Խառնել են իրար, սարքել են հնդկական կինո․ ինչ իրավիճակ է Ներքին Խնձորեսկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ներքին Խնձորեսկում այս պահին ամեն բան նորմալ է։ Հիմա սահմանների ճշտում է գնում։ Այնպես չէ, որ մեր պոստերն իրենց տեղում են դրված, մեկը 10 մետր հետ է գնում, մեկը 10 մետր առաջ է գնում, այսպես ամեն ինչ խառնել են իրար, սարքել են հնդկական կինո։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի ղեկավար Երվանդ Մալունցը։

Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ այս պահին թշնամին գյուղից գտնվում է մի հարյուր մետր հեռավորության վրա, բայց ինչպես նշում է Երվանդ Մալունցը՝ գյուղացու ոգին մարտական է։

«Ներքին խնձորեսկցին տեղում է, իսկ սամանային ճշտումները բնական է, որ պետք է լինեն, եթե ընդունում են, որ GPS-ով պետք է որոշեն սահմանները։ Ինչ եղել է, արդեն եղել է։ Հիմա ոչ մի բան դեռ վերջնական չէ, այս պահին մենք ոչ մի չափումներ չենք անում՝ մեկ մետր է, հազար մետր, թե երկու հազար մետր է։ Սահմանային ճշտումներից հետո, եթե պարզվի, որ առաջ ենք բնականաբար պետք է հետ գնանք, ի վերջո գոյություն ունի պետական սահման»,-նշում է համայնքի ղեկավարը։

Երվանդ Մալունցի խոսքով՝ համայնքում, գյուղացիների շրջանում այս պահին ոչ մի խուճապային տրամադրություն չկա, մարդկանց միակ մտահոգությունը տնտեսական խնդիրներն են։
«Խնդիրը կապված է արոտավայրերի, անասունների հետ։ Ճիշտ է կան կանայք, երեխաներ, բայց այնպես չէ, որ մենք թուրքից վախենում ենք»,-հավելում է մեր զրուցակիցը։

Լիդա Եղիազարյան




Լրահոս