ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս նոր արտահերթ զեկույցն այն մասին է, որ ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայությունն անթույլատրելի է ու խախտում է նրա իրավունքները (կալանավորված անձի օրինակով)։

 

Հարցն այն է, որ ներկայում ազատությունից զրկված, բուժում ստացող կալանավորված կամ ազատազրկման դատապարտված անձի հիվանդասենյակում մշտական հիմունքով ներկա է պահակետի քրեակատարողական մեկ ծառայող, որը հիվանդասենյակը կա՛մ առհասարակ չի լքում, կա՛մ յուրաքանչյուր դեպքում այն լքում է բուժում ստացողի խնդրանքով կամ պահանջով: Այս սխալ կանխավարկածի հիմքում էլ անորոշ, պրակտիկայում անձի իրավունքների տեսանկյունից իրավական լուծումներ են:

Իրականում պետք է գործի հետեւյալ կանխավարկածը. քրեակատարողական ծառայողի մշտական ներկայությունը, որպես ընդհանուր կանոն, պետք է բացառվի: Դա կարող է հնարավոր լինել միայն այն բացառիկ դեպքերում, երբ անվտանգության նկատառումով բժիշկը կամ բուժանձնակազմի այլ ներկայացուցիչն է խնդրում ապահովել քրեակատարողական ծառայողի ներկայություն:

Ուստի կալանավորված անձի հիվանդասենյակում պահակետի ծառայողի մշտական ներկայությունը խնդրահարույց է նրան ցուցաբերվող խնամքի, նրա արժանապատվության, մասնավորության ու անգամ նրան խնամողների արժանապատվության ու մասնավորության տեսանկյունից:

Հետեւաբար, քաղաքացիական բժշկական հաստատությունում ազատությունից զրկված անձի հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի ֆիզիկապես մշտական ներկայությունը խաթարում է նրա նկատմամբ պետության պոզիտիվ պարտավորությունների էությունը: Դա չի արտահայտում արդարացի հավասարակշռությունը հանրային ու մասնավոր շահերի միջեւ եւ հանգեցնում է մարդու իրավունքների նկատմամբ պետության անհամաչափ միջամտության:

Նման եզրահանգման համար հիմք են ծառայել հարցի առնչությամբ Պաշտպանին հասեցագրած բողոքների, կանխարգելման ազգային մեխանիզմի մշտադիտարկման, օրենսդրության ու միջազգային չափանիշների ուսումնասիրությունն ու վերլուծությունը։

Մասնավորապես, Պաշտպանի անմիջական դիտարկման արդյունքում արձանագրած մի շարք դեպքերում պահակետի ծառայողն իր ծառայությունն իրականացրել է բժշկական հաստատության հիվանդասենյակի ներսում՝ անմիջականորեն դռան եւ սանհանգույցի մոտ, որտեղ նրա նստելու համար տեղադրված է եղել մեկ աթոռ: Ծառայողի աթոռը հիվանդասենյակի մյուս հատվածից առանձնացված է եղել շերտավարագույրով, որն ունեցել է նաեւ թափանցելիության որոշակի աստիճան, տեղադրված է եղել հատակին եւ չի հասել առաստաղին: Զեկույցում այս հարցը քննարկվում է նաեւ անվտանգության ու, մասնավորապես, քրեակատարողական ծառայողի ներկայության տեսանկյունից, օրինակ, միջանցքում՝ հիվանդասենյակի անմիջական հարեւանությամբ:

Պահակետի ծառայողների շուրջօրյա ներկայության պայմաններում ազատությունից զրկված անձինք հնարավորություն չեն ունենում առողջական խնդիրների վերաբերյալ անկաշկանդ զրուցել թե՛ բժշկական անձնակազմի, թե՛ իրեն խնամողների հետ. առողջական վիճակի մասին իրազեկվում են նաեւ երրորդ անձինք: Դրանից կաշկանդվում է նաեւ բժշկական անձնակազմը: Բացի այդ, հիվանդասենյակում քրեակատարողական ծառայողի մշտական ներկայությունը խնդրահարույց է նաեւ այն տեսանկյունից, որ ազատությունից զրկված անձի անձնական կյանքին վերաբերող բոլոր հարցերը, խնամքն իրականացնողի հետ խոսակցությունները հասու են դառնում պահակետի ծառայողին, ինչն ուղղակիորեն հանգեցնում է մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին ոչ իրավաչափ միջամտության:

Այս ամենը հաշվի առելով՝ ազատությունից զրկված անձի դեպքում նրա առողջության պահպանման եւ բժշկական սպասարկման ու, առհասարակ, բուժօգնության հետ կապված հարցերն առաջնահերթ պետք է դիտարկել վատ վերաբերմունքի բացառման եւ առանձին իրավիճակներում՝ անձի մասնավորության երաշխավորման տեսանկյունից, ինչպես նաեւ ընդունված է միջազգային իրավաբանության մեջ:

Ամենից սկզբում անհրաժեշտ է արձանագրել, որ, առհասարակ, ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի երաշխավորման, պատշաճ բժշկական օգնության եւ սպասարկման միջազգային պահանջները ենթադրում են քրեակատարողական ծառայողի ֆիզիկական ներկայության հնարավորություն միայն այն բացառիկ դեպքերում, երբ այդ մասին նրան խնդրում է բժիշկը, ու այն էլ՝ անվտանգության նկատառումից ելնելով:

Այս մոտեցումը բխում է այն հիմնարար սկզբունքից, որ ազատությունից զրկված անձի իրավունքների երաշխավորման աստիճանը բժշկական հաստատությունում չի կարող ավելի պակաս լինել, քան քրեակատարողական հիմնարկում. օրինակ՝ քրեակատարողական հիմնարկում անձի խցում նույն սկզբունքով մշտապես ֆիզիկապես առկա չէ քրեակատարողական ծառայող:

Ուստի անհրաժեշտ է մինչեւ իրավական փոփոխությունները փոխել պրակտիկան այս արտահերթ զեկույցում շարադրված խնդիրների հաշվառմամբ՝ ձեւական մոտեցումներից զերծ, առավել իրավունքահեն շեշտադրմամբ բարելավելու նպատակով:

 

 

 

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵՆԹԱԽՄԲԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ

Արդեն իսկ ձեւավորվել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների փորձագիտական ենթախմբերը, որոնց կազմավորման վերաբերյալ օրերս Մոսկվայում պայմանավորվել էին երեք երկրների փոխվարչապետերը: «Երկաթուղային, ավտոմոբիլային եւ համակցված փոխադրումների հարցերով խմբում հայկական կողմից ներգրավված կլինեն Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության եւ Արտաքին գործերի նախարարության փորձագետներ։

 

Փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական եւ այլ տիպի հսկողության հարցերով խմբում ներգրավված կլինեն Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Ազգային անվտանգության ծառայության եւ Արտաքին գործերի նախարարության փորձագետներ:

Հիշեցնենք, որ հունվարի 30-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաեւի հանդիպման արդյունքում որոշվեց ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային փոխադրումների հարցերով։ Նախատեսված է, որ այդ ենթախմբերի առաջին նիստը պետք է կայանա մինչեւ փետրվարի 5-ը։ Որոշվել է նաեւ եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպումն անցկացնել Մոսկվայում: Ամսաթիվը համաձայնեցվելու է համանախագահների կողմից` աշխատանքային կարգով:

Հավելենք նաեւ, որ երեք երկրների փոխվարչապետերի հանդիպումը այս հունվարի 11-ին Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության արդյունք է։ 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ հանդիպելով՝ Պուտինը, Փաշինյանը եւ Ալիեւը Մոսկվայում համատեղ հայտարարություն տարածեցին, ըստ որի՝ մինչեւ այս տարվա մարտի 1-ը երեք երկրների ղեկավարներին կներկայացվի Ադրբեջանի ու Հայաստանի տարածքով փոխադրումների իրականացման եւ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների կառուցման ցանկն ու ժամանակացույցը։

Ն. Հ.

 

 

 

ԿՐԱԿՈՑՆԵՐ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Նախօրեին կրակոցներ են հնչել Երեւանում. ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարի թաղի 27-րդ փողոցում կրակոցներ են հնչել: Ոստիկանները պարզել են, որ կրակոցները հնչել են նշված փողոցի 41 տան մոտ, եւ դրա արդյունքում վնասվել է «Երեւան ԳԳՆ»-ին պատկանող վերգետնյա գազատար խողովակը։ Օպերատիվորեն ժամանել են նաեւ «Երեւան ԳԳՆ»-ի ծառայողները՝ գլխավոր տնօրեն Գառնիկ Մովսիսյանի գլխավորությամբ։ Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգի կրակված 17 հատ 5?45 տրամաչափի պարկուճներ։  Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել է փորձաքննություն։  Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժանմունքի եւ Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները  ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ։

 

 

 

ՄԱՀՎԱՆ ԵԼՔՈՎ ՎՐԱԵՐԹ

Փետրվարի 2-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում. Դիտավան գյուղի բնակիչ 61-ամյա Արշակ Ս.-ն իր վարած  ավտոմեքենայով Երեւան-Սեւան-Իջեւան ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հետիոտն, Ալավերդի քաղաքի բնակիչ 48-ամյա Արմեն Մ.-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Իջեւան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին նա մահացել է։ Վարորդը դեպքի մասին ահազանգել է Ոստիկանության Իջեւանի բաժին։

 

 

ԶԵՆՔԵՐ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում բաժնում հաղորդում է ստացվել, որ «Արծվի թեւեր» կոչվող հուշահամալիրի մոտ մի քաղաքացի «Կալաշնիկով» ինքնաձիգ, նռնակներ, նռնակի պայթուցիչներ ու ինքնաձիգի փամփուշտներ է թողել։ Քաղաքացու նշած վայրում Աշտարակի ոստիկանները հայտնաբերել են հիշյալ զենք-զինամթերքը։ Այս մասին փոխանցել է ոստիկանությունը։ Ապարան քաղաքի «Վերածնունդ» հուշահամալիրի մոտ ահազանգով մեկնած Ապարանի ոստիկանները հայտնաբերել են մի քաղաքացու թողած գործարանային համարով ատրճանակ ու տարբեր տրամաչափի փամփուշտներ։




Լրահոս