ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի թեկնածուն՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցության քարտուղար. ինչ է կատարվել նիստի ժամանակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն նոր քարտուղար ունի: Մեր տեղեկություններով, նոր քարտուղարն ավագանու անդամ Արմեն Գալջյանն է, որը կփոխարինի ներկայիս քարտուղար Հասմիկ Խաչունցին: Նկատենք՝ Գալջյանը 2017-2018թթ․աշխատել է որպես ՀՀ Ազգային ժողովի «ԵԼՔ» խորհրդարանական խմբակցության ղեկավարի օգնական, այսինքն՝ եղել է պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը՝ խորհրդարանում:

Ավագանու երկու անդամներն էլ մեզ հետ զրույցում հաստատեցին խմբակցության  նոր քարտուղար ունենալու փաստը:  «Աշխատանքիս բերումով այլևս չեմ կարող շատ ժամանակ տրամադրել խմբակցությանը, դրա համար որոշեցի զիջել», – մեզ հետ զրույցում նշեց Հասմիկ Խաչունցը։ Իսկ Արմեն Գալջյանն էլ հայտնեց. «Այո, այդ հարցի վերաբերյալ կա խմբակցության որոշում»:

Սակայն ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արմեն Գալջյանի փոխարեն խմբակցության քարտուղարի համար ի սկզբանե որոշված էր առաջադրել Նուարդ Վարդանյանին, որը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրն է եւ իր գործունեության ընթացքում աչքի էր ընկել ականջ ծամելու մասին աղմկահարույց հայտարարությամբ: Սակայն ավագանու խմբակցության նիստի ժամանակ վերջին պահին Արմեն Գալջյանն ինքնաառաջադրվել է, իսկ ավագանու մեկ այլ անդամ Արմեն Կոտոլյանն էլ ավագանու անդամներին ասել է, թե Գալջյանը հանդիսանում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի թեկնածուն եւ հենց վերջինս պետք է լինի խմբակցության քարտուղարը: Եվ դրանից հետո է խմբակցությունը քվեարկություն  արել եւ ընտրել հենց վերջինիս:

Այս հարցի վերաբերյալ էլ Արմեն Գալջյանը նշեց. «Եղել է քվեարկություն, որի արդյունքներով խմբակցությունը ինձ ընտրել է քարտուղարի պաշտոնում: Քննարկվել է երեք հոգու թեկնածություն։ Այլ մանրամասներ այս պահին չեմ կարող հաղորդել»,-  նշեց նա։

Եվ ահա դրանից հետո, ըստ էության Նուարդ Վարդանյանին չնեղացնելու համար որոշում է կայացվել նրան առաջադրել Երևան քաղաքի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Այս հարցով քվեարկությունն էլ տեղի կունենա վաղը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս