ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ՝ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կարիքների համար 2013-2020թթ.-ին կազմակերպված գնման ընթացակարգերի նկատմամբ իրականացված մշտադիտարկման արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունից ստացված փաստաթղթերը: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջվել եւ ստացվել նաեւ նշված ՊՈԱԿ-ից:

 

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2012-2015 թվականի ընթացքում յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր ամսին ՊՈԱԿ-ի պատասխանատու ստորաբաժանման կողմից նախապատրաստվել եւ ներկայացվել են Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների ձեռքբերման համար գնման հայտերը՝ ծառայությունների ձեռքբերման նախահաշվային գինը յուրաքանչյուր տարվա համար սահմանելով 700 մլն 344 հազար ՀՀ դրամ: Հայտարարված գնումների ընթացակարգերում յուրաքանչյուր տարի հաղթող է ճանաչվել միակ մասնակից «Յ…» ՍՊԸ-ն, որի հետ էլ կնքվել են հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնման պայմանագրեր՝ համապատասխանաբար շուրջ 716մլն ՀՀ դրամ, 700մլն ՀՀ դրամ, 700մլն ՀՀ դրամ եւ 703մլն ՀՀ դրամ արժեքներով:

Համաձայն նշված ծառայությունների ձեռքբերման ժամանակահատվածում գործող ՀՀ կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» որոշման՝ մինչեւ գնումների հրավերների հաստատումը, բացառությամբ շինարարական ծրագրերի, գնահատող հանձնաժողովի անդամները պարտավոր են ուսումնասիրել ՀՀ համապատասխան շուկաները եւ կազմել գրավոր երաշխավորություն՝ տվյալ հրավերի շրջանակում իրականացվելիք գնումների շուկայական գների մասին՝ կցելով մանրամասն բացատրագիր նախահաշվային գնի ու շուկայական գնի՝ համեմատության վերաբերյալ, եւ ուսումնասիրությունը հիմնավորող փաստաթղթերը:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնման գործընթացի շրջանակում ծառայությունների նախահաշվային գինը սահմանելու համար շուկայի ուսումնասիրություն չի կատարվել:

Իսկ նույն՝ Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների նպատակով 2017-2019թթ. նույն ընկերության հետ կնքված պայմանագրերի արժեքը յուրաքանչյուր տարվա համար կազմել է շուրջ 400մլն ՀՀ դրամ, ինչը 300մլն դրամով ավելի պակաս է 2012-2015թթ. կնքված պայմանագրերից:

Այսինքն՝ ՊՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, առերեւույթ խախտելով գնումների գործընթացի կազմակերպման վերաբերյալ իրավանորմերի պահանջները, Հայաստանի հանրակրթական ցանցի սպասարկման ծառայությունների գնումների ընթացակարգերում չեն իրականացրել շուկայի ուսումնասիրություն, ինչի արդյունքում սահմանվել են չհիմնավորված նախահաշվային գներ, որոնց հիման վրա 2012-2015թթ. ընկերության հետ կնքված պայմանագրերի կատարման արդյունքում պետությանը պատճառվել է ընդհանուր շուրջ 1մլրդ 200մլն ՀՀ դրամի վնաս:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել առերեւույթ հանցավոր արաքների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 

 

 

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ԿՎԵՐՍԿՍԵՆ ՊԱՅՔԱՐԸ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ընդդիմադիր քաղաքական լիդերների հանդիպման ժամանակ որոշվել է փետրվարի 20-ից շատ ակտիվ գործողություններ իրականացնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելու համար: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ ընդդիմադիր լիդերները որոշում են կայացրել հենց այդ օրը մեծ հանրահավաք հրավիրել, որից հետո սկսելու են շատ ակտիվ բողոքի ակցիաներ իրականացնել, փակել տարբեր ճանապարհներ ու անհնազանդության ակցիաներ իրականացնել:

 

Ուշագրավն այն է, որ քաղաքական լիդերները ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին հասկացրել են, որ ՀՀԿ-ականները չպետք է այդ հավաքների ժամանակ բեմերից ելույթներ ունենան, քանի որ ՀՀԿ-ի վարկանիշը Հայաստանում շարունակում է շատ ցածր լինել, ինչի համար իրենք չպետք է կոչերով հանդես գան: Ըստ մեր տեղեկությունների՝ որոշված է, որ ՀՀԿ-ն կարող է բողոքի ակցիաներին ներկա գտնվել, մասնակից լինել, բայց ելույթներ չունենալ:

Ըստ մեր տեղեկությունների՝ քննարկվել է նաեւ ընդդիմության առաջադրած վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հարցը, ու, կարելի է ասել, Մանուկյանին հասկացրել են, որ ինքը եւս իր ելույթներով տապալել է իրենց շարժման հիմնական գաղափարը, ինչի համար որոշ ժամանակ ինքը եւս պետք է ելույթներ չունենա:

Հիշեցնենք, որ հանդիպմանը ներկա են եղել նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղթելյանը եւ Գագիկ Ծառուկյանը:

Մեր տեղեկություններով՝ հանդիպման հիմնական թեման կրկին եղել է հնարավոր արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, եւ այդ առումով գլոբալ փոփոխություններ չեն եղել, քանի որ դրանից հետո էլ ուժերն իրենց կարծիքին են մնացել: Բանն այն է, որ, օրինակ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպման ժամանակ ասել է, թե, ամեն դեպքում, միայնակ է գնալու արտահերթ ընտրությունների, Արթուր Վանեցյանը կողմ է մի քանի կուսակցություններով մասնակցելուն, իսկ, ահա, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն էլ առհասարակ դեմ է մասնակցել արտահերթ ընտրություններին, եթե իշխանության լինի Նիկոլ Փաշինյանը:

«Դաշնակցությունն» ու Ռոբերտ Քոչարյանն էլ միասնական պայքարի կողմնակից են: Նկատենք, որ հանդիպման ժամանակ խոսվել է նաեւ այն մասին, որ պետք է առաջիկայում ակտիվացնել փողոցային պայքարը, հանրահավաքները եւ ավելի ակտիվանալ: Միեւնույն ժամանակ շատ մանրամասներ հանդիպման ժամանակ չեն քննարկվել, քանի որ Ռոբերտ Քոչարյանը պետք է մեկներ Մոսկվա, եւ այնտեղ եւս հանդիպումներ պետք է անցկացվեին:

Ս.Գ.

 

 

 

ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ՝ ՄԱՀ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում, դատավոր Զոյա Զաքինյանի նախագահությամբ, ընթանում է Արայիկ Վոլոդյայի Հանիսյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2012թ?ապրիլի 17-ին «Էյ-ի-Ջի-սերվիս» ՍՊԸ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն, նույն օրվանից աշխատանքի է անցել «Էյ-ի-Ջի-սերվիս» ՍՊԸ-ի Նոյեմբերյանի տեղամասի փականագործի  պաշտոնում եւ պարտավոր լինելով իրականացնել  ծխաօդատար  ուղիների քարշի ստուգման, գործով նորմատիվային ակտերի պահանջներին համապատասխան գազասպառիչ համակարգերի անվտանգ շահագործման նկատմամբ հսկողություն՝ վերջին անգամ 2020թ. հունվարի 27-ին այցելել  է Տավուշի մարզի Այրում համայնքի Բարեկամության փողոցի 5-րդ շենքի 21-րդ հասցեի բնակարան, հայտնաբերել է միայն 77 կոդով խախտում, այն է՝ ծխատարի անհամապատասխանություն անվտանգության տեխնիկական նորմերին, եւ նշված խախտման վերաբերյալ կազմել է արձանագրություն, դադարեցվել է բաժանորդի գազամատակարարումը, սակայն սահմանված կարգով գազի ջեռուցման վառարանը փաստացի չի անջատվել սնուցման խողովակից  եւ չի խցափակվել։

Արայիկ Հանիսյանը ամբողջ ծավալով սպասարկում չի իրականացրել, ինչի հետեւանքով 2020թ. մարտի 11-ին նշված հասցեի բնակիչներ Մկրտիչ Բաղդասարյանի եւ Աննա Բաղդասարյանի կողմից գազի վառարանը շահագործելիս ծխահեռացման անցուղիներում ծխագազերի քարշի արհեստական սահմանափակման եւ օդափոխման չիրականացման պայմաններում այրման արգասիքներն ամբողջությամբ  դուրս չեն եկել դեպի մթնլորոտ, ինչն էլ ազգուշությամբ առաջացրել է Մկրտիչ Բաղդասարյանի մահը, իսկ Աննա Բաղդասարյանի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է առողջության թեթեւ վնաս։

Արայիկ  Հանիսյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 279 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով («Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը  կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մառուցելը, որոնք անզգուշությամբ առաջացրել են մարդու մահ»)։ Սույն հոդվածով նախատեսված արարքը պատժվում է 300-500 հազար դրամ տուգանքով կամ առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկմամբ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա։  Արայիկ   Հանիսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս