«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել՝ նշելով Նիկոլ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններն անցկացնելու մտքից հրաժարվելու 3 հիմնական պատճառները:
«Առաջին՝ վարչապետի աթոռին կառչած անձը հասկացել է, որ ընտրությունների միջոցով վերարտադրվելու շանս չունի՝ դա պարզապես անհնար է։
Երկրորդ՝ նույն անձը հասկացել է, որ այդ ճանապարհով գնալու դեպքում լուրջ խնդիրներ է ունենալու սեփական թիմի հետ, քանի որ խորհրդարանում բախտի բերմամբ հայտնված «ուսապարկերի» մեծ մասը զգացել է մանդատն անվերադարձ կորցնելու վտանգը։
Երրորդ՝ մտածում են՝ Շարժումը մարել է, և մի քիչ էլ հասարակությանը կեղծ օրակարգերով շեղելու դեպքում իրենց արածը կմարսվի, կանցնի, կգնա։
Ուստի որոշել են զոռբայությամբ պահել իրենց իշխանությունը՝ փորձելով այն տարբեր մեթոդներով ամրապնդել: Բայց հենց այստեղ էլ չարաչար սխալվում են, քանի որ պոպուլիստ- դավաճանները կարող են սեփական ժողովրդին խաբել մեկ անգամ, երկրորդը՝ չի ստացվելու»,- գրել է Սաղաթելյանը և հավելել, որ այժմ այն քաղաքացիները, որոնք մտածում էին ընտրությունների միջոցով ազատվել այս չարիքի իշխանությունից, արդեն դուրս կգան փողոց:
«Հենց այդ ժամանակ էլ «հպարտ դուխովները» իրենց մաշկի վրա կզգան հասարակական պահանջը։
Առաջիկա հանրահավաքը՝ փետրվարի 20-ին՝ ժամը 15։00-ին, Ազատության հրապարակում:
Հ.Գ. Իմիջիայլոց, ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկը, այդ թվում՝ խորհրդարանական ուժերը, ոչ միայն դեմ չեն եղել արտահերթ ընտրություններին, այլ ընդհակառակը՝ ներկայացրել են դրա պահանջը և անհրաժեշտությունը՝ միաժամանակ նշելով դրան հասնելու շատ հստակ ճանապարհային քարտեզը (հրաժարական, անցումային կառավարության ձևավորում, արտահերթ ընտրությունների անցկացում)»,- գրել է Իշխան Սաղաթելյանը: