«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը որոշել է քաղաքականությամբ զբաղվել՝ ելնելով երկրում տիրող իրավիճակից, քանի որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությունը բերել է տագնապալի իրավիճակի։ «Ժողովուրդ» օրաթերթը մի շարք հարցերի շուրջ զրուցել է Արտակ Թովմասյանի հետ:
–Պարո՛ն Թովմասյան, Դուք ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ մտերիմ եք, իսկ Գագիկ Ջհանգիրյանը վերջերս հայտարարեց, որ մեր երկրում անարդարությունները սկսվել են «աղվանական դատավարություններից»: Դուք քննադատում եք այսօրվա իշխանություններին: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր մտերիմի անվան հետ առնչվող այս գնահատականը:
-Դուք պետք է հասկանաք, որ ես, միշտ չապրելով Երեւանում, այսինքն հիմա ես չեմ իմանում, թե իմ այս ընկերը իր պրոֆեսիոնալ աշխատանքը ինչ ձեւ է անում, դրա գնահատականը կարող է տալ հասարակությունը կամ իր պրոֆեսիոնալ կադրային բազան:
Ես չեմ խառնվում իրենց գործերի մեջ, չեմ խառնվում գլխավոր դատախազի կամ ՀՔԾ քննիչի կառավարվող իր գործերին ներքին եւ երբեք չեմ խառնվել: Դրա համար այդ գնահատականները ավելի պրոֆեսիոնալների գնահատականներ են, որոնք որ, բացի խոսքերից, պետք է ունենան հիմքեր, դրա համար ես մեկնաբանություն՝ դրա հետ կապված, չեմ կարող տալ:
Կարող եմ միայն մի բան ասել, որ շփվելով իր հետ, որը ստացվել է, օրինակ, Խաչի քավոր լինել կամ համապատասխան բարեգործական քայլեր անելու շրջանակներում, դա ո՛չ իմը կլինի, ո՛չ երեւի օբյեկտիվ այն շրջանակներում, որը որ ես ճանաչում եմ այդ մարդուն:
Այդ շրջանակներում ես կարող եմ ասել՝ բարեկիրթ, խելահաս, գրագետ, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող մարդ է:
–Դուք գիտեք չէ՞, որ Հայաստանի արտաքին պարտքը հասնում է մոտ 9 մլրդ դոլարի, իսկ Նիկոլ Փաշինյանը 2.5 տարի առաջ հայտարարում էր, որ կոպեկ առ կոպեկ տալու ենք, բայց, չնայած սրան, պարտքը ոչ թե նվազեց, այլ մեծացավ: Դա ինչպե՞ս կանդրադառնա երկրի տնտեսության վրա եւ շարքային սպառողների: Դուք ի՞նչ լուծում կառաջարկեք:
-Երկրի տնտեսության վրա անդրադառնում է շատ բացասական, սպառողների վրա՝ կրկնապատիկ բացասական, որովհետեւ սպառողները սպասում են, որ կառավարությունը պետք է անի կտրուկ քայլեր, եւ իրենք կզգան իրենց վրա միանգամից այդ առավելությունները:
Ինչպես մենք տեսնում ենք, դրանք հիմնականում պոպուլիստական հայտարարություններ են, ժամանակին ասում էին՝ կինը սիրում է ականջներով, այսինքն՝ պետք է լավ խոսքեր ասես, որ ինքը շոյված զգա, թե ինչ կանես, կարող է պատահի երկրորդական լինի:
Հիմա նույն համեմատությունը կարելի է անել: Ես չեմ պատրաստվում, հասկանալով տնտեսական իրավիճակը, չտիրապետելով բոլոր ստույգ թվերին, ասել կոնկրետ՝ ինչ կանեմ կամ պետք է անեմ դուրս գալու համար:
Բայց ծանոթանալով բոլոր թվերին, իհարկե, անելանելի վիճակ չի լինում, ուղղակի այդ վիճակից դուրս գալու համար կան ոչ սովորական ձեւեր, նաեւ դրան պետք է ավելացնել ժամանակահատվածը, որը որ կունենաս ժամանակահատված քայլեր ձեռնարկելու համար՝ տվյալ դժվար իրավիճակից դուրս բերելու երկիրը:
Համոզված եմ, որ դրանք կան եւ դրանք կլինեն, ուղղակի պետք է տվյալ ժամանակում՝ հիմա, թե դա երբ կլինի, դա կլինի կես տարի հետո, թե կլինի վաղը, դրանից է կախված լինելու՝ ինչ մոդելով եւ ոնց կարող ես անել:
Ես կարող եմ ասել, որ ամեն օր ձգելը, ամեն օր այս իշխանության մնալը իշխանության լծակներում պրոբլեմ է դարձնելու ամիսների եւ տարիների խնդիրների դուրս հանելը:
Օր առաջ չլինեն ոչ պրոֆեսիոնալները իրենց տեղում, դա օր առաջ կփրկի մեր երկիրը դժվար իրավիճակներից:
–Պարո՛ն Թովմասյան, արդյոք Ձեր նպատակն է նոր խորհրդարանում մի քանի մանդատ ստանա՞լը: Արդյոք Դուք ուզում եք դառնալ նոր Ծառուկյա՞ն…
-Ամեն մարդ իր կյանքում ունի իր տեղը: Ես չեմ հասկանում, թե Դուք ինչ եք ասում՝ արդյոք ուզում եք դառնալ նոր Ծառուկյան, ես Թովմասյան եմ, Ծառուկյանն ունի իր ճանապարհը, որն անցել է, Ծառուկյանն ունի իր գործերը, որ արել է, Թովմասյանն ունի իրը: Եթե կոնկրետ լինի, ես չէի դնի համեմատություններ Թովմասյանների եւ Ծառուկյանների մեջ, հաստատ տարբեր են, ընդհանուր կարող են լինել հայրենիքի կամ բարեգործության հանդեպ միտումները ցանկալի, բայց Թովմասյանը Թովմասյանն է կայացած, իսկ Ծառուկյանը Ծառուկյան, որը որ Դուք ինձանից ավելի լավ գիտեք:
Ավելի մանրամասն՝ այոօրվա համարում։