Արցախի աշխատանքի, սոցիալական եւ միգրացիայի հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ նախադպրոցական տարիքի երեխաներին տրվող 20.000-ական դրամի չափով աջակցության ծրագրով գումարների տրամադրման ժամկետը երկարաձգվել է մինչեւ ընթացիկ տարվա մարտի 1-ը: «Հորդորում ենք նշված ժամանակաընթացքում երեխայի ծննդյան վկայականով կամ, եթե երեխան ունի անձնագիր, ծննդյան վկայականով ու անձնագրով (հնարավոր անճշտություններից խուսափելու նպատակով) մոտենալ Հայաստանի Հանրապետությունում «Հայփոստ»-ի, իսկ Արցախում՝ «Արցախփոստ»-ի բաժանմունքներ՝ ստանալով հասանելիք գումարը: Մարտի 1-ից հետո ծրագիրն այլեւս չի գործի: Հորդորում ենք չհապաղել հասանելիք գումարը չկորցնելու համար»,-նշված է հաղորդագրության մեջ:
ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿՆ ԱՃԵԼ Է
Մթնոլորտային օդի աղտոտվածության հիմնական աղբյուրը ավտոտրանսպորտն է, որը կազմում է մթնոլորտային արտանետումների 66.5%-ը: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը: Հայաստանում տրանսպորտային արտանետումների քանակը տարեցտարի աճում է:
2015 թվականի համեմատ՝ 2019 թվականին տրանսպորտից արտանետումների քանակն ավելացել է մոտ 20%-ով: Տրանսպորտից մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի 73.0%-ը բաժին է ընկնում ածխածնի օքսիդին (շմոլ գազ), 16.6%-ը` ցնդող օրգանական միացություններին, 10.0%-ը` ազոտի օքսիդներին, եւ 0.4%-ը` այլ նյութերին: Որքան մեծ է ճանապարհային ցանցի խտությունը եւ մեքենաների քանակը, այնքան բարձր է ածխածնի օքսիդի արտանետումների ծավալը: