Երեկ անակնկալ կերպով հայտարարություն եղավ, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ չեն լինելու: Բանն այն է, որ թետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որից հետո հայտարարություն եղավ, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, եւ ըստ այդմ` այն չի կայանա:
Նկատենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ 2020 թվականի դեկտեմբերի 25-ին սոցիալական ցանցի իր էջում գրառում էր կատարել՝ ասելով, թե քաղաքական խորհրդակցություններ է սկսում: Նա մասնավորապես գրել էր. «Բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ելնելով վերը նշվածից՝ խորհրդարանական եւ հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում եմ խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով»: Նրանց հայտարարության մեջ ասվում էր.
«Փետրվարի 7-ին Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման արդյունքում արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»։
Այս հայտարարությունից հետո նա արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու իր պատրաստակամության մասին մի քանի անգամ հայտարարել է նաեւ տարբեր հարթակներում, այդ թվում՝ խորհրդարանական ամբիոնից: «Իշխանությունը պատկանում է ժողովրդին ու իշխանության վերաբերյալ որոշումները պետք է կայացնի ժողովուրդը, մենք չենք անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի իշխանության վերաբերյալ որոշումներ կայացնելու հնարավորությունից ու լծակներից և իշխանության հարցը կտեղափոխի փակ սենյակներում քննարկումների տրամաբանություն», – նշել էր նա:
Սակայն այս հայտարարություններից օրեր անց՝ փետրվարի 7-ին իշխող խմբակցությունից այլ հայտարարություն ենք լսում: Այս հայտարարությունը շատերին հիշեցրեց նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պահվածքը: Վերջինս 2014 թվայանի ապրիլի 10-ին հայտարարել էր, թե այլևս երբեք չի առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար:
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար»,- այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- ասել է Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ այդ ամենն ասում է, որպեսզի հանձնաժողովն ազատ գործելու երաշխիք ունենա:
Եվ դրանից տարիներ հետո՝ 2018 թվականին պարզ դարձավ, որ այդ խոստումը չի կատարվում եւ Սերժ Սարգսյանն առաջադրվեց վարչապետի պաշտոնում, ապա ընտրվեց, որն էլ դարձավ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման պայքարի հիմքը, եւ նրանք պահանջում էին Սերժ Սարգսյանի հեռացումը: Հանրապետականներն էլ բացատրում էին, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է:
Ինչ է ստացվում այս ամենը համադրելով. կարծես թե քաղաքականության մեջ ավանդույթ է՝ խոստանալ ինչ-որ բան, սակայն չկատարել կամ կատարել ոչ ամբողջությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում