ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ փոփոխություններ կլինեն Արցախի ՊԲ-ում. գործընթացը մեկնարկեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի պաշտպանության բանակում առաջիկայում փոփոխություններ կլինեն: Սակայն Պաշտպանության բանակը ոչ թե կազմալուծվելու է, այլ վերակազմավորվելու: Սակայն բավական ժամանակ է՝ խոսկցություններ էին տարածվում այն մասին, որ ՀՀ իշխանությունների որոշմամբ կամ համաձայնությամբ Պաշտպանության բանակը լուծարելու, ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը դադարեցնելու եւ այլ հարցերի մասին:

Իսկ ինչ է կատարվելու իրականում. ինչպես երեկ նշեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, խոսք է գնում պրոֆեսիոնալ բանակի անցնելու մասին եւ կարող է կրճատվել ժամկետային զինծառայողների զինծառայության ժամանակը:

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը մասնավորապես նշել էր. «Որոշ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է, եւ, ըստ այդ լուրերի տրամաբանության, Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով` հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»:

Սակայն նրանք չեն մանրամասնում, թե ինչ պրոֆեսիոնալ ստորաբաժանումների մասին է խոսքը: Միեւնույն ժամանակ, զուգահեռաբար բանակի վերակազմավորման գործընթացներ ընթանում են նաեւ ՀՀ ՊՆ-ում, սակայն այդ գործընթացից եւս մանրամասներ հայտնի չեն:

ԱԽ քարտուղարը որեւէ հիմքից զուրկ էր համարել նաեւ հասարակության որոշ շրջանակներում առկա մտավախությունը, թե օրինակ Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղը առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով:

Միեւնույն ժամանակ Արցախի եւ ՀՀ արտգործնախարարությունները հերքել են ՌԴ-ում Արցախի ներկայացուցչության փակման մասին լուրը: «Օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները շարունակում են իրենց բնականոն գործունեությունը՝ ուղղված նստավայր պետություններում Արցախի Հանրապետության եւ նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, տարբեր բնագավառներում փոխշահավետ կապերի զարգացմանն ու առաջմղմանը եւ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացմանը»,- ասվում էր ԱՀ ԱԳՆ հաղորդագրությունում։

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս