
Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված հայերի հարցով զբաղվում է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Այս մասին Կոպիրկինը խոսել է լրագրողների հետ զրույցում:
Դեսպանը նշել է, որ հայ գերիների վերադարձը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջնահերթությունների շարքում է: «Ես չեմ չափազանցնում, սա այն հարցն է, որով անձամբ զբաղվում է մեր երկրի նախագահը, արտաքին գործերի և պաշտպանության նախարարները: Այս հարցի լուծումը, հնարավոր է, չլինի այնքան շուտ, որքան սպասում ենք, բայց հավատացեք, առավելագույնն է արվում, ես վստահ եմ՝ այն հաստատ լուծվելու է»,- ասել է ՌԴ դեսպանը: