ArmLur.am-ը զրուցել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հետ: Փետրվարի 9-ին տեղի է ունենալու Երեւանի ավագանու հերթական նիստ, որի օրակարգում ընդգրկված է 17 հարց, որոնք, սակայն, այնքան էլ հետաքրքիր հարցեր չեն: Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, թե կարեւոր հարցերը քաղաքապետարանը մի կողմ է թողել, չի էլ զբաղվում, եւ կենտրոնացել են այլ՝ անկարեւոր հարցերի վրա:
-Փաստորեն, նոր սկսվող շաբաթվա սկզբին Երեւանի ավագանու նիստ է սպասվում: Օրակարգից մի քանի բան մեզ հայտնի է, բայց ուզում եմ իմանալ, թե Դուք ի՞նչն եք առաջնային համարում: Կա՞ն կուտակված հարցեր, որոնք պետք է ներկայացնեք նիստին:
-Նախ՝ մեր առաջնահերթությունները վաղուց պարզել ենք, որ մեր առաջնահերթություններն ու ժողովրդի առաջնահերթությունները ամենեւին չեն համապատասխանում Երեւանի քաղաքապետի եւ աշխատակազմի առաջնահերթություններին: Երեքշաբթի ավագանու նիստին ներկայացված է երկու նախագիծ, որը, մեր պատկերացմամբ ու համոզմունքով, անէական նախագծեր են: Քանի որ 2 նախագծով՝ մեկով՝ Կենտրոնի վարչական շրջանում, մյուսը՝ քաղաքապետարանի աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ են արվում. բաժիններ են միացվում, որոնք լինելու են անարդյունավետ: Քանի որ այս երկու տեղերում էլ խնդիր կա աշխատակցից ազատվելու, որովհետեւ այդ աշխատակիցներին չեն կարողանում օրենքի սահմաններում հեռացնել աշխատանքից: Այս պահին բերել են կառուցվածքային փոփոխություններ, որոնցով այդ աշխատակիցները ամենայն հավանականությամբ դուրս են մնալու:
Երկրորդը՝ այդ նախագծերով հաստիքացուցակը ավելացվում է շուրջ 10 աշխատակցով, որը եւս աննորմալ է, որովհետեւ քաղաքապետն աշխատակազմն ընդունել է 1998 աշխատակցով, եւ առանց այն էլ ուռճացված հաստիքացուցակը, որը մենք 2,5 տարի լսում ենք, որ պետք է օպտիմալացվի, գնալով ավելի ուռճանում է: Շուտով կհասնի շուրջ 2200-ի, այսինքն՝ սա անընդունելի է: Հանձնաժողովն արդեն տվել է բացասական եզրակացություն: Թե ինչ կլինի ավագանու նիստին, դժվարանում եմ ասել: Խնդիրները շատ են:
-Նպատակը այն նախագծերի, որոնք բերվելու են ավագանու նիստին, ո՞րն է:
-Ըստ էության, շարքային նիստ է լինելու, որում տարբեր նախագծեր են ներկայացված, բայց էական որեւէ նախագիծ չկա, որի մասին կարելի է խոսել:
-Իսկ ո՞րն է այս ամենի նպատակը: Ինչո՞ւ, այսքան խնդիրներով հանդերձ, դիմում են նման քայլերի:
-Նրանց նպատակը աշխատանքի իմիտացիա անելն է, քանի որ կա նիստ, ներկայացվում են նախագծեր, մարդիկ էլ բերել են նախագծեր: Թե ինչ որակի նախագծեր են բերվել, դա իրենք ավելի ճիշտ կմեկնաբանեն:
-Տեղեկություններ են շրջանառվում, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը վարչական շրջանների վրա է կենտրոնանում, ուզում է այնտեղ թիմեր ձեւավորել, ինչի համար աշխատակազմում աշխատողների քանակն է ավելացնում: Սա նույնպես նպատակային համարո՞ւմ եք:
-Այդ պրակտիկան խնամի-ծանոթ-բարեկամ, ընկերներ, դերասաններ, իր նախկին գործունեության շրջանակների անձանց տեղավորելու պրակտիկան մենք արդեն 2,5 տարի շարունակ տեսնում ենք: Ինձ համար զարմանալի չէ այլեւս ո՛չ երկրում կատարվող իրադարձությունները, ո՛չ քաղաքում: Ցավալի է, բայց այս իշխանությունները՝ ինչպես կենտրոնական, այլպես էլ քաղաքային իշխանությունները օր առաջ պետք է հեռանան, քանի որ թե՛ երկիրը, թե՛ քաղաքը գլորում են անդունդը: 2,5 տարի հետո քաղաքապետը որոշել է, որ վարչական շրջաններում փոփոխություններ կատարի: Ի՞նչ է կատարել այսքան ժամանակ:
-Նաեւ բուռք քննարկվում է քաղաքապետ Հայկ Մարությանի՝ դեսպան նշանակվելու հարցը: Ի՞նչ տեղեկություն ունեք: Արդյոք քաղաքապետարանում քննարկումներ եղե՞լ են այս հարցի շուրջ:
-Սա ամենազավեշտալին է: Տեղեկացել եմ մամուլից: Շատ տրամաբանական է, քանի որ Հ. Մարությանը երբեք իր ապագան չի կապել ո՛չ Հայաստանի հետ, ո՛չ առավել եւս Երեւանի հետ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԿԸՆՏՐԵՆ
Փետրվարի 9-ին Ազգային ժողովը կգումարի հերթական նստաշրջանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ օրակարգում լինելու է 13 հարց, որոնցից մի քանիսը քննարկվելու են արդեն երկրորդ ընթերցմամբ: Թերեւս հետաքրքիր քննարկում կարող է ծավալվել Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ: Ինչպես հայտնի է, թեկնածուն մեկն է՝ Լիլիթ Թադեւոսյանը, որը այժմ զբաղեցնում է դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։
Վճռաբեկ դատարանում թափուր տեղի հարցի քննությունը պետք է անցկացվեր դեռ դեկտեմբերի 20-ին, բայց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը թեկնածուների հիմնավորումը նամակով փոխանցել էր Ազգային ժողովի ղեկավարությանը՝ առաջարկելով ընտրությունը հետաձգել։ Այժմ արդեն թեկնածուն հանդիպել է բոլոր խմբակցություններին, նաեւ անկախ պատգամավորներին, եւ հարցի քննարկումն ի վերջո տեղի կունենա: Թադեւոսյանը դեռ թեկնածուի կարգավիճակով նոյեմբերի 30-ին վարչապետ Փաշինյանի մոտ մասնակցել էր խորհդակցության իրավապահ համակարգի մյուս ղեկավարների հետ միասին։
Այդ հանդիմանը Փաշինյանը բարձրացրել էր նաեւ հարցը, թե արդյոք դատաիրավական համակարգը պատշաճ է արձագանքել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի դեմ հարձակման գործին։ Դատավորների ու Բարձրագույն դատական խորհրդի անդամների մասնակցությունն այդ քննարկմանը քննադատել էր Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ կարծիք հայտնելով, որ նման ուղղվածությամբ քննարկումները վտանգում են դատական իշխանության անկախությունն ու հեղինակությունը:
Քննարկվելիք հարցերի մեծամասնությունը ներկայացրել է կառավարությունը, սակայն նախագիծ ունի նաեւ ընդդիմադիր ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն, ըստ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի, առաջարկում է պետական դավաճանության համար սահմանել ամենախիստ պատիժը՝ ցմահ ազատազրկում, իսկ լրտեսության համար՝ 12-20 տարի ազատազրկում։
ԲՀԿ-ականներն ակնկալում են, որ նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի անվտանգությունը եւ ինքնիշխանությունը վտանգի ենթարկող մի շարք հանցագործությունների դեպքում կնախատեսվեն առավել խիստ եւ համաչափ պատիժներ՝ ստեղծելով անհրաժեշտ նախադրյալներ նման ծանրագույն վնաս հասնցնող դեպքերը կանխելու եւ զգոնությունը բարձրացնելու համար։ Նշենք, որ գործող օրենքները պետական դավաճանության համար սահմանում են 10-ից 15 տարի ազատազրկում՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, իսկ լրտեսության համար՝ 8-ից 15 տարվա ազատազրկում։
Ն. Հ.
ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Հայաստանում նախորդ տարի սկսած թանկացումները այս տարի շարունակվել են: Թանկացել է հացը, ձեթը, մսամթերքը եւ առաջին անհրաժեշտության այլ սննդատեսակներ: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվարին, նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ, սննդամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը թանկացել են 4.5 տոկոսով: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս թանկացմանը նպաստել են բանջարեղենի եւ մրգի թանկացումները: Միայն բանջարեղենը մեկ ամսում թանկացել է 23 տոկսով: Օրինակ՝ լոլիկի մեկ կիլոգրամն այսօր գերազանցում է 1100 դրամը: Անցնենք յուղերի եւ ճարպերի շուկային. պարզվում է՝ արեւածաղիկի ձեթը հունվարին թանկացել է 6.7 տոկոսով, իսկ, ահա, մեկ տարվա ընթացքում ձեթը թանկացել է 44.3 տոկոսով: Հացն է թանկացել 1 տոկոսով:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հացաբուլկեղենն ու ձավարեղենը մեկ տարվա ընթացքում թանկացել են 8.4 տոկոսով: Գնաճ արձանագրվել է նաեւ կաթնամթերքի, պանրի եւ հավկիթի շուկաներում. առաջին անհրաժեշտության այս սննդատեսակների գները բարձրացել են 0.9 տոկոսով: Միայն ձվի գինը մեկ ամսվա ընթացքում բարձրացել է 2.7 տոկոսով: Մսամթերքը եւս թանկացել է. Armlur.am-ը տեղեկացավ, որ մսամթերքի գինը բարձրացել է 0.2 տոկոսով: Մասնագետների պնդմամբ՝ այս տարի մսամթերքի գինը բարձրանալու է, քանի որ հանրապետությունում արոտավայրերի կորստի պատճառով անասնակերի ապահովման խնդիր է լինելու:
ԳԵՐԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նախօրին Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձեւ. այս մասին հայտնել է Չեխիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։ Ըստ հաղորդագրության՝ բանաձեւում, ողջունելով հրադադարի հաստատումը, միաժամանակ ափսոսանք է հայտնվում Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ եւ կոչ արվում վերջինիս վերադարձնել մնացյալ գերիներին։ Միաժամանակ կոմիտեն կոչ է անում հակամարտության քաղաքական կարգավորման՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձեւաչափում։ Մինչեւ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձել շուրջ վեց տասնյակ գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, այդ թվում՝ 2014-ին Արցախում անչափահասի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված Դիլհամ Ասկերովին ու Շահբազ Գուլիեւին։