«Լույս» հիմնադրամը նոր հետազոտություն է հրապարակել «Ադրբեջանից դեպի Նախիջեւան միջանցքները եւ դրանց ռիսկերը Հայաստանի համար» թեմայով: Հետազոտության մեջ նշվում է, որ անվտանգային տեսանկյունից նոյեմբերի 10-ի հայտարարության 9-րդ կետը Հայաստանի համար ավելի շատ նոր սպառնալիքներ է առաջ բերում, քան հնարավորություններ ստեղծում։ Հայտարարության տեքստում, ըստ էության, միայն հայկական կողմն է հստակ պարտավորվել անվտանգային երաշխիքներ տրամադրել Ադրբեջան-Նախիջեւան տրանսպորտային կապերի համար, մինչդեռ մյուս հաղորդակցությունների մասով անվտանգային երաշխիքները բացակայում են։ Այս հանգամանքը հետագայում կարող է նոր հակամարտության հիմքեր ստեղծել՝ անմիջական սպառնալիքի տակ դնելով Հայաստանի Հանրապետության ինքնիշխանութունն ու տարածքային ամբողջականությունը։ «Արցախյան վերջին պատերազմի արդյունքում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության 9-րդ կետը ամբողջությամբ նվիրված է տարածաշրջանում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման խնդրին.
«9. Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը եւ Ադրբեջանի արեւմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»։ Հայտարարության տեքստում տրանսպորտային հաղորդակցության մյուս ուղիների անվտանգության մասով նման երաշխիքները բացակայում են։ Այս հանգամանքը մի շարք մտահոգությունների առիթ է տալիս. մասնավորապես՝ ստացվում է, որ տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, առանց անվտանգային երաշխիքների, կարող է բխել բացառապես ադրբեջանական կողմի շահերից, քանի որ բացի Ադրբեջան-Նախիջեւան հատվածից, մնացած ուղիների դե ֆակտո ապաշրջափակումը կարող է խոչընդոտվել՝ կապված դրանց վտանգավորության հետ»։
Ներկայումս շրջանառվում է այն տեսակետը, թե տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը հավասարապես ձեռնտու է Ադրբեջանին, Հայաստանին եւ Ռուսաստանին։ Այսպես, նշվում է, որ Հայաստանը կստանա երկաթուղային ճանապարհ դեպի Ռուսաստան եւ Իրան, Ռուսաստանը՝ դեպի Հայաստան եւ Թուրքիա, Ադրբեջանը՝ դեպի Թուրքիա եւ Նախիջեւան։ Դեռեւս 2014 թվականին տարածաշրջանային հակամարտությունների ուսումնասիրությամբ զբաղվող բրիտանական «Միջազգային ահազանգ» (International alert) կենտրոնը մի վերլուծություն էր հրապարակել, որտեղ փորձագետներն անդրադառնում էին Հարավային Կովկասում տրանսպորտային ենթակառուցվածքների, մասնավորապես՝ երկաթուղիների ապաշրջափակման եւ վերականգնման խնդիրներին։ Համաձայն փորձագիտական գնահատականների՝ ներկայումս տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը ինքնին չի կարող անմիջապես հանգեցնել Հայաստանից դեպի Նախիջեւան, այնուհետեւ Իրան եւ Ռուսաստան երկաթուղային կապի վերականգնմանը, քանի որ այդ երկաթուղին մի շարք հատվածներում լուրջ վերանորոգման կարիք ունի, իսկ որոշ տեղերում առհասարակ բացակայում է եւ պետք է զրոյից կառուցվի։
Այսինքն՝ բոլոր այն պնդումները, թե տարածաշրջանային ապաշրջափակումը անմիջապես կհանգեցնի տնտեսական կապերի արագ ակտիվացմանն ու հետպատերազմյան տնտեսական խնդիրների հաղթահարմանը, իրականությանը չեն համապատասխանում։ Միայն Գյումրի-Նախիջեւան-Մեղրի-Բաքու երկաթգծի վերականգնման համար, ըստ վերոհիշյալ վերլուծության հեղինակների, կպահանջվի շուրջ 400 մլն դոլարի ներդրում։ Ընդ որում, երկաթգծի հայկական հատվածի համար կպահանջվի ավելի քան 100 մլն դոլարի ներդրում, ադրբեջանական հատվածի համար՝ շուրջ 280 մլն դոլարի ներդրում։ Նման ներդրումները արդարացված կլինեն, եթե միայն այդ երկաթգծերի միջոցով բեռնափոխադրումների ծավալը կազմի տարեկան մոտ 10 մլն տոննա։ Նույնիսկ այդ պարագայում երկաթգիծը եկամտաբեր կդառնա շահագործումից միայն 12 տարի անց։ Ընդ որում, ուշագրավ է, որ նույն վերլուծության մեջ նշվում է, որ հաշվի առնելով բեռնափոխադրումների իրական ծավալը եւ դրա վերաբերյալ պահպանողական կանխատեսումները՝ երկաթգիծը անմիջապես շահագործելու դեպքում բեռնափոխադրումների իրական ծավալը կկազմի տարեկան շուրջ 1-1,5 մլն տոննա, որի պարագայում 400 մլն դոլարի ներդրումները հետգնման տեսանկյունից արդարացված չեն լինի:
Ն. Հ.
ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
«Բոլոր հարցերի համար դիմեք Ալթունյանին, իսկ այդ բոլոր հարցերին ես կպատասխանեմ»,- ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը պատասխանել է այն հարցին, թե ինչպես է ինքը վերաբերվում այն հայտարարություններին, թե մենք 30 տարի բանակ չենք ունեցել (նման հայտարարություն արել է իմքայլական Անուշ Բեղլոյանը): Նախարարը պատասխան չի տվել. Վերջինս չի պատասխանել նաեւ այն հարցին՝ նորմալ է համարում արդյոք, որ Շուշիին Շուշա են անվանում (սրա հեղինակը եւս Անուշ Բեղլոյանն է): Նախարարը չի պատասխանել նաեւ գերիների մասին հարցին, ինչպես նաեւ Արցախի ՊԲ-ն լուծարելու մասին խոսակցություններին:
ԿՄԱՍՆԱԿՑԻ
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ մասնակցելու է արտահերթ ընտրություններին: «Յուրաքանչյուր անհատի սահմանադրական իրավունքն է եւ որոշ տեղերում նաեւ պարտականությունն է այս նեղ, անելանելի իրավիճակում մասնակցել ընտրություններին: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, կմասնակցեմ, բայց ինչ ձեւաչափով, որ ուժի հետ, դա ես ինքս կորոշեմ»,-ասել է Սեյրան Օհանյանը։
ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Դավիթ Սեխլեյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ, Արա Եղոյանն ու Արեն Եղիազարյանը նշանակվել են Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի պաշտոնում: «Հիդրոօերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Ազիզյանը, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, 2021թ. փետրվարի 4-ին նշանակվել է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արցախի պաշտպանության բանակում առաջիկայում փոփոխություններ կլինեն, սակայն Պաշտպանության բանակը ոչ թե կազմալուծվելու է, այլ վերակազմավորվելու: Բավական ժամանակ է՝ խոսակցություններ էին տարածվում ՀՀ իշխանությունների որոշմամբ կամ համաձայնությամբ Պաշտպանության բանակը լուծարելու, ՌԴ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության գործունեությունը դադարեցնելու եւ այլ հարցերի մասին: Իսկ ի՞նչ է կատարվելու իրականում: Ինչպես նշեց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, խոսք է գնում պրոֆեսիոնալ բանակի անցնելու մասին, եւ կարող է կրճատվել ժամկետային զինծառայողների զինծառայության ժամանակը:
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը, մասնավորապես, նշել էր. «Որոշ լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում լուրեր են տարածվում, թե Արցախի պաշտպանության բանակը կազմալուծվելու է, եւ, ըստ այդ լուրերի տրամաբանության, Արցախի սահմանների պաշտպանության կազմակերպում չի լինելու: Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ Արցախի պետական մարմինները ներկայումս զբաղվում են պայմանագրային հիմունքներով պրոֆեսիոնալ զինվորական ստորաբաժանումներ կազմակերպելու հարցով հենց մեր սահմանների պաշտպանության նպատակով»: Սակայն նրանք չեն մանրամասնում, թե ինչ պրոֆեսիոնալ ստորաբաժանումների մասին է խոսքը: Միեւնույն ժամանակ, զուգահեռաբար բանակի վերակազմավորման գործընթացներ ընթանում են նաեւ ՀՀ ՊՆ-ում, սակայն այդ գործընթացից եւս մանրամասներ հայտնի չեն:
ԱԽ քարտուղարը որեւէ հիմքից զուրկ էր համարել նաեւ հասարակության որոշ շրջանակներում առկա մտավախությունը, թե, օրինակ, Ստեփանակերտի Կրկժան, Աջափնյակ թաղամասերը կամ Ասկերանի Իվանյան գյուղը առաջիկայում կբնակեցվի ադրբեջանական ընտանիքներով:
ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում 20-ամյա աղջկա առեւանգման դեպքի առթիվ քննվող քրեական գործով պարզվել է, որ Գորիս քաղաքի բնակիչ, 1998թ. ծնված երիտասարդը երկու անգամ՝ 2020թ. դեկտեմբերի 18-ին եւ 2021թ. հունվարի 18-ին, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, բռնություն գործադրելով, բացահայտ առեւանգել է նույն քաղաքի բնակչուհի, 2000թ. ծնված աղջկան: 22-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: