: «Երեւանի» կազմում նա դարձել էր Հայաստանի Առաջին լիգայի առաջնության ռմբարկու:

 

 

ԿԱՐԻԵՐԱՆ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Կիպրոսի ԱԵԼ-ի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը կարիերան կշարունակի հունական «Լամիայում»: Հունական ակումբը մինչեւ այս մրցաշրջանի ավարտը վարձակալել է 32-ամյա ֆուտբոլիստին: Հունաստանում Գեւորգ Ղազարյանը 2014-2015-ը հանդես է եկել նաեւ «Օլիմպիակոսում» ու «Կերկիրայում»:

 

 




Լրահոս