ԱՊՕՐԻՆԻ ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության հիմնական առաջնահերթություններից է ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը: ՀՀ գլխավոր դատախազությունն այս մասին հաղորդագրություն է տարածել. «Այդ շրջանակներում դատախազության կողմից ակտիվ նախաձեռնություններ են ցուցաբերվել ոլորտը կարգավորող օրենսդրության կատարելագործման, ապօրինի անտառահատումների, ապօրինի ձեռք բերված փայտանյութն անտառային գոտիներից դուրսբերման եւ իրացման կանխարգելման, բացահայտման, վերահսկողության կառուցակարգերի ուժեղացման ուղղություններով:

 

Նպատակ հետապնդելով ավելի բարձրացնելու ապօրինի անտառահատումների դեպքերի կապակցությամբ իրականացվող քննությունների արդյունավետությունը՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել է 2018-2019թթ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված  հանցագործության հատկանիշներով քննված քրեական գործերով դատախազական հսկողության եւ մեղադրանքի պաշտպանության վիճակը: Արդյունքում վեր են հանվել նշված հանցակազմի կիրառմանը, ապացուցմանը վերաբերող  մի շարք խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է իրավասու պետական մարմինների ներգրավմամբ համապատասխան իրավական ակտերի փոփոխության, անտառապահպանության գործընթացի կազմակերպման առանձին բաղադրիչների վերանայման անհրաժեշտություն։

Մասնավորապես, ծառահատման փաստի բացահայտման դեպքում անտառի տվյալ հատվածի համար պատասխանատու անձանց կողմից, որպես կանոն, ներկայացվում են փաստարկներ, որ իրենց վստահված անտառային տեղամասերը մեծ են, եւ հնարավոր չէ լամբողջական հսկողություն իրականացնել: Մի շարք դեպքերում նշված հանգամանքների օբյեկտիվությունը հաշվի առնելով հանդերձ՝ տեղամասերի պահպանության համար պատասխանատու անձինք երբեմն այդ փաստարկն օգտագործում են իրենց հանցավոր անփութությունը կամ հնարավոր կատարած չարաշահումն արդարացնելու համար: Նշված խնդիրը կարող է կարգավորել անտառապահների եւ անտառապետերի հաստիքների ավելացումը, անտառտնտեսությունները համապատասխան տեխնիկական սարքերով  վերազինելը։

Բացի այդ, շատ դեպքերում տեղամասի պահպանության համար պատասխանատու անձինք ցուցմունք են տալիս առ այն, որ շրջագայության ընթացքում հատված ծառեր չեն եղել։ Նման դեպքերում օբյեկտիվորեն դժվարություն է առաջացնում վերջիններիս ցուցմունքների արժանահավատությունը ստուգելը, քանի որ անտառապահների եւ անտառապետերի կողմից շրջագայություններ իրականացնելու փաստը չի արձանագրվում համապատասխան մատյաններում, նման պահանջը բացակայում է նաեւ ոլորտը կարգավորող իրավական ակտերում։ Ակնհայտ է կատարվող շրջայցերն ըստ օրվա, ժամի, տեւողության, ուղղության, համապատասխան մատյանում գրանցելու անհրաժեշտությունը:

Անտառախախտման համար պատասխանատու պաշտոնատար անձին պարզելու տեսանկյունից խնդիր է նաեւ պահաբաժիններում կամ անտառապետություններում անտառապահների եւ անտառապետերի պարբերաբար փոփոխությունը կամ մի պահաբաժնից մյուսը տեղափոխվելը: Նման դեպքերում հնարավոր չէ բացառել նաեւ քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով նման փոխատեղումների շուրջ մասնաճյուղի տնօրենի, անտառապետերի եւ անտառապահների միջեւ ներքին պայմանավորվածությունների ձեռքբերումը։ Դրա հնարավորությունները կարող են նվազել կադրային նշանակումների, փոխադրումների նկատմամբ վերահսկողության ուժեղացման արդյունքում։

Խնդիր է նաեւ անտառի պահպանության համար պատասխանատու անձանց աշխատաժամանակի սահմանափակվածությունը շաբաթական 40 ժամով, այսինքն՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա համար յուրաքանչյուր օր 8 ժամ՝ 09։00-ից մինչ 18։00-ն։ Շատ դեպքերում անտառապահները եւ անտառապետերը հայտնում են, որ աշխատանքային ժամերի ընթացքում պատշաճ կատարել են իրենց աշխատանքային պարտականությունները, իսկ հակառակն ապացուցելը դառնում է գրեթե անհնար։

Արձանագրվել են դեպքեր, երբ անտառապահները, տվյալ պահին ծառի ենթադրյալ ապօրինի հատման փաստը հայտնաբերելիս անտառախախտման վերաբերյալ արձանագրությունների կազմման սահմանված ձեւաթղթեր չունենալու պատճառով անտառախախտման արձանագրությունը լրացրել են սովորական թղթի վրա: Այնուհետեւ՝ մի քանի օր անց, այն վերարտադրել եւ վերակազմել են արդեն սահմանված ձեւաթղթով, սակայն անտառախախտում թույլ տված անձը հրաժարվել է դրանք ստորագրել։ Անտառախախտման փաստի արձանագրման՝ օրենքով սահմանված կարգի նման խախտումը կարող է հանգեցնել հանցանք կամ վարչական իրավախախտում կատարած անձի անհիմն կերպով պատասխանատվությունից ազատման։

Հիշեցնենք, որ դեռեւս 2019թ. ՀՀ դատախազության կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա քրեական եւ բնապահպանության ոլորտները կարգավորող օրենսդրության մեջ կատարվել են ապօրինի անտառահատումների համար պատժի խստացմանը, բնության վերականգնման տրամաբանությունից բխող, վնասի հաշվարկման նոր մեթոդաբանության ներդրմանը միտված փոփոխություններ»:

 

 

 

ԴԻՄԱԴՐԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԻՆ

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Էջմիածին քաղաքի 38-ամյա բնակչի կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:

 

2020թ. օգոստոսի 31-ին Էջմիածնի քաղաքապետարանի հարակից տարածքում իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցները, նկատելով, որ էջմիածին քաղաքի 38-ամյա բնակիչը, չենթարկվելով ՀՀ պարետի որոշման պահանջներին, չի կրում պաշտպանիչ դիմակ, մոտեցել են նրան եւ խնդրել անձը հաստատող փաստաթղթերը, սակայն վերջինս պատասխանել է, որ անձը հաստատող փաստաթղթեր չունի եւ չի պատրաստվում ներկայացնել որեւէ տվյալ:

Ոստիկանը 38-ամյա տղամարդուն հայտնել է, որ պետք է ներկայանա ոստիկանության բաժին, որտեղ նրա անձը ճշտելուց եւ վարչական իրավախախտման արձանագրությունը կազմելուց հետո կարող է գնալ: Սակայն վերջինս չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջներին եւ փորձել է հեռանալ, որից հետո ոստիկանության աշխատակիցները փորձել են բերման ենթարկել նրան, սակայն 38-ամյա տղամարդը սկսել է ակտիվ դիմադրել, որի ընթացքում ուղղակի դիտավորությամբ  ոստիկանության աշխատակիցների առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել եւ ձեռքով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Էջմիածին քաղաքի 38-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով:  Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 

 

 

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄԸ

Տավուշի մարզի տարբեր  բնակավայրերում  հաստատվել են 2020թ. աշնանը Արցախում տեղի ունեցած պատերազմի հետեւանքով իրենց բնակավայրը լքած ընտանիքներ։ Նոյեմբերյանի համայնքապետարանից հայտնեցին, որ Նոյեմբերյան խոշոր համայնքում հաստատվել է Արցախից վերաբնակեցված  6 ընտանիք, որոնք  ժամանակավորապես բնակվում են իրենց ծանոթների, բարեկամների տներում։ Հավաստի տեղեկություններով՝ Տավուշի մարզի Նոյեմբերյանի  տարածաշրջանի 19 բնակավայրերում  ապաստան է գտել  արցախցի  27 ընտանիք՝ 103 մարդ։

Ամերիկյան «Փարոս» բարեգործական կազմակերպությունը, որի 5-հոգանոց թիմի ղեկավարն է ամերիկահայ Պետեր Աբաջյանը,  իրականացնում է  Բերդ խոշոր  համայնքի մաս կազմող  սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր  գյուղում արցախցիների վերաբնակեցման ծրագիր։

Կազմակերպությունը Ներքին Կարմիրաղբյուրում արցախցիների վերաբանկեցման ծրագիրն իրականացնելու համար համագործակցում է Բերդի համայնքապետարանի, Բերդ  խոշոր համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի եւ Ներքին Կարմիրաղբյուրի վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանի հետ։  «Փարոս» կազմակերպությունը, որի ֆինանսական միջոցները գոյանում են ամերիկահայերի շրջանում կատարվող ֆինանսական  հանգանակություններից,  Հայաստանի տարբեր վայրերում ժամանակավոր ապաստան գտած արցախցի 75 ընտանիքների հետ աշխատանքներ է իրականացնում, որպեսզի նրանք բնակվեն Ներքին Կարմիրաղբյուրում։

«Փարոս» կազմակերպությունից հայտնեցին, որ իրենք արցախցիներին  սկզբնական շրջանում էքսկուրսիա են տանում սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր, որպեսզի արցախցի վերաբնակները  ծանոթանան  գյուղին, իրենց համաձայնությունը տան այնտեղ բնակվելու համար։  Ոչ  բոլոր ընտանիքները են համաձայնում բնակվել Ադրբեջանին սահմանակից Ներքին Կարմիրաղբյուրում։ Փարոս կազմակերպությունը  Ներքին Կարմիրաղբյուրում գնել է  6 առանձնատուն, որոնցից 2-ն արդեն  վերանորոգում են, որպեսզի Արցախից փախստականները վերաբնակվեն։

Ներքին Կարմիրաղբյուրում  կան ընտանիքներ, որոնք 2 տուն ունեն, կան մարդիկ, ովքեր Ներքին Կարմիրաղբյուրից նախկինում հեռացել են եւ վաճառում են իրենց առանձնատները։ Դրանց շուկայական  գները  բարձր չեն՝ 3-9 հազար դոլարին համարժեք դրամ։  Յուրաքանչյուր առանձնատանը կից կա 1500-3000 քառակուսի մետր մակերեսով տնամերձ հողամաս, Արցախից վերաբնակվածները հնարավորություն կունենան Ներքին Կարմիրաղբյուրում  զբաղվել  հողագործությամբ եւ անասնապահությամբ։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս