Հայաստանում եւ աշխարհում կին գրողների դերն ու նշանակությունը բարձրացնելու, կին ստեղծագործողներին եւ նրանց գործերը հանրության լայն շրջանակին ներկայացնելու նպատակով օնլայն հարթակում կանցկացվի «Զապել» կին գրողների միջազգային ֆորումը:
Նախաձեռնությունն իրականացնում են Newmag հրատարակչությունը եւ «ԱՐԻ» գրականության հիմնադրամը. «Ֆորումի նպատակը կին գրողներին ուշադրության կենտրոն բերելն է, հայ կին գրողներին ավելի տեսանելի դարձնելը, արտասահմանցի կին գրողներին Հայաստանի ընթերցողներին ներկայացնելն ու հայ, օտարազգի կին գրողների միջեւ երկխոսություն ստեղծելը»:
Նրա խոսքով՝ նախատեսում են ֆորումը վերածել փառատոնի, որի շրջանակում Հայաստանը կհյուրընկալի կին գրողների ամբողջ աշխարհից:
Անդրադառնալով «Զապել» անվանը՝ Աշխարոնյանն ընդգծեց, որ ֆորումը կրում է պոլսահայ նշանավոր գրող, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրականագետ ու ազգային-հասարակական գործիչ Զապել Եսայանի անունը: «Վերջին տարիներին նրա մասին շատ է խոսվում, վերահրատարակվում են Եսայանի գրքերը: Նա, ապրելով Օսմանյան կայսրությունում, զբաղվել է հասարակական գործունեությամբ, բարձրաձայնել է կանանց իրավունքների մասին, իսկ Հայոց ցեղասպանությունից հետո օգնել է որբերին, փրկել նրանց: Եսայանը գրել է իր տեսածն ու լսածը՝ թողնելով կարեւոր ժառանգություն: Ֆորումը նրա անունով կոչելով՝ ցանկացանք հարգանքի տուրք մատուցել Զապել Եսայանի հիշատակին»,- նշեց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրենը:
«Newmag» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանն էլ ներկայացրեց ֆորումի իրականացման ձեւաչափը: Նա տեղեկացրեց, որ արդեն գործարկել են www.zabel.am երկլեզու՝ հայերեն եւ անգլերեն կայքը, որն ունի բազմաբնույթ էջեր: «Հետաքրքիր է «Միջոցառումներ» էջը, որտեղ կարող եք նախապես տեղեկանալ դասախոսությունների, քննարկումների մասին: Իմանալով օրն ու ժամը՝ «Հոդված» բաժնում կարող եք կարդալ քննարկումների մասին նյութերն ու դիտել տեսանյութերը: «Հեղինակներ» էջում ներկայացված են լինելու բոլոր գրողները, որոնք համագործակցելու են ֆորումի հետ: Կլինեն հայեր, օտարազգիներ, միջազգային ճանաչում ունեցող գրողներ: Ներկայացնելու ենք նրանց կենսագրությունը, ստեղծագործությունները, կհրապարակենք նաեւ անտիպ գործեր: «Լուրեր» բաժնում կներկայացնենք նոր գրողներին, գրական իրադարձություններն ու նորությունները»,- շեշտեց Գոհար Մանուկյանը:
Նա հայտնեց, որ փետրվարը նվիրված կլինի հայ գրողներին:
ՎՆԱՍՎԱԾՔ Է ՍՏԱՑԵԼ
Կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Սերխի Ռոբերտոն ազդրի վնասվածք է ստացել «Գրանադայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում (5:3): Մեկնարկային կազմում դաշտ դուրս եկած 28-ամյա ֆուտբոլիստը 57-րդ րոպեին փոխարինվել է քառագլուխ մկանի ցավերի պատճառով: Վնասվածքի լրջության աստիճանը դեռ հայտնի չէ: Հիշեցնենք, որ Սերխի Ռոբերտոն չէր խաղում նոյեմբերից եւ վնասվածքից հետո խաղադաշտ էր վերադարձել Բիլբաոյի «Աթլետիկի» դեմ նախորդ խաղում:
ԱԿՆԱՐԿԵԼ Է
Ամերիկացի թեթեւ քաշային Դասթին Պորիեն ակնարկել է, որ երրորդ մենամարտն է անցկացնելու երկու քաշային կարգերում UFC նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորի հետ, որին վերջերս հաղթել էր նոկաուտով: «Գիտեք, մենք պատրաստվում ենք անել դա երրորդ անգամ»,- գրել է 32-ամյա ամերիկացին: Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում Դասթին Պորիեն իռլանդացի մարտիկին երկրորդ ռաունդում հաղթել էր նոկաուտով: 32-ամյա Մաքգրեգորը կարիերայում առաջին պարտությունը կրեց նոկաուտով: Մենամարտի համար իռլանդացին ստացել էր 5 միլիոն դոլար, իսկ Պորիեն՝ 1 միլիոն: Մաքգրեգորը եւ Պորիեն հանդիպել էին նաեւ 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով: UFC-ի թեթեւ քաշային կարգի չեմպիոնական գոտին պատկանում է կարիերան ավարտելու մասին հայտարարած ռուսաստանցի Խաբիբ Նուրմագոմեդովին: