ԴԱՐՁԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՇՓՎԵԼՈՎ ՆՐԱ ՀԵՏ՝ Է ԽԱՉՔԱՎՈՐ»

«Թովմասյան» բարեգործական հիմնադրամի ղեկավար, «Դվին» հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը որոշել է քաղաքականությամբ զբաղվել՝ ելնելով երկրում տիրող իրավիճակից, քանի որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի հայտարարությունը բերել է տագնապալի իրավիճակի։ «Ժողովուրդ» օրաթերթը մի շարք հարցերի շուրջ զրուցել է Արտակ Թովմասյանի հետ:

 

-Պարո՛ն Թովմասյան, Դուք ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ մտերիմ եք, իսկ Գագիկ Ջհանգիրյանը վերջերս հայտարարեց, որ մեր երկրում անարդարությունները սկսվել են «աղվանական դատավարություններից»: Դուք քննադատում եք այսօրվա իշխանություններին: Ինչպե՞ս կմեկնաբանեք Ձեր մտերիմի անվան հետ առնչվող այս գնահատականը:

-Դուք պետք է հասկանաք, որ ես, միշտ չապրելով Երեւանում, այսինքն հիմա ես չեմ իմանում, թե իմ այս ընկերը իր պրոֆեսիոնալ աշխատանքը ինչ ձեւ է անում, դրա գնահատականը կարող է տալ հասարակությունը կամ իր պրոֆեսիոնալ կադրային բազան: Ես չեմ խառնվում իրենց գործերի մեջ, չեմ խառնվում գլխավոր դատախազի կամ ՀՔԾ քննիչի կառավարվող իր գործերին ներքին եւ երբեք չեմ խառնվել: Դրա համար այդ գնահատականները ավելի պրոֆեսիոնալների գնահատականներ են, որոնք որ, բացի խոսքերից, պետք է ունենան հիմքեր, դրա համար ես մեկնաբանություն՝ դրա հետ կապված, չեմ կարող տալ:  Կարող եմ միայն մի բան ասել, որ շփվելով իր հետ, որը ստացվել է, օրինակ, Խաչի քավոր լինել կամ համապատասխան բարեգործական քայլեր անելու շրջանակներում, դա ո՛չ իմը կլինի, ո՛չ երեւի օբյեկտիվ այն շրջանակներում, որը որ ես ճանաչում եմ այդ մարդուն: Այդ շրջանակներում ես կարող եմ ասել՝ բարեկիրթ, խելահաս, գրագետ, ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող մարդ է:

-Դուք գիտեք չէ՞, որ Հայաստանի արտաքին պարտքը հասնում է մոտ 9 մլրդ դոլարի, իսկ Նիկոլ Փաշինյանը 2.5 տարի առաջ հայտարարում էր, որ կոպեկ առ կոպեկ տալու ենք, բայց, չնայած սրան, պարտքը ոչ թե նվազեց, այլ մեծացավ: Դա ինչպե՞ս կանդրադառնա երկրի տնտեսության վրա եւ շարքային սպառողների: Դուք ի՞նչ լուծում կառաջարկեք:

-Երկրի տնտեսության վրա անդրադառնում է շատ բացասական, սպառողների վրա՝ կրկնապատիկ բացասական, որովհետեւ սպառողները սպասում են, որ կառավարությունը պետք է անի կտրուկ քայլեր, եւ իրենք կզգան իրենց վրա միանգամից այդ առավելությունները: Ինչպես մենք տեսնում ենք, դրանք հիմնականում պոպուլիստական հայտարարություններ են, ժամանակին ասում էին՝ կինը սիրում է ականջներով, այսինքն՝ պետք է լավ խոսքեր ասես, որ ինքը շոյված զգա, թե ինչ կանես, կարող է պատահի երկրորդական լինի: Հիմա նույն համեմատությունը կարելի է անել: Ես չեմ պատրաստվում, հասկանալով տնտեսական իրավիճակը, չտիրապետելով բոլոր ստույգ թվերին, ասել կոնկրետ՝ ինչ կանեմ կամ պետք է անեմ դուրս գալու համար: Բայց ծանոթանալով բոլոր թվերին, իհարկե, անելանելի վիճակ չի լինում, ուղղակի այդ վիճակից դուրս գալու համար կան ոչ սովորական ձեւեր, նաեւ դրան պետք է ավելացնել ժամանակահատվածը, որը որ կունենաս ժամանակահատված քայլեր ձեռնարկելու համար՝ տվյալ դժվար իրավիճակից դուրս բերելու երկիրը: Համոզված եմ, որ դրանք կան եւ դրանք կլինեն, ուղղակի պետք է տվյալ ժամանակում՝ հիմա, թե դա երբ կլինի, դա կլինի կես տարի հետո, թե կլինի վաղը, դրանից է կախված լինելու՝ ինչ մոդելով եւ ոնց կարող ես անել: Ես կարող եմ ասել, որ ամեն օր ձգելը, ամեն օր այս իշխանության մնալը իշխանության լծակներում պրոբլեմ է դարձնելու ամիսների եւ տարիների խնդիրների դուրս հանելը: Օր առաջ չլինեն ոչ պրոֆեսիոնալները իրենց տեղում, դա օր առաջ կփրկի մեր երկիրը դժվար իրավիճակներից:

-Պարո՛ն Թովմասյան, արդյոք Ձեր նպատակն է նոր խորհրդարանում մի քանի մանդատ ստանա՞լը: Արդյոք Դուք ուզում եք դառնալ նոր Ծառուկյա՞ն…

-Ամեն մարդ իր կյանքում ունի իր տեղը: Ես չեմ հասկանում, թե Դուք ինչ եք ասում՝ արդյոք ուզում եք դառնալ նոր Ծառուկյան, ես Թովմասյան եմ, Ծառուկյանն ունի իր ճանապարհը, որն անցել է, Ծառուկյանն ունի իր գործերը, որ արել է, Թովմասյանն ունի իրը:  Եթե կոնկրետ լինի, ես չէի դնի համեմատություններ Թովմասյանների եւ Ծառուկյանների մեջ, հաստատ տարբեր են, ընդհանուր կարող են լինել հայրենիքի կամ բարեգործության հանդեպ միտումները ցանկալի, բայց Թովմասյանը Թովմասյանն է կայացած, իսկ Ծառուկյանը Ծառուկյան, որը որ Դուք ինձանից ավելի լավ գիտեք:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

 

ՊԱՐՏՔԸ ԿՄՈՏԵՆԱ 8.9 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻՆ

Բացարձակ թվով կառավարության պարտքը ենթադրվում է, որ կմոտենա 8,5 միլիարդին, իսկ պետական պարտքը կմոտեցնի մոտավորապես 8,9 միլիարդ դոլարին. այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

 

«2021 թվականի բյուջեի մասին օրենքով, որպես դիֆիցիտի ֆինանսավորման աղբյուր, արդեն իսկ նախատեսված է եւ 242 միլիարդ դրամ պետական բյուջեում նախատեսված է որպես դիֆիցիտի ֆինանսավորման աղբյուր միջազգային ֆինանսական շուկայից արտարժույթային պարտատոմս ներգրավվելու ճանապարհով։ Այսինքն՝ սա ոչ թե լրացուցիչ, չհաշվարկած, չնախատեսված պարտքի ներգրավում է, այլ ճիշտ հակառակը՝ օրենքով 2021 թվականի համար դիֆիցիտը ֆինանսավորելու նպատակով նախատեսված աղբյուրի իրականացումն է։ Համոզված եմ, որ ինչ-որ ժամանակի ընթացքում կունենանք այնպիսի իրավիճակ, երբ այսպիսի իրադարձությունը չի գնահատվի որպես շատ ուշադրության արժանի։ Մեր քաղաքականությունը պարտքի կառավարման բնագավառում այնպիսին է, որ հնարավորինս մեծացնում ենք թողարկումների չափերը մեկ անգամ տեղի ունեցող գործարքների համար»,-ասել է նա։

Այն դիտարկմանը, որ տնտեսական խնդիրները շատ ավելի խորն են, Ջանջուղազյանն արձագանքել է. «Կարծում եմ՝ մենք պետք է կարողանանք իրերն ընկալել այնպես, ինչպես իրենք կան։ Այսինքն՝ եթե լավ իրադարձություն է տեղի ունեցել, ուրեմն իրենց հետ այդպես էլ պետք է վերաբերեն, եթե ինչ-որ բան է տեղի ունեցել, որը լավ չի, ապա իրեն պետք է ընկալել հենց այդպես։ Առաջարկում եմ ամեն ինչ չփորձել գորշ ակնոցներով դիտել»։ Իսկ այս հարցին, թե  «Հայաստան» համահայկական հիմնադրամից վերցրած 53 միլիարդ դրամն ինչի վրա է ծախսվել, նախարարն ասել է, որ այդ ծախսերի վերաբերյալ ավելի քան մանրամասն ներկայացվել է. «Ամբողջ գործընթացը ներկայացվել է ոչ միայն բանավոր, այլ նաեւ դա առկա է մեր նախարարության էլեկտրոնային կայքում։ Մենք ունենք շատ լավ կանոնակարգված տարեկան հաշվետվության գործընթաց, որի շրջանակում, կարող եք անհոգ լինել, փուլերով, բոլոր մանրամասներով, որոնք նախկինում մասնակցել են այդ գործընթացին, այն մարմինները, որոնք իրականացրել են ծրագրեր այդ միջոցների հաշվին, կմանրամասնեն՝ ինչ են արել այդ միջոցներով»։

 

 

 

103 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՀԱՏԿԱՑՈՒՄ

Կառավարության չզեկուցվող նախագծերի թվում մի հարց է հաստատվել, որով առաջարկվում է վարչապետի աշխատակազմին հատկացված ֆինանսական միջոցներից 103 մլն դրամը տրամադրել Հայաստանի խորհրդարանական 3 եւ արտախորհրդարանական 2 քաղաքական ուժերին։ Որոշումն ընդունվել է առանց զեկուցման ու քննարկման: Նախագծից պարզ է դառնում, որ իշխող «Իմ քայլը» դաշինքը կստանա առյուծի բաժինը` 78 մլն դրամ, խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները` ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն, կստանան համապատասխանաբար 9 մլն 150 դրամ եւ 7 մլն 56 հազար դրամ, իսկ, ահա, արտախորհրդարանական ընդդիմությունից գումար կստանան միայն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն. առաջինը` 5  մլն 208 հազար դրամ, իսկ ՀՅԴ-ն՝ 4 մլն 303 հազար դրամ:

Նշենք, որ այս հատկացումները նախատեսված են ՀՀ պետական բյուջեով ու իրականացվում են «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով, որով նախատեսվում է պետական աջակցություն ցույց տալ ՀՀ ազգային ժողովի ընտրություններում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին ու կուսակցությունների դաշինքներին։ 2018 թվականի խորհրդարանական ընտրություններում 3 տոկոսի շեմը հաղթահարել էին հենց վերոհիշյալ 5 քաղաքական ուժերը։ Նախորդ տարի եւս այս ուժերին գումարներ էին հատկացրել: Նկատենք, որ յուրաքանչյուր տարի կուսակցություններին հատկացվող գումարների չափը չի փոխվում, եւ նախորդ տարի եւս այս ուժերը նույն գումարն են ստացել:

 

 

 

ՄԻԵԴ-Ը ՍՏԱՑԵԼ Է

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ստացել է համապատասխանաբար «Ադրբեջանը՝ ընդդեմ Հայաստանի» եւ «Հայաստանը՝ ընդդեմ Ադրբեջանի» միջպետական գանգատները։ Հայցվորները պնդում են 2020թ. սեպտեմբերի 27-ին սկիզբ առած ռազմական գործողությունների ընթացքում Մարդու իրավունքների կոնվենցիայի լայնատարած խախտումների, այդ թվում՝ քաղաքացիական անձանց, ինչպես նաեւ քաղաքացիական եւ հանրային գույքի վրա հարձակումների, զինվորականների եւ քաղաքացիական անձանց մահապատիժների, խոշտանգումների եւ նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի, ռազմագերիներին չհանձնելու, մարտական գործողությունների շրջաններից քաղաքացիական բնակչության բռնի տեղահանման մասին։ Բացի այդ, Ադրբեջանը պնդում է նաեւ, թե Հայաստանը պատասխանատու է 1992թ. ի վեր Լեռնային Ղարաբաղում ու շրջապատող տարածքներում Կոնվենցիայի խախտումների, այդ թվում՝ հարյուր հազարավոր ադրբեջանցիների բռնի տեղահանման, ադրբեջանցիների անհետացման եւ նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի, մշակութային եւ կրոնական սեփականության ոչնչացման համար։ ՄԻԵԴ-ը հիշեցնում է, որ երկու պետությունները պատերազմի օրերին դատարանին էին դիմել նաեւ միջանկյալ միջոցներ կիրառելու համար։

 

 

 




Լրահոս