1-4 ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՉԵՆ ԳՆԱՀԱՏՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ կառավարության նիստում ընդունվեց Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին հարցը: Նախագիծը ներկայացրեց Ժաննա Անդրեասյանը, եւ հարցը կապված էր կրթության չափորոշիչների հետ: Նախագծով հաստատվեց նոր չափորոշիչ, որով պահանջ է ներկայացվում դպրոցներին: «Դպրոցները ստանալու են ընտրության հնարավորություն՝ ուսումնական պլանի հիման վրա գործողություններ անելու համար: Պահպանվել է հստակ քաղաքականությունը, կարեւոր ճկունության բաղադրություն է անհատական ընտրությունը, եւ ավագ դպրոցի ռեֆորմ է իրականացվելու: Կարողանալու ենք անցնել անհատակացման դասացուցակի՝ ըստ աշակերտների հետաքրքրությունների: Քաղաքներում ունենք անհավասար իրավիճակ, եւ դա կարող է վերացնել: Դրան կնպաստի նաեւ մոդուլային ուսուցումը», – նշեց նա:

 

Փոխնախարարը իր խոսքում նշեց, թե տարրական դասարանների համար առաջարկվում է հրաժարվել միավորային համակարգից եւ այլ ձեւով խրախուսել աշակերտներին: Մասնավորապես, 1-4 դասարաններում եւ 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի: 7-12-րդ դասարանում յուրաքանչյուր աշակերտ տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։ Միավորային գնահատումը կիրառվում է սկսած հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից:

Հանրակրթական ծրագրերի հենքային ուսումնական պլանում ուսումնական բնագավառներն են`

Հայոց լեզու եւ գրականություն; Հայրենագիտություն; Օտար լեզուներ; ԲՏՃՄ; Արվեստ եւ արհեստ; Հասարակություն, հասարակական գիտություններ; Ֆիզիկական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն:

Ուսումնական պլանը ներառում է երկու բաղադրիչ՝

  •  պետական բաղադրիչ
  • դպրոցական բաղադրիչ, որից խմբակներին եւ նախագծերին հատկացվող բաղադրիչը՝ սովորողի ընտրությամբ։

Հիմնական հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի ԲՏՃՄ բնագավառում.

բնագիտությունը 5-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում՝ առանձին բնագիտական առարկաներով, 10-12-րդ դասարաններում՝ մեկ ինտեգրված առարկայով եւ առանձին բնագիտական առարկաներով:

Մաթեմատիկան 1-6-րդ դասարաններում ներկայացվում է մեկ ինտեգրված առարկայով, 7-9-րդ դասարաններում եւ 10-12-րդ դասարաններում՝ առանձին մաթեմատիկական առարկաներով, ինչպես նաեւ 2-4-րդ դասարաններում մաթեմատիկական մտածողությունը, քննադատական մտածողությունը, կանխատեսումներ կատարելու ունակությունները շախմատ խաղը ուսուցանելու միջոցով զարգացնող առանձին առարկայով:

Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների կրթությունը 2-6-րդ դասարաններում ներկայացվում է թվային սարքերից եւ ծրագրերից օգտվելու կարողություններ ձեւավորող առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ կիրառական ծրագրերի ուսումնասիրության միջոցով կյանքի պահանջներին եւ ապագա կրթությանը, աշխատանքային գործունեությանը բավարարող համակարգչային անհրաժեշտ հմտություններ զարգացնող առանձին ուսումնական առարկայով:

Տեխնոլոգիական (ճարտարագիտական) կրթությունը 1-6-րդ դասարաններում ներկայացվում է առանձին կամ ինտեգրված ուսումնական առարկայով, 7-12 դասարաններում կարող է ներկայացվել մեկ ինտեգրված առարկայով:

«ԲՏՃՄ» բնագավառի բնագիտական բովանդակությունը, «Ֆիզիկակական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն», «Հայրենագիտություն» եւ «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-4-րդ դասարաններում ներկայացվում են մարդուն եւ նրա շրջակա աշխարհը ուսումնասիրող մեկ ինտեգրված ուսումնական առարկայով:

«Օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-րդ դասարանում ներկայացվում է մեկ օտար լեզվով, որը ռուսերենն է, 3-12-րդ դասարաններում, բացի ռուսերենից, ներկայացվում է առնվազն եւս մեկ օտար լեզվով: Ազգային փոքրամասնությունների դասարաններում «Օտար լեզուներ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 2-12-րդ դասարաններում ներկայացվում է մեկ օտար լեզվով։ 1-12-րդ դասարաններում բնագավառը կարող է ներկայացվել ազգային փոքրամասնության լեզուն եւ գրականությունը ուսումնասիրող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով:

«Հայոց լեզու եւ գրականություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-6-րդ դասարաններում ներկայացվում է հայոց լեզուն եւ գրականությունը ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում հայոց լեզուն եւ գրականությունը ուսումնասիրող առանձին առարկաներով:

«Հայրենագիտություն» եւ «Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառները հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 5-6-րդ դասարաններում ներկայացվում են Հայաստանի եւ հայ ժողովրդի պատմությունը, մշակույթը եւ կրոնը, աշխարհագրությունը, հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող մեկ ինտեգրված առարկայով, 7-12-րդ դասարաններում՝ առանձին առարկաներով:

«Հասարակություն, հասարակական գիտություններ» բնագավառը 7-12-րդ դասարաններում ներկայանում է համաշխարհային պատմությունը եւ հասարակական կյանքի ոլորտները ներկայացնող առանձին առարկաներով:

«Արվեստ եւ արհեստ» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է առանձին եւ ինտեգրված առարկաներով:

«Ֆիզիկակական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն» բնագավառը հանրակրթական ընդհանուր պետական ծրագրի 1-12-րդ դասարաններում ներկայացվում է առանձին առարկաներով:

Հանրակրթական ավագ դպրոցի պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության ուսումնական պլանում ներառվում են պետական ավարտական քննական, սովորողի կողմից ընտրված առարկաները եւ «Ֆիզիկակական կրթություն եւ անվտանգ կենսագործունեություն» բնագավառի ուսումնական առարկաները:

 

 

 

ԳՈՂԱՑԵԼ Է ՀՈՐԱՔՐՈՋ ԲՆԱԿԱՐԱՆԻՑ

ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է Էջմիածնի բնակչի կողմից իր հորաքրոջ բնակարանից կատարված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

 

Պարզվել եւ հիմնավորվել է, որ Էջմիածնի բնակիչ, 1980թ. ծնված տղամարդն իր հորաքրոջ՝ գործով տուժողի բնակարանում բնակվելու ընթացքում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող 650.000 ՀՀ դրամ եւ 700 ԱՄՆ դոլար գումարը: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ տղամարդը, իրավունք չունենալով մուտք գործել նշված բնակարանի այն ննջասենյակ, որտեղ պահվել են հորաքրոջ անձնական իրերը, 2020 թվականի հունվար-փետրվար ամիսների ընթացքում ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու մեկ միասնական դիտավորությամբ, դուռը բացելու եղանակով ապօրինի մուտք է գործել նշված սենյակ եւ հափշտակել խոշոր չափ հանդիսացող վերոհիշյալ գումարը:

Այնուհետեւ հափշտակված գումարների փոխարեն դրանց տեղում դրել է վճարման միջոց չհանդիսացող թվով 7 հատ հուշանվեր 100 ԱՄՆ դոլարանոց թղթադրամ, ինչպես նաեւ իր կողմից համակարգչի միջոցով տպված 4 հատ 10.000 եւ 12 հատ 20.000 ՀՀ դրամանոց կեղծ թղթադրամներ, որոնք հայտնաբերվել են նրա հորաքրոջ կողմից հերթական անգամ բնակարանի իր սենյակ գալու եւ այնտեղից իր կողմից դրված գումարներից վերցնելու ժամանակ:

Ապացույցների հիման վրա՝ Էջմիածնի բնակչին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՕԳՆԵՆ

Երեկ կառավարության նիստում հաստատվեց «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը: Հարցը կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Օրենքի նախագծով սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հետ կապված հարաբերությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության նպատակը, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները եւ ուղղությունները, այս ոլորտում կառավարության եւ լիազորած պետական կառավարման մարմնի լիազորությունները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովմանն առնչվող պահանջները, դրան հասնելու թիրախային ուղղությունները։ Օրենքի նախագծում սահմանված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր եւ տարեկան ծրագրերի վերաբերյալ դրույթներ:

Սահմանվել են դրույթներ՝ հաշմանդամության հիմքով խտրականությունը արգելելու համար: Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի եւ հավասար պայմաններ ապահովելու նպատակով սահմանվել են դրույթներ ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության եւ հաղորդակցման ապահովման վերաբերյալ: Ընդ որում, պահանջ է դրվել այդ իրավունքենրն ապահովել ունիսվեսալ դիզայնի սկզբունքների համաձայն: Նախագծում սահմանվել են նաեւ ունիվերսալ դիզայնի սկզբունքները: Ունիվերսալ դիզայնի սկզբունքներին համաձայն մատչելիությունն ապահովելու անհնարինության դեպքում սահմանվել են դրույթներ՝ խելամիտ հարմարեցումների համար: Մասնավորապես, աշխատավայրում կամ ուսումնական հաստատությունում հաշմանդամություն ունեցող անձի կամ նրա օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա՝ կատարվում է խելամիտ հարմարեցում գործատուի կամ ուսումնական հաստատության ղեկավարի հետ ինտերակտիվ երկխոսության միջոցով։

Նախագծով պետությունը երաշխավորություն է ստանձնում հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար անկախ կյանքի եւ համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմաններ եւ հավասար հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ:

 

 




Լրահոս