Արմենն ու Զավենը շուրջ մեկուկես տարվա զինծառայողներ էին, երբ սկսվեց աղետալի պատերազմը: Պատերազմը 19-ամյա Արմենից խլեց ամենաթանկին՝ երկվորյակ եղբորը` Զավենին, իսկ Արմենը հրաշքով փրկվեց՝ ստանալով բազմաթիվ կոտրվածքներ եւ այրվածքներ:
Ջաբրայիլ տեղափոխվելու ճանապարհին թշնամու ԱԹՍ-ի հարվածից Արմենի աչքի առաջ այրվել են նրա հարազատ եղբայրն ու ծառայակից ընկերները, որոնց օգնություն կանչող ձայները եւ հառաչանքները դեռ երկար կմնան Արմենի ականջներում:
ArmLur.am-ը այցելեց «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական» կենտրոն և զրուցեց մերօրյա հերոս Արմեն Հակոբյանի հետ: «19 տարի մենք ամեն օր միասին ենք եղել, ախր ո՞նց բացատրեմ՝ ինչ եմ զգում: Իմ կեսն այլեւս ինձ հետ չէ»,-թախծոտ ձայնով պատմում է նա:
Այսօր Արմենը միակ ապրեցնող ուժն է իր ծնողների, թեեւ պատերազմից հետո կյանքն իր աչքին կորցրել է գույները, այնուամենայնիվ գիտակցում է, որ պետք է շարունակի ապրել, որպեսզի եղբոր կիսատ թողած երազանքները փորձի իրագործել:
Մարտի դաշտում զինվորի մարտական ոգին գերբնական է, նա միայն մտածում է հաղթելու եւ հայրենիքի ամեն մի մասնիկը պահելու մասին: Դա է իրական հայ զինվորի պատգամը, որը եւս մեկ անգամ ապացուցվեց այս պատերազմում:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Հովսեփ Հովսեփյան