Հայաստանում բարձրացել են ոչ միայն սննդամթերքի գները, այլեւ ոչ պարենային ապրանքներինը: Ընդ որում, ՀՀ վիճակագրական կոմիտեն ոչ պարենային ապրանքների շուկայում այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ արձանագրել է 1.7 տոկոս գնաճ: Մեկ ամսվա ընթացքում 0.2 տոկոսով բարձրացել են բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի գները: Սպասքի, ապակե ամանեղենի ոլորտում է գնաճ գրանցվել՝ 0.6 տոկոսով:
Թանկացել են նաեւ հատակի գորգերը: Բացի այս, ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեկ ամսվա ընթացքում կոշիկի շուկայում գրանցվել է 0.6 տոկոս գնաճ, իսկ հագուստը թանկացել է 0.7 տոկոսով: Հագուստի եւ կոշիկի գները դեռ կբարձրանան, համենայնդեպս, այդպես են պնդում առեւտրականները: Նրանց խոսքով, թանկացմանը նպաստելու են հագուստի մաքսազերծման մեթոդները, որոնք անցյալ տարվա սեպտեմբերի 1-ից են փոխվել։ Այսինքն արդեն մի քանի ամիս է, ինչ կիլոգրամով մաքսազերծում չի արվում: Նշենք, որ հաշիվ ապրանքագրում պետք է նշված լինի ապրանքի ստույգ քանակը, գինը, անվանումն ու մոդելը։ Սա լրացուցիչ ֆինանսական բեռ է առեւտրականների համար առաջացրել եւ ծախսերը ծածկելու նպատակով նրանք ստիպված բարձրացնում են իրենց ապրանքների գները:
Բացի այս, կհիշեք՝ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ից արգելվում է Թուրքիայից Հայաստան ապրանքների ներկրումը, այդ թվում հագուստ եւ կոշիկ: Այս բացը շուկայում լրացնելու նպատակով առեւտրականները հագուստ, կոշիկ սկսել են ներմուծել Չինաստանից: Նրանց խոսքերով, Չինաստանից ֆինանսապես ավելի թանկ է ապրանք ներկրել, քան Թուրքիայից:
Ի դեպ, տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության՝ Թուրքիայից ապրանքների ներմուծումն արգելող որոշումն իր ազդեցությունն է թողել նաեւ մաքրող, լվացող միջոցների շուկայի վրա:
Հայտնի է, որ մաքրող, լվացող միջոցների մեծ մասը ներկրվում էր Թուրքիայից: Այստեղ վիճակագրական կոմիտեն գրանցել է 2.6 տոկոս գնաճ: Մյուս կողմից նկատենք, որ բարձրացել են նաեւ ոսկերչական զարդերի գները՝ 2.9 տոկոսով: Իսկ դեղագործական ապրանքները թանկացել են 4.6 տոկոսով:
Սյունէ Համբարձումյան