ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ՝ ԿԵՂԾ ՕՐԱԿԱՐԳ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը 83 կողմ, 17 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության ներկայացրած օրինագիծը, սակայն հարցի քննարկումն ուղեկցվեց ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների քննադատություններով: Օրինակ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի համար անհասկանալի էր, թե ինչու է իշխանությունը խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելով Դատական օրենսգրքի փոփոխությունները անվտանգային հարցերի փոխարեն։

 

«Եթե դուք բերեիք նախագիծ Արցախի տարածքների դեօկուպացիայի օրենք ընդունելու մասին, բերեիք նախագիծ զենքի օրենքում փոփոխություններ կատարելու մասին, ես կհասկանայի»,- նկատեց Սիմոնյանը:  ԲՀԿ-ականներն էլ էին դժգոհ արտահերթի օրակարգից: Նաիրա Զոհրաբյանը կարծում է՝ խորհրդարանում պետք է քննարկվեին ռազմագերիների, տեղահանվածների, պատերազմից հետո Ադրբեջանի հետ սահմանամերձ դարձած գյուղերի ու դրանց բնակիչների խնդիրները: «Բայց ոչ, այդ հարցերը չեն քննարկվում, որովհետեւ կա այս իշխանության համար շատ ավելի կարեւոր օրակարգ՝ ինչպես ավելացնել կալանքի սանկցիա տվող դատավորների թիվը»։

Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ արձագանքեց. «Ընդդիմության մոտ հարց է առաջանում, թե ինչ օրակարգ ենք քննարկում եւ ինչու ենք քննարկում։ Քննարկում ենք Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության քաղաքացիների կյանքը, սոցիալական դրությունը մեղմելու հետ կապված նախագծեր»։ Մակունցի կարծիքով՝ ընդդիմադիրները փորձում են տպավորություն ստեղծել, թե միայն իրենք են սրտացավ Հայաստանի, Արցախի քաղաքացիների նկատմամբ, իսկ իշխանությունը՝ ոչ: «Եթե հարցեր են առաջանում, թե ինչ է անում իշխանությունը, ապա սոցիալական ապահովության նախարարը առնվազն իրենց գծով ներկայացրեց բավականին ծավալուն աշխատանք, որի մի մասը նույնիսկ չներկայացրեց։ Ուզում եմ հիշեցնել, որ կառավարությունը ամենշաբաթյա կտրվածքով ձեռնարկում է նոր միջոցառումներ եւ նոր ծրագրեր պատերազմի հետեւանքները հաղթահարելու համար։ Եվ էստեղ բոցաշունչ ելույթներով կամ տագնապի զգացողություն փորձելով հաղորդել մեր քաղաքացիներին՝ որեւէ կերպ դրանով չենք նպաստում ավելի լավ միջավայր ունենալուն»։

Այնուհանդերձ, 83 կողմ, 17 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունվեց Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ կառավարության նախագիծը։

Օրինագծով նախատեսվում է առնվազն 17 դատավորի հաստիք ստեղծել, որոնք կզբաղվեն միայն կալանքի, խուզարկությունների միջնորդությունների հարցերը քննելով։ Արդարադատության նախարարը պարզաբանեց, թե մասնագիտացված դատավորների ավելացմամբ համակարգը կբեռնաթափվի, կկրճատվեն քրեական գործերի քննության ժամկետները։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, մասնավորապես նշեց. «Նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է դատավորների թվաքանակի ավելացման եւ դրանով քրեական մասնագիտացման դատավորների ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու, ինչպես նաեւ միջդատական քրեական վարույթի գործերի քննության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ»:

ԼՀԿ-ից Տարոն Սիմոնյանը նշեց՝ նախագծերի հրատապ քննարկման անհրաժեշտության իմաստը չի հասկանում: Նա հավելեց, որ եթե բերվեր նախագիծ, օրինակ, «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, բանակաշինության բնագավառում արմատական փոփոխություններ կատարելու մասին, կհասկանար, բայց արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված նախագծերի հրատապությունը չի հասկանում: «Մեր այսօրվա առաջնահերթությունն անվտանգային խնդիրն է դարձել»,- ասաց պատգամավորը: Բադասյանը նկատեց՝ 1.5 տարի է, ինչ քննարկվում է դատական համակարգի ծանրաբեռնվածության հարցը, ասվում է, որ համակարգը ծանրաբեռնված է, գործերի քննությունը երկար է տեւում, ինչու կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում: «Հիմա մենք մոտ ենք այդ հարցը լուծելուն, դրա համար էլ հրատապ է»,-նշեց նա:

Ի վերջո, այս նախագիծն էլ ընդունվեց, սակայն պետք է կայանա նաեւ երկրորդ ընթերցմամբ քվեարկություն:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԿԱՆՈՆԱՎՈՐ ՉՎԵՐԹՆԵՐԸ ԲԱՑՎԵՑԻՆ

Ռուսաստանը փետրվարի 15-ից վերսկսում է օդային հաղորդակցությունը Հայաստանի հետ փոխադարձ հիմունքներով: Չորեքշաբթի չորս թռիչք կիրականացվի Մոսկվայի եւ Երեւանի միջեւ: Որոշվել է 2021 թվականի փետրվարի 15-ից վերսկսել Հայաստանի հետ միջազգային օդային հաղորդակցությունը փոխադարձ հիմունքներով (Մոսկվա-Երեւան, շաբաթական չորս թռիչք):

 

 

 

ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

Արցախում այսօրվա դրությամբ վերականգնվում է մինչեւ 1000 բնակարան, իսկ երկրորդ փուլում նախատեսվում է ավարտել մի շարք չվերջնակառուցված շենքերի շինարարությունը: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանի դիտողությանը: Նախարարի խոսքով՝ Արցախում սոցիալական եւ այլ ծառայությունների ապահովման հայկական կողմի ջանքերը չարժե համեմատել այն աշխատանքի հետ, որը Ադրբեջանը կատարում է իր գրաված տարածքներում: Ի պատասխան՝ Սիմոնյանը հայտարարել է, որ Արցախի շատ գյուղերում էլեկտրամատակարարումն ապահովվել է մասնավոր անձանց ջանքերով: Նա նաեւ հավելել է, որ իշխանությունները չեն բարձրացնում Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից ենթակառուցվածքների կառուցման հարցը:

 

 

 

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՏՎԵԼ

Ազգային ժողովի նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն են տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների: Դրանց թվում են Դատական օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 83, դեմ՝ 17, ձեռնպահ՝ 1), «Սոցիալական աջակցության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ՝ 96, դեմ՝ 10):

 

 

 

ԲԱՐՁՐ Է

Սեւանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 52 սանտիմետր բարձրության վրա։ «Հայհիդրոմետ» ծառայության փոխանցմամբ՝ նախորդ տարվա փետրվարի 2-ի համեմատ՝ Սեւանի նիշը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 42 սանտիմետր բարձրության վրա։ Այս տարվա հունվարի սկզիբից մինչեւ փետրվարի 2-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սեւան թունելային ջրատարով Սեւանա լիճ է տեղափոխվել 11 միլիոն 136 հազար խորանարդ մետր ջուր։ Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

 

 

 

ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված «Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-23 թթ. ծրագրի» շրջանակում դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է։ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ստացել է 619 դիմում, որից 514-ի վճարումն արդեն իրականացվել է։ 514 դիմումից 90-ը բավարարվել է՝ մարզային բնակավայրերում հիփոթեքով բնակարանի ձեռքբերման, 67-ը՝ հիփոթեքով գնված բնակարանի կանխավճարի ապահովագրության, իսկ 357-ը՝ երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային բնակարանի ձեռքբերման ծրագրի շրջանակում։

Հիշեցնենք, որ հիփոթեքով բնակարանի ձեռքբերման առաջին ծրագրից կարող են օգտվել այն քաղաքացիները, որոնք ունեն երկու եւ ավելի անչափահաս երեխա, իսկ բնակելի անշարժ գույքը ձեռք է բերվում 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող քաղաքացիներին, եւ գումարն ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը։ Երկրորդ ծրագրին կարող է դիմել առնվազն մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակելի անշարժ գույքը ձեռք է բերել 2020 թ. հուլիսի 1-ին կամ դրանից հետո: Այս դեպքում պետությունը փոխհատուցում է կանխավճարի ապահովագրության տարեկան ապահովագրավճարները։

 

 

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

«Ամենազարհուրելին այն է, երբ քաղաքական ուժը պատասխանատվություն չունի»,- հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նրա խոսքով՝ գործող իշխանության կարծիքով՝ Հայաստանում վերջին շրջանում ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել: «Իսկ ի՞նչ է եղել: Ընդամենը հանձնել ենք Արցախը, զոհվել են ավելի քան 5 հազար մեր լավագույն տղաները, ընդամենը տասնյակ հազարավոր արցախահայեր տեղահանվել են, ընդամենը ծնողները փնտրում են իրենց զոհված որդիների դիակները կամ այն, ինչ հնարավոր է գտնել իրենց որդիների դիակներից, եւ չեն գտնում»,- զգացմունքային հայտարարել է Զոհրաբյանը՝ նշելով, որ նախկինում էլ մարդիկ Հայաստանից հեռանում էին, սակայն երկիրը դեռեւս երբեք չի գտնվել այսքան ծանր եւ անմխիթար վիճակում: Պատգամավորի խոսքով՝ չնայած բազմաթիվ խնդիրներին եւ երկրում իշխող անարդարությանը՝ ոչ մի իշխանություն թշնամուն հող չի հանձնել:

 




Լրահոս