ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՏԱՐԱԿԱՐԳՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների որակավորման տարակարգի շնորհման հրամանում փոփոխություն կատարելու նախագիծը: Առաջարկվում է լրացնել եւ խմբագրել որակավորման տարակարգի շնորհման համար պահանջվող փաստաթղթերի ցանկը եւ տարակարգի բնութագրիչները: Այդ նպատակով փոփոխություն կկատարվի ՀՀ կրթության եւ գիտության նախարարի՝ 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանի հավելվածում, որով կարգավորվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգերի շնորհման գործընթացը:

 

Մասնագիտական հանրույթի կողմից հաճախ է հարց բարձրացվում, որ հանրակրթական դպրոցներում դասավանդվող առարկաների ուսուցիչների համար գործող կարգը հավասար հնարավորություններ չի ապահովում, ինչի հետեւանքով ուսուցիչների մի խումբ չի կարողանում օգտվել որակավորման տարակարգ ստանալու իր իրավունքից: Այսպես, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչեւ դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում որակավորման տարակարգ ստանալու համար ՀՀ ԿԳՄՍ նախարարին դիմում ներկայացրած 74 ուսուցչից 19-ի փաթեթները մերժվել են ներկայացված փաստաթղթերի եւ գործող կարգի` ՀՀ կրթության եւ գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանով սահմանված պահանջների միջեւ առկա անհամապատասխանությունների եւ որոշ բնութագրիչների անհստակությունների պատճառով:

Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է տարակարգի փաստաթղթերի ներկայացման ընթացքում հաճախակի հանդիպող խնդրահարույց հարցերը կարգավորել եւ գործընթացը հստակեցնել:

Մասնավորապես, հաշվի առնելով, որ «Ֆիզկուլտուրա» առարկան ընդգրկված չէ ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների ցանկում՝ քննարկման դրված նախագծով առաջարկվում է որպես բնութագրիչ ներառել նաեւ հանրապետական մրցումներում մրցանակային տեղեր զբաղեցրած սովորողներ ունեցող ուսուցիչների համապատասխան փաստաթղթերը:

Առաջարկվում է տարակարգի տրամադրման պայմանների ցանկում ներառել նաեւ օլիմպիադաներում կամ առարկայական տարբեր մրցույթներում մրցանակակիր սովորողներ ունենալու հանգամանքը (գործող կարգում պարտադիր էր մեդալակիր լինելը, այնինչ շատ դեպքերում հաղթանակի համար մեդալի փոխարեն այլ մրցանակ է տրվում)։

Համավարակի պայմաններում ներդրված հեռավար կրթությամբ պայմանավորված՝ հանրակրթական դպրոցների մի շարք ուսուցիչներ վերապատրաստման դասընթացներ են վարել նաեւ հեռավար եղանակով: Նկատի առնելով այդ իրողությունը` առաջարկվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցող հարթակներում վերապատրաստման դասընթաց վարելու, ինչպես նաեւ եվրոպական դպրոցների համագործակցության «Իթվիննինգ» ծրագրով վերապատրաստում իրականացնելու փաստերը ներառել տարակարգի բնութագրիչների ցանկում` վերապատրաստող ուսուցչի գործունեությունն ամփոփելով մեկ ընդհանրական բնութագրիչի մեջ:

Առաջարկվում է հստակեցնել նաեւ հրապարակումներ ունենալու բնութագրիչը` խուսափելով երկիմաստ մեկնաբանություն ենթադրող ձեւակերպումներից։

Մեկ այլ փոփոխությամբ ուսուցչի վարպետության մակարդակի բնութագրիչը կդիտարկվի միայն լավ եւ գերազանց մակարդակների դեպքում, քանի որ գործող կարգով, ըստ էության, պահանջվում է միայն վարպետության մակարդակի փաստաթղթերի ներկայացում՝ անկախ նրանից, որ գնահատականը կարող է լինել վատ կամ ոչ բավարար։

Նախագծի կարեւոր նորություններից է գիտական աստիճան կամ կոչում ունենալու վերաբերյալ բնութագրիչի ներառումը, ինչը լրացուցիչ խթան կարող է հանդիսանալ մասնագիտական գիտելիքների զարգացման համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի տեղեկացմամբ` գործող կարգում ընթացիկ փոփոխությունների կատարումն արդեն հասունացած էր` հաշվի առնելով որակավորման տարակարգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման ժամանակ ի հայտ եկող անհամաձայնությունները: Սակայն հետագայում՝ «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունից հետո, նախատեսվում են տարակարգի շնորհման գործընթացի առավել արմատական փոփոխություններ մանկավարժական ներուժի զարգացման նպատակով:

Նշենք նաեւ, որ շահագրգիռ մասնագետներն ու կառույցները իրենց առաջարկները կարող են ներկայացնել մինչեւ փետրվարի 10-ը:

 

 

 

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՉԻ ԹՈՒՅԼԱՏՐԵԼ

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութ քաղաքի հատվածում հայտնաբերվել է 1 զոհվածի աճյուն: Այս մասին փոխանցել է Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը: «Նախնական հնարավոր չի եղել պարզել՝ զոհվածը քաղաքացիական անձ է, թե զինծառայող:  Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու ինքնությունը: Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել է 1355 զոհված զինծառայողի եւ քաղաքացիական անձանց աճյուններ:  Երեկ որոնողական աշխատանքներ էին նախատեսված Վարանդայի (Ֆիզուլի)  եւ Ջրականի  (Ջաբրայիլ) ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը, առանց պատճառաբանության, չի թույլատրել»,- նշել է Թադեւոսյանը՝ հավելելով, որ զուգահեռ շարունակվում են նաեւ  հնարավոր ողջ մնացած զինծառայողների ու քաղաքացիների որոնման աշխատանքները: «Յուրաքանչյուր երեկո Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչները ծնողներին են ներկայացնում իրականացված աշխատանքների արդյունքները, քննարկում ու ծրագրավորում հաջորդ օրվա անելիքը»,-մանրամասնել է նա:

 

 

 

190 ՆՈՐ ԴԵՊՔ

Հայաստանում փետրվարի 3-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, նոր կորոնավիրուսով վարակվելու 190 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 421 դեպքի: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 654 494, վերջին մեկ օրում` 2580 նոր թեստավորում: Փաստացի այս պահին բուժվում է 4855 պացիենտ. մեկ օրում նվազել է 180-ով: Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 158 693 անձ, վերջին մեկ օրում՝ 358 անձ: Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 3096 է: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 777 է:

 

 

 

ՓԱԿ ԿԼԻՆԻ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Ախթալա-Նեղոց հատվածը, ջրագծի տեղադրմամբ պայմանավորված, փետրվարի 4-ին եւ 5-ին՝ ժամը 14:30-ից մինչեւ 18:00-ն, փակ կլինի երթեւեկության համար։ «Աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման եւ բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթեւեկության մասնակիցների ներողամտությունը»,- ասված է ՏԿԵՆ հաղորդագրության մեջ:

 




Լրահոս