ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԻԵԴ-ում զարգացումներն ու Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուն. Սարի թաղի դեպքերից 4 տարի անց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն օրերս պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը Արմեն Մարտիրոսյանին, Հովսեփ Խուրշուդյանին, Դավիթ Սանասարյանին վճարել 700-ական եվրո, իսկ ակտիվիստ Վահագն Ղումաշյանին՝ 800 եվրո։ Նրանք ձերբակալվել, այնուհետև կալանավորվել էին 2016 թվականին՝ Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Եվ դիմելով ՄԻԵԴ` այս 4 անձինք պնդել էին` Հայաստանի կառավարությունը խախտել է նրանց ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը։ Եվ դրանից հետո է Ստրասբուրգի դատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը փոխհատուցել նրանց:

Սակայն նկատենք, որ թավշյա հեղափոխությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար մեղադրվող Հովսեփ Խուրշուդյանի, Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի, Վահագն Ղումաշյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրեց՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:  Իսկ Հայաստանի ներկայիս կառավարությունն ընդունել է, որ 4.5 տարի առաջ խախտել է այն ժամանակ ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Հովսեփ Խուրշուդյանի իրավունքները՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին նրան ապօրինի 27 օր պահելով անազատության մեջ։ Եվ քանի որ Հայաստանի կառավարությունն ընդունել է իր կողմից Եվրոպական կոնվենցիայով ամրագրված ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը, գործը այսքանով համարվում է փակված, և ընդդեմ Հայաստանի վճիռ չի լինի:

Եվ այսքանից հետո  Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի բողոք ներկայացրած Հովսեփ Խուրշուդյանը կդիմի Դատավորների ընդհանուր ժողով՝ առաջարկելով կարգապահական պատասխանատվության ենթարկել 2016-ին իրեն ազատությունից զրկած դատավորներին։ Նկատենք, որ Հովսեփ Խուրշուդյանին կալանավորել էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթևոսյանը, իսկ Վերաքննիչի դատավոր Ալեքսանդր Ազարյանն այդ որոշումը թողել էր ուժի մեջ։ Իսկ ահա Վճռաբեկի դատավոր Լիլիթ Թադևոսյանն էլ, որն այժմ Բարձրագույն դատական խորհրդի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն է, ընդհանրապես բողոքը չէր քննել։ Եվ Հովսեփ Խուրշուդյանն օրերս հարց է բարձրացրել, թե Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Լիլիթ Թադեւոսյանը, ով  իր խոսքով մեղսակից էր Եվրադատարանի կողմից օրերս ապօրինի ճանաչված  կալանավորումների որոշումները ուժի մեջ թողնելու հարցում, արդյոք նման նշանակումների ժամանակ հաշվի առնվում է ընտրվող դատավորների’ նախկինում կայացրած որոշումները, որոնց ապօրինի լինելը առնվազն հաստատել է ՄԻԵԴ-ը:

Իսկ վերջինս էլ Դատավորների ընդհանուր ժողով է դիմելու՝ հաշվի առնելով Դատական օրենսգրքում 2020-ին կատարված փոփոխությունը, որով որպես դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ ավելացվել է միջազգային դատարանի կայացրած ակտը եւ որպես պահանջ նա առաջարկելու է կարգապահական պատասխանատվության ենթարկել 2016-ին իրեն ազատությունից զրկած դատավորներին։

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս