«Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել անանուն աղբյուրներին հղում անելը արգելելու նպատակով:
Սակայն ուշագրավ է, որ ԶԼՄ-ների մասին նախագիծը Ազգային ժողովն իր պատմության մեջ առաջին անգամ առանց լրատվամիջոցների հետ քննարկելու է ներկայացնում։ Երեկ լրատվամիջոցներն այս փոփոխությունների մասին իմացան հենց նախագծից։ Այսպես երբեք չէր արվել, սա վտանգում է խոսքի ազատությունը, ի վերջո անանուն աղբյուրներին հղում են անում աշխարհի բոլոր լրատվամիջոցները, եւ որեւէ երկրի պատգամավորի մտքով չի անցել գաղտագողի օրինագիծ ներկայացնել։
նշենք, որ նախագծով առաջարկվում է «ԶԼՄ մասին» օրենքի 3-րդ հոդվածը լրացնել նոր դրույթներով, որոնց համաձայն՝ կհստակեցնեն մի շարք հասկացություններ, այդ թվում` անանուն աղբյուրը: Նրանք առաջարկում են արգելել հղում կատարել այն աղբյուրներին, որոնցում ներառված չեն «Զանգվածային լրատվության մասին» օրենքով նախատեսված տվյալները, կամ անանուն աղբյուրներ են (բացառությամբ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, մասնավորապես՝ եթե տեղեկատվությունը ստացվել է լրատվական գործակալությունից, բխում է վիճարկող կողմի կամ նրա ներկայացուցչի հրապարակային ելույթից կամ պատասխանից կամ նրանցից ելնող փաստաթղթից, հրապարակային ելույթի, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթերի, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որեւէ ստեղծագործության բովանդակած տեղեկատվության բառացի կամ բարեխիղճ վերարտադրությունն է, եւ դա տարածելիս ինքը կատարել է հղում այդ աղբյուրին):
Նախ՝ արձանագրենք, որ աշխարհում նույնիսկ զարգացած երկրները չեն գտել բանաձեւը՝ որոշելու՝ լրատվություն տարածողներից որն է լրատվամիջոցը, որն է բլոգը կամ սոցցանցով տարածված լուրը։ Հիմա հայրենի խորհրդարանում հայտնվել են մարդիկ, որ մարտահրավեր են նետում աշխարհին։
Իհարկե, հասկանալի է, որ նախագծի նպատակը տարբեր «Տելեգրամ» ալիքների կողմից Նիկոլ Փաշինյանի ընտանիքի մասին անցանկալի հրապարակումների դեմ պայքարն է։ Բայց այդ նախագծով «Տելեգրամ» -ով կամ այլ ձեւաչափով տարածվող լուրերի դեմ պայքարել չի ստացվի. նրանք կաշխատեն, ինչպես այսօր, իսկ բարեխիղճ ԶԼՄ-ները դարձյալ կտուժեն։ Ու կստացվի էլի անպտուղ քայլ, ինչպես անցած 3 տարիներին է արվում դատաիրավական բարեփոխումների ճանապարհին։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Երջանիկ Հակոբյանը Պետական եկամուտների կոմիտեում բավականին բարձր պաշտոնի է նշանակվել: Նա ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետն է: Այս վարչությունը ստեղծվել էր 2014 թվականին եւ հանդիսանում է կառույցի՝ վերահսկողություն իրականացնող մարմինը, եւ շատ հարցեր իր միջոցով են կարգավորվում: Նկատենք՝ Երջանիկ Հակոբյանը մինչ պատգամավոր դառնալը՝ 2018թ. հունիս-նոյեմբեր ամիսներին, եղել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ներքին անվտանգության վարչության պետի տեղակալ, այնուհետեւ՝ վարչության պետ: Եվ, ահա, պատգամավորական գործունեության ընթացքում Երջանիկ Հակոբյանը թերեւս հասկացել է, որ ՊԵԿ-ում աշխատանքն իրեն ավելի հարմար եւ եկամտաբեր է, եւ որոշել է ամեն ինչ անել այնտեղ վերադառնալու համար: Տեղեկացանք, որ նա այս ընթացքում փորձել է միջնորդներ գտնել, որ իրեն հետ վերադարձնեն այդ պաշտոնին, սակայն չի հաջողվել: Հակոբյանն այդ հարցով դիմել է պատգամավոր Հակոբ Սիմիդյանին, անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի եղբորը, բայց չի հաջողել։ Ի վերջո, նրան հաջողվել է միջնորդ գտնել, եւ այդ հարցում Հակոբյանին օգնել է պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Հավելենք, որ Երջանիկ Հակոբյանը պատգամավոր էր ընտրվել թիվ 1 ընտրատարածքից (Նոր Նորք, Ավան, Քանաքեռ-Զեյթուն) եւ քարոզարշավի ժամանակ հայտարարում էր, թե քաղաքացիները պետք է իրեն ընտրեն, որ լինեն երջանիկ: Սակայն նա, կարծես թե, այդպես էլ երջանկություն բերելու հարցում չհաջողեց: Տեսնենք՝ ՊԵԿ-ում կհաջողի արդյոք երջանկացնել պետական ապարատի ներկայացուցիչներին։
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչու է պաշտոնից ազատվել Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Նարեկ Բաբայանը՝ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի ամուսինը: Ըստ մեր տեղեկությունների՝ Նարեկ Բաբայանը հեռանալուց առաջ լուրջ տարաձայնություն է ունեցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Բանն այն է, որ վերջերս, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում նիստ է տեղի ունեցել, եւ մի նախագծի փոփոխության հետ կապված հարց է քննարկվել, Նարեկ Բաբայանը հայտարարել է, թե այդպիսի փոփոխություն անելը կարող է իշխանությունների վարկանիշի վրա բացասական ազդեցություն ունենալ: Նրա այդ նախադասությունից հետո Նիկոլ Փաշինյանը կոպիտ է արտահայտվել՝ ասելով, թե Բաբայանն արդեն երկուսուկես տարի է՝ (նշանակվել է 2018թ. հունիսի 11-ին- խմբ.) զբաղեցնում է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը, սակայն որեւէ դրական փոփոխություն չի կատարել, եւ անգամ տեսակետ արտահայտել, թե հենց այդպիսի երեւույթներն են բացասաբար ազդում իշխանության վարկանիշի վրա: Եվ, ահա, մեր տեղեկություններով՝ այս միջադեպից հետո խորացել են հակասությունները, Նարեկ Բաբայանի հետ կապված դժգոհություններ են եղել, եւ այդ պատճառով էլ փորձել են գտնել մեկին, որը կարող է փոխարինել նրան: Եվ, ահա, գտել են եւ նշանակել Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանին, որն աշխատանք չուներ: Նարեկ Բաբայանը, թերեւս, հազիվ թե երկար անգործ մնա։
Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի նորակառույց շենքերից մեկի («Բոքոնիկ» սուպերմարկետի հարեւանությամբ) մի քանի տասնյակ բնակարանատերեր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի անպարտաճանաչ եւ ոչ բարեխիղճ պահվածքի պատճառով հայտնվել են անելանելի դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություններ ստացավ այն մասին, որ քաղաքապետ Մարությանը չի բարեհաճում աշխատանքի ներկայանալ եւ իր ստորագրությունը դնել շենքի ավարտական ակտի վրա, ըստ որի՝ շենքի բնակիչները կարող են դառնալ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդ, ապա տեղափոխվել իրենց նոր բնակարաններ՝ ապրելու։ Բնակարանատերերն արդեն մի քանի շաբաթ է, ինչ սպասում են, թե երբ է Մարությանն ի վերջո բարեհաճելու կատարել աշխատանքային իր պարտականությունները, որպեսզի տեղափոխվեն իրենց նոր բնակարաններ։ Նկատենք, որ նման անլուրջ եւ անպատասխանատու գործելաոճի համար Մարությանը երբեւէ չի պատժվել, այնինչ իր այս պահվածքի պատճառով տուժում են հասարակ քաղաքացիները։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը չդիմեց քաղաքապետարան պարզաբանում ստանալու համար, քանի որ նախապես տեղեկացված էր, որ իր բանավոր հարցումները չեն մեկնաբանվելու ինքնագոհ խոսնակի կողմից: Ասել է թե՝ այդպես էլ չի ստացվում հայության մայրաքաղաքի քաղաքապետի պահվածքի մասին պարզաբանումներ եւ բացատրություններ ստանալ: