ԹԵՐԱՑՈՒՄՆԵՐ՝ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԱԿԱՏՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինֆորմացիա տարածվեց, որ Սյունիքի մարզում ձերբակալված էր 2 ադրբեջանցի, եւ Արցախի Հանրապետության Վանք գյուղի տարածքում 16 հիվանդ ադրբեջանցիներ ռուսական կողմի միջնորդությամբ վերադարձվել են. այստեղ հարց է առաջանում՝ ինչպես է պատահում, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ձերբակալված ադրբեջանցիները վերադարձվում են, սակայն  գերության մեջ գտնվող հայ ռազմագերիները չեն վերադարձվում, չեն փոխանակվում: Սրանք կազմակերպչական կամ  դիվանագիտական ունակությունների հետ կապ ունեցող հարցեր ենք, որոնք չեն կարողանում լուծել: Այս մասին խոսել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հրադադարից հետո առկա բացթողումներին:

 

Նրա խոսքով՝ գերիների հարցում թերացումները դիվանագիտական ճակատում են, եւ մեր կառավարման համակարգում, կարծես թե, գերիների հարցն այնքան էլ առաջնային չէր, դրա մասին վկայում է նաեւ ստորագրված փաստաթուղթը, քանի որ չկա հստակ ժամկետներ՝ գերիների վերադարձի մասին, սակայն նշված է տարածքների հանձման մասին:

Նրա պնդմամբ՝  ամենամեծ թերացումն է նաեւ այն, որ միջազգային ատյաններում մենք չենք կարողանում հասնել նրան, որ միջազգային կազմակերպություններին ստիպենք, որ իրենք էլ իրենց հերթին Ադրբեջանին ստիպեն վերադարձնել գերիներին։

Այն դիտարկմանը, որ Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են իրականացնում, հայկական կողմը երբ արդյոք պետք է զորավարժություններ իրականացնի, Կարեն Հովհաննիսյանը ասել է՝ տեղյակ չէ՝ զորավարժություններ նախապատրաստվում են, թե ոչ, բայց, իր կարծիքով, այս ժամանակաշրջանում նպատակահարմար չէ լայնամասշտաբ զորավարժություններ անցկացնելը, սակայն պարտադիր է ուսումնական վարժանքներ անցկացնելը, որը, կարծես թե, անցկացվում է. «Պետք է նշեմ, որ զորավարժությունները միայն մեր կողմից անցկացնելուն այդքան էլ կողմնակից չեմ, այն առնվազն պետք է լինի համատեղ զորավարժություն, ինչպիսին, օրինակ, թուրք- ադրբեջանական զորավարժությունն է, մենք էլ գոնե մեր ռազմավարական դաշնակցի հետ պետք է համատեղ զորավարժություն անցկացնենք»,-ասել է նա:

Անդրադառնալով սահմանամերձ համայնքների եւ ճանապարհների անվտանգության խնդրին՝ Կ. Հովհաննիսյանը նշել է, որ Արցախում վստահություն կա, կարծես թե այս պահին այդ հարցը լուծվել է, բայց պատերազմից հետո, նոր իրողություններով պայմանավորված, Հայաստանի Հանրապետության սահմանի բնակիչների մոտ առկա է վախի մթնոլորտ, քանի որ ժամանակ առ ժամանակ անկանոն կրակոցներ են լինում. «Ընդհանրապես, Ադրբեջանի սահմանապահ ուժերի, զինված ուժերի զինծառայողների ժեստիկուլյացիան սահմաններին, որտեղ իրենք երեւում են, բավականին մտահոգվելու առիթ է տալիս հետագայում այդ տարածաշրջանների բնակիչների անվտանգության համար: Եվ պետք է ասել, որ այս առումով ոչինչ չի փոխվի, քանի որ  շատ կարեւոր ռազմավարական նշանակություն ունեցող դիրքեր գտնվում են թշնամու ձեռքում, եւ այդ դիրքերից նրանց հեռացումից հետո կարող ենք խոսել անվտանգության մասին»:

Խոսելով Արցախի պաշտպանության բանակի հետագա գործունեության մասին՝ Կարեն Հովհաննիսյանը նշել է. «Ակնկալելի է, որ Ադրբեջանի պահանջը լինի, որ Արցախի Հանրապետությունը չունենա կանոնավոր բանակ կամ գոնե Պաշտպանության բանակ անվանումով ռազմական միավորում, կարծում եմ՝ դա եղել է Ադրբեջանի պահանջը ամբողջ հակամարտության ընթացքում, եւ պատերազմից հետո այդ պահանջը մնալու է: Այլ հարց է, թե մենք ինչպես կկարողանանք դիմագրավել այդ պահանջներին: Իսկ այս ամենի պատճառն այն է, որ մենք պարտված կողմ ենք, մյուս պատճառն այն է, որ  չունենք դիվանագիտական ներուժ, կամք, որպեսզի կարողանանք պարտված կողմ լինելով հանդերձ՝ արժանապատվությամբ տանել  պարտությունը, ոչ թե անընդհատ զիջենք, գերիների, ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում: Կարծում եմ՝ սրանք պարզապես դիվանագիտական, կազմակերպչական ունակություններ չունեցող դիվանագիտական կորպուսի կամ կառավարության քայլերի արդյունք են»:

 

 

 

ԴԱՍԱԴՈՒԼ՝ ԳՅՈՒՄՐՈՒ ԴՊՐՈՑՈՒՄ

Երեկ, ծնողների որոշմամբ, Գյումրու Եղիշե Չարենցի անվան թիվ 25 դպրոցում դասադուլ է սկսվել: Դպրոցում դասեր չեն եղել նաեւ ուսուցչական անձնակազմի որոշմամբ: Բողոքը վերաբերում է դպրոցի տնօրենի նշանակմանը. այստեղ տնօրենի թափուր տեղի մրցույթն անցկացվել էր 2020 թվականի սեպտեմբերի 15-ին։ Մրցույթին մասնակցել էր 7 հավակնորդ։ Կրկնակի քվեարկությամբ կառավարման խորհրդին չէր հաջողվել ընտրել տնօրեն. 2 թեկնածուներից եւ ոչ մեկը չէր հավաքել պահանջված 5 ձայնը. նույն դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանի օգտին գրանցվել էր 4, իսկ մյուս թեկնածուն` Իրինա Բաղդասարյանը հավաքել էր 2 ձայն: Ու քանի որ նրանցից ոչ մեկը չէր հավաքել հինգ ձայն,  ըստ գործող կարգի՝  նշանակումը կատարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հիմք ընդունելով իր աշխատակազմի կողմից 2 թեկնածուների հետ անցկացրած հեռավար հարցազրույցը։ Ծնողներն ու դպրոցի անձնակազմը նամակ են հղել փոխվարչապետին՝ խնդրելով տնօրենի նշանակման ժամանակ հաշվի առնել իրենց կարծիքը, սակայն նախապատվությունը տրվել է Իրինա Բաղդասարյանին, ինչն էլ հարուցել է դպրոցի անձնակազմի ու ծնողների զայրույթը։

«Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի» համաձայն` ներկայացված փաստաթղթերի հիման վրա՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում հաստատության` մարզային ենթակայության դեպքում Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը լիազոր մարմնի ղեկավարին գրությամբ առաջարկում է հավակնորդներից որեւէ մեկի թեկնածությունը օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքելու համար, սակայն նշված դեպքում խախտվել է, եւ փոխվարչապետը հավակնորդի թեկնածության մասին հայտնել է ոչ թե 5 օր անց, այլ երկու ամիս անց։

Ծնողները վստահեցնում են՝ երեխաները դպրոց չեն գնա այնքան ժամանակ, քանի դեռ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը չի վերանայել իր որոշումը:

 

 

ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ԲԱՐՁՐԱՑԵԼ Է

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5.5%: Այն մասին հայտնել են ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 7%: Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 4%»,- ասված է ԿԲ-ի հայտարարության մեջ:

 

 

ԿՈՂԲԻ ՑԵՈԼԻՏԸ ԿԱՐԴՅՈՒՆԱՀԱՆԵՆ

Նախօրեին Տավուշի մարզի խոշորացված Կողբ համայնքի համայնքապետարանի շենքում կայացել է Կողբ գյուղի  ցեոլիտային տուֆերի հանքավայրի «Նոր Կողբ» տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկման 4-րդ փուլը։

Ցեոլիտն օգտագործվում է ոռոգման եւ խմելու  ջրերի մաքրման համար, հողի պարարտացման նպատակով եւ այլ ոլորտներում: Կողբ համայնքի ղեկավար, 2016թ. խոշորացված Կողբ համայնքը ղեկավարող Արսեն Աղաբաբյանը հայտնել է, որ հանրային քննարկման մասնակիցները դրական են վերաբերվել Բուլղարիայում բնակվող հայ գործարար Կարեն Հարությունյանի կողմից Կողբ գյուղի Ղիասի քար տեղանքում գտնվող ցեոլիտային  հանքավայրի շահագործման ծրագրին։ Համայնքի ղեկավարի խոսքով՝ Կողբում գտնվող ցելոիտային հանքավայրի շահագործման բիզնեսի շուրջ շատերն են հետաքրքրություն ցուցաբերում, 5 գործարարներ ցանկություն են հայտնել հանքավայրը շահագործելու։

Ներկայումս հանքավայրը  շահագործում է   «Դավ» ՍՊԸ-ն։  Արսեն Աղաբայանը հայտնել է, որ իրենք համաձայնություն են տվել, որ այդ ընկերությունը ստանա հանքավայրը շահագործելու արտոնագիր եւ  շարունակի շահագործել  Կողբ գյուղի  ցեոլիտի հանքավայրը, պայմանավորել են, որ  այդ ընկերությունը Կողբ համայնքում բարեգործական ծրագրեր իրականացնի։ Արսեն Աղաբաբյանի փոխանցմամբ՝ այդ ընկերությունը Կողբի ցեոլիտի հանքավայրը  շահագործում  է իր՝ Կողբ համայնքի ղեկավար ընտրվելուց առաջ։

2017թ. հոկտեմբերի 13-ին Տավուշի մարզխորհրդի նիստում «Զեոլիթ պրո» ընկերության ներկայացուցիչ Ահարոն Չիլինգարյանը Տավուշի մարզի համայնքների ղեկավարներին հայտնեց, որ իրենց ընկերությունը Կողբ գյուղի «Ղիասի քար» տեղամասում ցեոլիտի հանույթ է կատարում, որը մշակվում է Այրում քաղաքում: Նա մանրամասն ներկայացրել է, թե օգտակար ինչ հատկություններ ունի ցեոլիտը. այն տարբեր նյութերով հարստացնում է հողը, ինչը նպաստում է առատ բերքին: Նա ասել է, որ Կողբի ցեոլիտը մեծ քանակությամբ Իսպանիա արտահանելու պայմանավորվածություն կա: Ա. Չիլինգարյանը հայտնել է, որ իրենց ընկերությունը գործում է 2014թ. հոկտեմբերից, 300 հազար դոլարի ներդրում է կատարել, նախկինում ցեոլիտի հանքը շահագործած ընկերությունը իրենք գնել են, մինչեւ 2020 թվականը Կողբի հանքավայրը շահագործելու իրավունք ունեն: Չիլինգարյանի խոսքով՝ իրենք իրավունք ունեն տարեկան 32 հազար տոննա ցեոլիտ արդյունահանելու, սակայն  10 հազար տոննա են արդյունահանում:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս